«Սա բոմժական շարժում չէ, սա ուսյալ, քաղաքակիրթ հասարակության շարժում է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացումը նորմալ երևույթ է, եթե այն հիմքեր ունենա: Օրինակ, եթե հայտարարվեր, որ 2-3 էներգետիկ արտադրող նոր հզորություններ են ստեղծվում, անհրաժեշտ են ներդրումներ՝ ապագայում ապահով էնէրգետիկ համակարգեր ունենալու համար, ապա հասկանալի կլիներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էլէկտրաէներգիայի սակագնի թանկացմանն ու ընթացող բողոքի ակցիաներին, հայտարարեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Փորձագետ Վիգեն Խաչատրյանն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանը փակուղային ճանապարհ է ընտրել, ինչը վատ և անարդյունավետ կառավարման հետևանք է, և այս վիճակից դուրս գալու համար միակ հույսը պայքարելն է, թեև փորձագետի համոզմամբ, այն այնքան էլ հավատ չի ներշնչում:
«Ի՞նչ տեղի է ունենում, ձևով լավ է, բայց իմ մոտ հավատ չի ներշնչում, որ սա առողջացման ճանապարհն է, որը կօգնի հասարակությանը, տնտեսությանը այս փակուղային վիճակից դուրս գալու համար»,- նշեց նա:

Իսկ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով տեղի ունեցող բողոքի ակցիաները քաղաքակիրթ հասարակության շարժումներ են, ոչ թե «բոմժական» ինչ-որ շարժումներ: «Ես իմ համերաշխությունն եմ հայտնում շարժմանը, թեև մինչ օրս չեմ գնացել Բաղրամյան պողոտա, բայց ներքին զգացողությամբ վստահ եմ, որ այնտեղ վտանգ չկա: Իսկ ջրցան մեքենայի օգտագործումը մարդու իրավունքների ոտնահարում էր»:

Արփինե Թովմասյան




Լրահոս