Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Սեպուհի 20 հասցեում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո ծուխ է առաջացել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակում ժամանել են ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը և հրշեջ ծառայության աշխատակիցները՝ մեկ մարտական հաշվարկով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հասցեն սեփական տուն է, որը պատկանում է 80-ամյա Գևորգ Մկրտչյանին, որը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնել է, որ տունը վարձակալական հիմունքներով հանձնված է մի անձի: Իսկ թե ինչի հետևանքով է տեղի ունեցել պայթյունը, նա չկարողացավ պատասխանել: Պայթյունի հետևանքով տանը քաոսային վիճակ էր ստեղծվել: Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել, իսկ պայթյունի հետևանքով առաջացած ծխի պատճառով սատկել էր տան շունը:
Տեղում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դա կպարզի ՀՀ ԱԻՆ հրդեհային և տեխանվտանգության տեսչության մասնագետները:
Ժամանել է նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի