Թեժ օրերը ստվերում են մի շարք կարևոր թեմաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ողջ Հայաստանն այսօր ապրում է էլէներգիայի սակագնի խնդրով: Միակ հարցը, որը բոլորին հուզում է այսօր, այն է՝ արդյոք ՀՀ իշխանությունները կզիջեն եւ կհրաժարվեն էլէներգիայի սակագինը բարձրացնելու մտքից: Մինչեւ Հայաստանի լրատվական դաշտի «հոսանքահարումը», առնվազն երկու խնդիր կար, որոնք նույնպես կարեւոր էին, եւ մինչ այս, այդ թեմաները հայաստանյան լրահոսի հիմնական թեմաներն էին:

Մասնավորապես, այս տարվա մայիսին գազալցակայաններում տեղի ունեցավ 5 պայթյուն, որոնց արդյունքում երեք մարդ զոհվեց: Ակնհայտ դարձավ, որ այս ոլորտում լուրջ խնդիրներ կան, քանի որ ավտոմեքենաների վրա տեղադրված եւ շահագործվող գազի բալոնների տեխնիկական վիճակի վերահսկման գործող կանոնները հիմնականում ձեւական բնույթ են կրում: Գազի բալոնները շահագործման սահմանափակ ռեսուրս ունեն եւ վարորդների կողմից անուշադրության մատնվելու դեպքում դրանք վառոդի տակառի պես մի բան են դառնում:

Լրագրողները ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանդիպելիս այնքան էին գազալցակայանների մասին հարցրել, որ մի պահ թվում էր, թե նա ճարը կտրած վեր է կենալու եւ գնա, անձամբ ստուգի բոլոր գազի բալոնները եւ գազալցակայանները: Բայց, ի ուրախություն Արմեն Երիցյանի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն այնքան համը հանեց, որ գազի բալոնների եւ պայթյունների մասին բոլորը մոռացան եւ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացրին «հոսանքահարումների» վրա: Մի խոսքով, Արմեն Երիցյանը կարող է սրտանց շնորհակալություն հայտնել Բիբինին: Ի դեպ, բարեբախտաբար արդեն 25 օր է՝ գազալցակայաններում այլեւս պայթյուն չի հնչել: Ենթադրվում է, որ գազալցակայաններում կիրառվող նոր մոտեցումը` լիցքավորելուց առաջ գազի բալոնների փաստաթղթերը ստուգելը, հստակ իր արդյունքները տալիս է: Ի վերջո, վարորդները եւս, երբ տեղեկանում են, որ իրենց գազի բալոնը վտանգավոր է եւ լիցքավորման ենթակա չէ, ինքնակամ դիմում են համապատասխան մասնագետի:
Հաջորդ կարեւոր խնդիրը, որը վերջին շրջանում հայաստանյան լրահոսի հիմնական թեման էր, սահմանադրական փոփոխությունների հարցն է: Սահմանադրական փոփոխությունները պատրաստող մասնագիտական հանձնաժողովը հենց այս օրերին վերջնական տեսքի է բերում բուն փոփոխությունների տեքստը: Ինչպես գիտենք՝ մոտ 10 օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ԲՀԿ,ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել էին Սերժ Սարգսյանի հետ ու սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ-որ հարցեր էին քննարկել: Այնպես ստացվեց, որ այս հանդիպման մասին լուրերի տարածվելուց անմիջապես հետո սկսվեց «հոսանքահարման» գործընթացը, եւ այդպես էլ չպարզվեց, թե ոչ իշխանական խմբակցություններն ու Սերժ Սարգսյանն ինչ համաձայնության են հանգել:

Այսինքն՝ այն ժամանակ, երբ Հայաստանի հանրությունը զբաղված է իր համար կենսական խնդիր լուծելով` էլէներգիայի սակագնի բարձրացումը թույլ չտալու համար, ՀՀ իշխանություններն այս ընթացքում վերջնական տեսքի են բերում երկրի մայր օրենքում կատարվելիք փոփոխությունները: Մյուս կողմից էլ հայկական իրականությունը հաշվի առնելով՝ պետք է արձանագրենք, որ ՀՀ իշխանությունները սահմանադրական փոփոխությունների տեքստը ամեն դեպքում կազմելու են այնպես, ինչպես իրենց է նպատակահարմար, եւ այս հարցում հասարակական ակտիվությունը էական դերակատարություն չի կարող ունենալ: Այս դեպքում հասարակական կարծիքը կարող էր որոշակի զսպել իշխանությունների հետ պարբերաբար գործարքների գնացող քաղաքական ուժերին, ոչ ավելին:

«Հոսանքահարման» շրջանում ՀՀ իշխանությունները հասցրին նաեւ առանց լուրջ աղմուկի խորհրդարանում «անցկացնել» մի քանի կարեւոր նախագծեր, որոնցից մեկով կընդլայնվեն արտաքին պարտք վերցնելու սահմանները, իսկ մյուսով էլ հող է նախապատրաստվում «Հայփոստի» սեփականաշնորհման համար: Բացի այս՝ իշխանությունները ԱԺ-ով «անցկացրին» վարկային պայմանագրերի հերթական խմբաքանակը:

Իհարկե, հետապնդման մանիայով տառապող, ամեն ինչում իշխանությունների ուղղորդում տեսնող եւ հիվանդ երեւակայություն ունեցող մարդիկ կարող են այս ամենի մեջ միտում տեսնել: Իսկ իրականում ՀՀ իշխանությունները «հոսանքահարվելուց» հետո իրենց սփոփված կզգան այն բանի համար, որ հասարակությունն այս ընթացքում մնացած բոլոր խնդիրների մասին մի պահ մոռացել է:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս