ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՇԱՑՈՂ ԾՐԱԳՐԵՀՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր պետության զարգացման առաջնային գրավականներից է գյուղատնտեսության  ոլորտի կայացումն ու կայունացումը: Մինչդեռ Հայաստանում գյուղատնտեսական  խնդիրները գնալով ավելի են խորանում, իսկ կառավարության առաջարկած  լուծումները հաճախ ոչ միայն չեն օգնում, այլեւ հակառակ ազդեցությունն են թողնում:
ՀՀ 2011թ. պետական բյուջեի հաշվետվության մեջ նշվում է, որ այդ տարի գյուղատնտեսական դասին հատկացվել է 5,8 մլրդ դրամ: Սա կազմում է ծրագրվածի ընդամենը 77,8%-ը, իսկ շեղումը, ըստ կառավարության, կապված է ԳԶՄՀ աջակցությամբ իրականացվող «Գյուղական կարողությունների ստեղծում ծրագրի (35.9%), ՀԲ աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ու մրցունակության վարկային ծրագրերի (58.3%) եւ Դանիական Թագավորության աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» դրամաշնորհային ծրագրի (27.2%) ցածր կատարողականներով»:
Գյուղատնտեսության ոլորտին ուղղված հատկացումների հաշվին ընդհանուր առմամբ իրականացվել են 25 ծրագրեր, որոնցից արտաքին աջակցությամբ կատարվել են 9 վարկային եւ դրամաշնորհային ծրագրեր: Այս ծրագրերի շրջանակներում առանձնացրինք գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» վարկային ծրագիրը: Դրա շրջանակներում կատարվել է 624,8 մլն դրամի ծախս, որից 537,2 մլն դրամը հատկացվել է վարկային միջոցներից, իսկ 87,5 մլն դրամը՝ կառավարության համաֆինանսավորման հաշվին: Պետական բյուջեի հաշվետվության մեջ հստակեցված է, որ այս ծրագրի հիմնական նպատակը գյուղական աղքատ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն է, իսկ առաջադրված խնդիրը գյուղական ձեռնարկությունների աճին նպաստելն է, համապատասխան գործիքներ եւ ֆինանսական միջոցներ տրամադրելը: Սակայն կատարողականում, ընդհանուր բնույթի արձանագրումներից բացի, ներկայացված չէ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են լուծվել այս ծրագրի գործարկման շնորհիվ, եւ որքանով է հնարավոր եղել մեղմել աղքատությունը գյուղաբնակ շրջաններում: Ցավոք, դատարկ ճառերից բացի, առ այսօր լուրջ քայլեր՝ որպես այդպիսին, չեն կատարվել:
Գյուղատնտեսական ոլորտում իրականացված ծրագրերից է նաեւ «Գյուղական կարողությունների ստեղծումը», որն իրականացվել է գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջոցով: Այս վարկային ծրագրի շրջանակներում ծախսվել է 544.4 մլն դրամ, որից 110.6 մլն-ն հատկացվել է վարկային միջոցներից, իսկ 433.7 մլն-ն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման արդյունքում: Այստեղ, սակայն, պարզվում է, որ ծրագրի ծախսերը 64.1%-ով զիջում են նախնական ցուցանիշին, ինչը պայմանավորված է նախատեսված շինարարական աշխատանքները 2012թ. տեղափոխելու իրողության հետ: Թե ինչու են այդ աշխատանքները տեղափոխվել 2012թ., բնականաբար, բացատրված չէ, բայց այս ծրագիրը եւս հետապնդում է գյուղական տարածքներում աղքատության նվազեցման նպատակ: Ծրագրի խնդիրն է ստեղծել պտղի եւ ընկուզենու տնտեսապես կայուն արտադրություն: Թեեւ այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքները տեղափոխվել են հաջորդ տարի, այսուհանդերձ, հաշվետու տարում, ըստ երեւույթին, պետք է ինչ-որ բան արված լինի: Ցավոք, արդյունքների մասին կառավարությունը կրկին լռում է, փոխարենը քանիցս կրկնում ծրագրի «դրական» կողմերը: Ըստ երեւույթին, հաշվետվությունը կազմողները մոռացել են, որ աշխատում են ոչ թե բյուջեի նախագծի, այլ արդեն կատարողականի վրա, եւ խոսել ծրագրի հնարավոր դրական կողմերի մասին հաշվետվության մեջ, մեղմ ասած, անլուրջ է:
Այսօրինակ ծրագրերի շրջանակում հիշատակենք նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագիրը: Վերջինիս շրջանակներում ծախսվել է 492,5 մլն դրամ՝ 381 մլն-ն՝ վարկային միջոցներից, իսկ 111,4 մլն-ն՝ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագիրը կրկին զիջում է նախատեսված ցուցանիշը՝ այս անգամ արդեն 41,7%-ով, ինչը պայմանավորված է ծրագիրը նախատեսվածից 7 ամիս ուշացումով սկսելու հետ: Ծրագիրը նախատեսում է 5 տարվա մեջ հասնել մի շարք խնդիրների լուծմանը անասնապահական առավել մրցունակ եւ կայուն համակարգերի ստեղծման հարցում: Պահպանելով ուշացման շուրջ ստեղծված առեղծվածը՝ կառավարությունն արդյունքների մասին գրեթե ոչինչ չի ասում: Հաշվի առնելով այն, թե մեկ տարվա մեջ ինչ է արվել (գրեթե ոչինչ), կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ կարող է արվել մինչեւ 2016թ.: Գյուղն այսօր փաստացի արագորեն դատարկվում է, իսկ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է ներառում բյուջեի նախագծում, կատարողական-հաշվետվության մեջ ասում, որ ուշացումով են կատարվել, իսկ հաջորդ տարվա բյուջեում դասը չսերտած երեխայի նման կրկին խոստանում անպայման իրականացնել:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս