ԽԱՂԱՄՈԼՆԵՐԻՆ ՇԱՀՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ԷՐ ԲՈՒԺՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

45-ամյա Գեւորգը խաղամոլությունը համարում է ոչ թե հիվանդություն, այլ սիրահարված մարդու կարգավիճակ: Եւ որպեսզի մարդիկ կարողանան առանց հոգեբանական շտկումների եւ հոգեբուժական միջամտությունների դառնալ հավասարակշռված խաղացող, Գեւորգը խաղասարքավորումներ է տեղադրել եւ «գիտափորձեր» անցկացրել: Սակայն նրան մեղադրում են ապօրինի ձեռնարկատիրության մեջ եւ պատժում:
Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Բաբախանյանը եղել է հարկային տեսչությունում հաշվառված «Էտոս» ակումբ խաղային մոլեհամակ պաթոսի կարգավորման (ԱԽՄՊԿ) Երեւանի ուսումնա-ճանաչողական, շահույթ չհետապնդող, ոչ առեւտրային կոոպերատիվի իրավարար-ղեկավարը եւ 2009թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. մարտը առանց արտոնագրի կոոպերատիվի միջոցով իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն: Այսինքն՝ փող աշխատելու նպատակով շահումով խաղեր է կազմակերպել կոոպերատիվի օգտագործմանը տրամադրված 4 տարածքներում, որոնք գտնվում են Երեւանում,  Աշտարակում եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Այդ տարածքներում Գեւորգը տեղադրել է շահումով խաղերի 19 սարք եւ դրանցով  իրականացրել  շահումով խաղերի ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է 3 500 000 դրամի վնաս:
Գեւորգը չի ընդունել մեղադրանքը, ըստ նրա` ինքը պետությանը որեւէ վնաս չի պատճառել, քանի որ «կազինո» չի հիմնադրել, այլ խաղատուն, որոնք տարբեր բաներ են: Մարդիկ կամավորության սկզբունքով եկել են խաղատուն, ուսումնասիրել խաղը, որպեսզի դառնան հավասարակշռված: Իսկ իր հիմնադրած կոոպերատիվն աշխարհում նախադեպը չունեցող կազմակերպություն է, որտեղ մասնակիցները կամավոր կերպով անդամավճար են մուծում, որը խաղատունը երաշխավորում է բոն արժեթղթով (1 բոնը արժե 1000 դրամ): Ըստ ամբաստանյալի՝ իր տեղադրած խաղասարքերով հնարավոր չէ անցկացնել ծրագրավորված` ավտոմատացված խաղեր, քանի որ դրանք ժետոնով չեն աշխատում, հետեւաբար դրանք շահումով խաղերի համար չեն: Դրանք իր գիտական աշխատությունների արդյունքն են, որի նպատակը մարդուն առանց հոգեբուժական դեղամիջոցների եւ առանց հոգեբանական շտկումների մոլի խաղացողից հավասարակշռված խաղացող դարձնելն է: Իրենց մոտ խաղացողներ չկան, իրենք ունեն խաղասերներ եւ խաղագետներ, մարդիկ, որոնք տարիներ շարունակ «կազինոներից» դուրս չեն եկել, իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության մեջ են գցել, բայց այդպես էլ չեն հասկացել, որ խաղը իրենց պետք չէ: Իր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խաղերով հրապուրվելը հիվանդություն չէ, այլ սիրահարված մարդու կարգավիճակ:
Ամբաստանյալը նաեւ նշել է, որ կոոպերատիվից առգրավված սարքավորումները ծրագրային տեսակով նույն ազարտային խաղերն են, որոնք լինում են «կազինոներում» շահագործվող ծրագրավորված ավտոմատացված խաղերի անցկացման համար, սակայն ավտոմատ կրիչներ չունեն: Դրանցով տեխնիկապես հնարավոր չէ շահումով խաղեր կազմակերպել, բացի այդ, տվյալ սարքավորումներով դրամաշրջանառություն չի կատարվել՝ ո՛չ կանխիկ, ո՛չ համակարգչային, քանի որ դրանց մեջ հնարավոր չէ քարտ կամ գումար մտցնել կամ սարքավորումից գումար ստանալ:
Գ. Բաբախանյանը նաեւ նշել է, որ «Էտոս» կոոպերատիվը ձեռնարկություն չէ, եւ իրավական առումով շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կոոպերատիվի տեսակ գոյություն չունի: Ուստի հարկային տեսչությունը չպետք է իր կազմակերպությունները դասի տնտեսվարող սուբյեկտների շարքին եւ ստուգումներ անցկացնի: Ինքը «գործարար անհատականություն» է, բայց ոչ ձեռնարկատեր: Իրենց կանոնադրությունը միայն հանգստի եւ ինքնակատարելագործման նպատակ է հետապնդել, այլ ոչ թե ժամանցի եւ զվարճության, ինչպես «կազինոները»: Ըստ Գեւորգի՝ իր կառույցը մոլեխաղ սպառողների կոոպերացիա է, գործակցական հարաբերությունների մի օջախ, որտեղ մարդիկ կարողանում են գիտական նպատակին ծառայել: Կոոպերատիվը շահույթ չի ստացել, հետեւաբար իր նկատմամբ չէր կարող քրգործ հարուցվել օրինական գործունեության համար:
Սակայն դատարանը մեղավոր է ճանաչել նրան՝ հաշվի առնելով վկաների, ՊԵԿ աշխատակիցների ցուցմունքները, որոնք պարզել են, որ խաղատներում վաճառված 1000-դրամանոց բոն-քարտերի դիմաց խաղասարքավորումները լիցքավորվել են բանալու միջոցով եւ ոչ քարտով: Այսինքն՝ աշխատակիցն է լիցքավորել, եւ եթե խաղալիս խաղացողի բոն-քարտով լիցքավորված 100 բալին ավելացել են միավորներ, ուրեմն խաղացողը հաղթած է դուրս եկել, իսկ եթե սպառվել են 100 միավորները, խաղացողը պարտվել է: Այսինքն՝ դրամաշրջանառություն եղել է: Դատարանը գտել է, որ Գ. Բաբախանյանն ապօրինի ձեռնարկատիրությամբ է զբաղվել, եւ «կազինոների սիրահարվածությունից» ձերբազատվելու ոչ մի գիտական մոտեցում էլ չկա: Արդյունքում Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 տարվա ազատազրկման է դատապարտել Գեւորգ Բաբախանյանին եւ նրանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 3 500 000 դրամ` որպես հատուցում: Այժմ Գ. Բաբախանյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ խնդրել արդարացնել իրեն:  

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս