Հայտնի է, որ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը որոշել է լուծարել Հայաստանի քաղաքացիներին քաջ ծանոթ «Լինսի» հիմնադրամը` ներկայումս դրա տնօրինության ներքո գտնվող 200 միլիոն դոլարը նվիրաբերելով Լոս Անջելեսի համալսարանին: Թե ո՞րն է հայազգի մեծ բարերարի նման որոշման բուն պատճառը, դժվար է ասել: Սակայն դատելով այն փաստից, որ հիմնադրամը լուծարելուց առաջ այնտեղ առկա հսկայական միջոցները նվիրաբերվել են ոչ թե Հայաստանին, այլ ամերիկյան կրթօջախին, ակնհայտ է, որ Հիմնադրամի գործունեության դադարեցումը հետեւանք է Հայաստանի իշխանություններից խորը եւ անդառնալի հիասթափության: Ընդ որում, ոչ միայն եւ ոչ այնքան Քըրք Քըրքորյանի, որքան ամերիկյան իշխանությունների: Այդ հիասթափության առաջին դրսեւորումը «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի` Հիլարի Քլինթոնի նախագահությամբ կայացված որոշումն էր, որով դադարեցվեց 67,1 միլիոն դոլար արժողությամբ ճանապարհաշինական ծրագրի ֆինանսավորումը. «Այս որոշման պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, որի գործողությունները չեն համապատասխանել ծրագրի մասնակցության համար անհրաժեշտ ցուցիչներին»,- հատուկ նշել էր ՀՄԿ գործադիր տնօրեն Ռոդնի Բենտը, ինչին ի պատասխան, ՀՀ վարչապետը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն այլ աղբյուրներից միջոցներ կգտնի կասեցված ծրագրի ֆինանսավորման համար: ՀՀ վարչապետը ֆինանսական միջոցներ, իհարկե, կարողանում է գտնել: Միայն անցած տարվա ընթացքում նրան հաջողվեց «գտնել» շուրջ 1,2 միլիարդ դոլար: Խնդիրն այն է, սակայն, որ այդ միջոցները բարձր տոկոսադրույքներով վարկեր են, որոնք ստիպված ենք լինելու վճարել մենք եւ մեր զավակները: Մինչդեռ, երբ 2008թ. մարտի 1-ի դեպքերի արդյունքում «Հազարամյակների մարտահրավերներ» կորպորացիայի ղեկավարությունը հայտարարեց Հայաստանում իրականացվելիք բազմամիլիոնանոց ծրագրերի կասեցման մտադրության մասին, Սերժ Սարգսյանը ուղերձով դիմեց աշխարհասփյուռ գործարարներին` կոչ անելով ներդրումներ կատարել հայրենիքում: Ուղերձի հենց հաջորդ օրերին մի քանի հայ գործարարներ խոստացան ավելի քան 700 միլիոն դոլարի ներդրումներ: Միայն նախագահի աշխատակազմի ղեկավար Կ. Կարապետյանի եղբայրը` Կալուգայի Սամոն, խոստացավ 250 միլիոն դոլար, իսկ Հայերի Համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանը` 150 միլիոն դոլար: Սակայն ժամանակը ցույց տվեց, որ անցած 2,5 տարվա ընթացքում Արա Աբրահամյանի ամենամեծ «ներդրումը» եղբոր հետ միասին քաղբանտարկյալ Սասուն Միաքյելյանին պատկանող հողատարածքների խլումն էր, իսկ Կալուգայի Սամոյինը` Եւա Ռիվասի հայտնությունը. բայց ոչ թե Եվրատեսիլում, այլ «Մաքսիմ» էրոտիկ ամսագրի շապիկին: Իսկ այն, որ այդ գործարարները հրապարակավ «գցեցին» Սերժ Սարգսյանին, միանգամայն օրինաչափ է: Համենայնդեպս, նա դրանից ամենեւին չնեղացավ, քանզի այդ ներկայացման բեմադրիչը հենց ինքն էր:
ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ