ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ, երբ ընդունեց ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակությանը, օգտվելով առիթից իր երախտագիտությունը հայտնեց Ռուսաստանի իրավապահ մարմիններին և, մասնավորապես՝ դատախազությանը, այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության հետաքննության կազմակերպման հարցերով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ փոխգործակցության համար:
Սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը, ըստ Հանրապետության Նախագահի, անկասկած, արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ ռուս իրավապահները որոշեցին Վալերի Պերմյակովի գործը հանձնել հայ իրավապահներին: Armlur.am-ը գրել էր, որ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «անաղմուկ» Մոսկվա է մեկնել: Ու այդպես էլ մոսկովյան այցի մասին որեւէ տեղեկություն չհրապարակվեց:
Ըստ ամենայնի, այդ լռության պատճառն այն էր, որ Կոստանյանն այնքան էլ վստահ չէր՝ իր «տղամարդու խոսքը» հնարավոր կլինի պահել և պայմանավորվել ռուսների հետ՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու մասով: Բայց կարծես թե գործերը վատ հունով չգնացին եւ դատախազի Կոստանյանին, ի վերջո, հաջողվեց համոզել իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային՝ Պերմյակովին ՀՀ-ին հանձնելու շուրջ: Եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում երախտագիտություն է հայտնում հատկապես դատախազությանը:
Ասել է թե, ամիսներ անց Գևորգ Կոստանյանին մեծ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, հաջողվեց փրկել «տղամարդու խոսքը» եւ Պերմյակովի գործը տեղափոխվեց Հայաստան: Թե չէ, անհարմար բան էր ստացվում: