Սահմանադրականի հանձնաժողովն աշխատանքներն ավարտում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտակական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր կատարած աշխատանքները: Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ ամսվա վերջ քարտուղարությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքները, որպեսզի արդեն հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում բարեփոխումների փաթեթը ներկայացվի հանրությանը:

Հիշեցնենք, որ դեռեւս մեկուկես ամիս առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե մայիսի վերջին կներկայացվեն նոր սահմանադրության առաջին երեք գլուխները: «Դեռեւս բացի այդ երեք բաժիններից՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մյուս բաժինների վերաբերյալ քննարկում չի կատարել»,- ասել էր նա: Գագիկ Հարությունյանը նաեւ նշել էր, որ այդ երեք գլուխները բաղկացած են 86 հոդվածից, որոնց վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական կարծիք են տվել՝ սակայն որոշ նկատառումներ անելով:

Հարությունյանը հավելել էր, թե առաջին գլուխների ներկայացումից հետո մինչեւ հունիսի 12-ը հանդիպումներ կկազմակերպվեն առաջարկություններ ներկայացրած քաղաքական 14 ուժերի հետ: ՍԴ նախագահը նաեւ տեղեկացրել էր, որ արդեն հանդիպել են ՀՅԴ, ԱԻՄ ներկայացուցիչների հետ: Նշենք, որ 10 օր առաջ նույն հարցի հետ կապված Սերժ Սարգսյանը հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվել էր կուսակցությունների առաջարկությունների ներառումը սահմանադրական բարեփոխումների նախագծում:

«Ժողովուրդ»-ը զրուցել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ՝ պարզելու համար, թե երբ է սահմանադրական բարեփոխումների նախագծի վերջնական տարբերակը ներկայացվելու հանրությանը:

-Նման հարցերի համար պետք է դիմեք քարտուղարությանը: Իրենք ժամանակացույց ունեն հանդիպումների, քննարկումների հետ կապված, նաեւ նախագծերի ներկայացման, աշխատանքների բախշման եւ այլն: Ես չեմ կարող մտաբերել այդ ժամանակացույցը: Ես կարող եմ պատասխանել միայն իմ մասով:

-Իսկ ե՞րբ եք Դուք ավարտելու Ձեր աշխատանքների այն հատվածը, որի ժամանակացույցն արդեն հայտնի է:

-Ընթացքի մեջ է, մի հատվածը արդեն ներկայացրել ենք, որն արդեն քննարկվել է, որոշ հարցերի շուրջ եղել են նկատառումներ, որոնք լրամշակվում են: Եթե իմ հատվածին է վերաբերում, ապա ես պետք է ամսի 30-ին ներկայացնեմ, իսկ այն մյուս հատվածը, որը ավելի վաղ էի ներկայացրել, դեռեւս չի էլ քննարկվել: Մնացած հարցերի մասին մենք տեղեկանում ենք քարտուղարությունից: Այժմ դժվար է խոսել կոնկրետ ժամկետների մասին, քանի որ շատ տեխնիկական հարցեր են առաջանում, որոնք պետք է լուծվեն, որպեսզի մենք ներկայացնենք այն, ինչը մեզանից պահանջվում է:

-ՀՀ քաղաքական ուժերը առաջարկություններ են ներկայացրել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, որպեսզի դրանք ներառվեն ՀՀ Սահմանադրությունում: Արդյո՞ք դրանք տեղ են գտել Ձեր մշակած տարբերակներում:

-Դրա մասին սպառիչ խոսելը շուտ է, քանի որ դրանք եւս քննարկվում են, դրանք ներկայացվում են քարտուղարությանը: Մենք նախապես ծանոթանում ենք այդ առաջարկություններին, եթե որոշակի հարցեր են լինում, իրենց հետ հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք դրանք:

Դուք տեղյակ եք, որ կուսակցությունների ներկայացուցիչները եւ մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպում են ունեցել, որի ժամանակ էլ քննարկվել են այն հարցերը, որոնց շուրջ անհրաժեշտ է եղել պարզաբանում ստանալ: Ամեն դեպքում` հարցերին մանրամասն, սպառիչ պատասխան ստանալու համար խնդրում եմ՝ դիմեք քարտուղարություն:

Հ. Գ. Հունիսի 25-ին «Ժողովուրդ»-ը փորձեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Գոհար Մելոյանից մեզ հուզող հարցերի պատասխանը ստանալ: Սական նա պահանջեց հարցերն ուղղել գրավոր` խոստանալով օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում ներկայացնել պատասխանները:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս