ՌԴ ԱԳՆ-ն և Էներգետիկայի նախարարությունն անդրադարձել են Հայաստանում տիրող վիճակին. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը որևէ առնչություն չունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: Երեկ նման հայտարարություն է արել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՌԴ էներգետիկայի նախարարությունն ինչ առնչություն ունի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ: «Մենք Հայաստանում ներկայումս ընթացող իրադարձությունների վրա որևէ ազդեցություն չունենք: Այդ երկրի կառավարությունը սակագների ձևավորման վերաբերյալ որոշումներն ինքնուրույն է ընդունում: Եվ բնականաբար՝ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Հայաստանում տեղի ունեցող զանգվածային ցույցերի հետ»,- ասել է Նովակը:

Նախօրեին էլ ՌԴ արտաքին գործերի նախարարությունն էր անդրադարձել Երևանում տեղի ունեցող իրադարձություններին: ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր. «Մոսկվան հույս ունի, որ իրավիճակը կլուծվի այնպես, որ բավարարի երկու կողմին էլ՝ թե ցուցարարներին, թե՛ իշխանություններին: Սպասում ենք Երևանից լուրերին»: Կարասինը խոսել էր նաև ռուսական ԶԼՄ-ներով շրջանառվող այն վարկածի մասին, թե Հայաստանի ներկա իրավիճակը հրահրվում է Արևմուտքից ասելով, որ այն պետք է ապացուցել»: «Մենք ուշադիր կուսումնասիրենք այն ամենը, ինչը նախորդել է ակցիաներին, բայց հապճեպ եզրակացություններ ես չէի անի»,- ասել է Գրիգորի Կարասինը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս