ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԿԱԼՎԱԾՔ ՊԵՏՔ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում շարունակվեց «ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր վարկային համաձայնագրի»` նախորդ նիստում ընդհատված քննարկումը: Նշենք, որ ծրագրով նախատեսվում է 25 տարի մարման ժամկետով ներգրավել 30 մլն ԱՄՆ դոլարի վարկ՝ համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքների որակի, օգտագործման եւ հուսալիության բարելավման նպատակով:

Խորհրդարանում համաձայնագիրը ներկայացնում էր ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, ումից պատգամավորները փորձում էին պարզել, թե ինչպես են «փակելու» հերթական վարկը կամ ինչ նպատակով են այն վերցնում: Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է Վաչե Տերտերյանի հետ` պարզելու համար, թե ինչու է վերջին շրջանում Կառավարությունը ցանկացած պետական ծրագիր իրականացնելու համար պարտադիր վարկ վերցնում:
-Պարո՛ն Տերտերյան, հերթական վարկային համաձայնագիրն եք «բերել» խորհրդարան, ինչը նշանակում է, որ Հայաստանը նոր պարտքի բեռ է վերցնելու իր ուսերին` ի հավելումն առանց այդ էլ վտանգավորության շեմը հատող մեր պետական արտաքին պարտքի:
-Վարկերի վերաբերյալ շատ մանրամասն հետաքրքրությունը շատ բնական է, որովհետեւ ներգրավված ռեսուրս է, որը հետագայում պետք է վերադարձվի, ու պատգամավորները շահագրգիռ, շատ դեպքերում խիստ էմոցիոնալ գնահատականներ ու ելույթներ են հնչեցնում, որոնք հասկանալի ու ընկալելի են մեզ համար: Այլ բան է, որ մենք վարկ ասելուց ինչ-որ մի նեգատիվ, ինչ-որ մի վատ բան ենք տեսնում, բայց ոչ ոք չի ասում, որ այս դեպքում վարկերը արտոնյալ են ու շատ շահեկան: Որովհետեւ սրանք կոմերցիոն վարկեր չեն, սրանք երկրին օգնելու, քաղաքական վարկեր են, որոնք տրվում են՝ ինչ-որ ոլորտ լավացնելու, ինչ-որ ոլորտ զարգացնելու համար: Այլ բան է, թե դա ինչ արդյունավետությամբ է օգտագործվում, այս դեպքում կարելի է հարցը դնել հետեւյալ կերպ՝ վարկային միջոցը նույն պետական բյուջեի վերահսկողական մեխանիզմներով ծախսվող միջոցն է:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Տերտերյան, ցանկացած` անգամ ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցների ներգրավումը բեռ է, առավել եւս, որ ներկայումս Հայաստանն իր արտաքին պարտքի սպասարկման եւ նոր միջոցներ ներգրավելու հարցում այնպիսի վիճակում է, որ փորձ է արվում ՀՀ արտաքին պարտքի մասին օրենքը փոխելով` լուծումներ գտնել:
-Այո՛, պարտքի տեսանկյունից, այնուամենայնիվ, մտահոգություն է, ու պատահական չէ, որ օրենսդիրը շեմ է սահմանում, տարբեր երկրներում այդ շեմերը տարբեր են: Ես նշեմ, որ շատ հանգիստ ու օբյեկտիվ եմ վերաբերվում Ձեր անհանգստություններին, օրենսդիրների ներկայացրած մտահոգություններին: Այս վարկը տրամաբանական շարունակությունն է այն 3 ծրագրերի, որոնք մենք իրականացրել ենք, դրանք նախկինում կոչվում էին սոցիալական ներդրումներ եւ ուղղված էին հատկապես «վառվող» սոցիալական խնդիրների լուծմանը: Հիմա մենք իրավիճակ ենք փոխել, այս քանի տարիների ընթացքում մեր վիճակը այդպես «վառվող» չի կամ եթե նույնիսկ վառվող է, ապա քիչ վայրերում: Մեր խնդիրն այսօր համայնքների զարգացում ապահովելն է, ու մենք հիմա դարձրել ենք տարածքային զարգացման հիմնադրամ, ու ծրագիրն էլ այդպիսին է: Ինքն ունի միջհամայնքային զարգացման, մասնավոր պետական համագործակցության բաղադրիչներ: Ես ինձ դասում եմ այն մարդկանց շարքին, ովքեր ասում են, որ մենք շատ բան ունենք սովորելու, ու այս առումով մեզ համար կարեւոր է խորհրդատվությունը: Տրվում են էժան տոկոսով վարկեր, որովհետեւ իրենց հետ կա ինստիտուցիոնալ կոմպոնենտ, մի բան էլ մեզ պետք է սովորեցնեն, թե մենք ինչքան արդյունավետ պետք է լինենք: Ես կարծում եմ, որ միայն այս կերպ կարող ենք մեր համայնքների հարցերը լուծել, այդ զարգացումն ապահովել:
-Մի քանի օր առաջ Դուք խորհրդարանում ներկայացնում էիք «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագիծը, որը բուռն արձագանք ստացավ օրենսդիրների կողմից: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս նախագծով ստեղծվելիք խորհուրդը Դիլիջանի քաղաքապետին ու ավագանուն որպես խամաճիկ է վերաբերելու: Փաշինյանը նշեց, որ այդ նախագծով Դուք ցանկանում եք Դիլիջանը «նվիրել» գործարար Ռուբեն Վարդանյանին: Արդյոք մտահոգություն չունեք, որ այս նախագծի իրագործման դեպքում Դիլիջանի ՏԻ մարմինները կզրկվեն համայնքը կառավարելու իրենց լիարժեք հնարավորություններից:
-Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ես չեմ ցանկանում գնահատականներ տալ, Աստված իր հետ, իր գնահատականների հետ: Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ինչ-որ մի բան տալիս ենք կոնկրետ մարդու… Դուք եղել եք Դիլիջանի դպրոցում, տեսե՞լ եք դպրոցի մեջը, հիմա Դիլիջանում նման ներդրում արած մարդուն, որ ակնհայտ բիզնես հետաքրքրություն չի ներկայացնում, տեսանելի ապագայում այնտեղից եկամուտներ անհնար է սպասել, ինչ կարելի՞ է նվիրել, ի՞նչ նվիրելու մասին է խոսքը: Ո՞ւմ ենք տալիս, ի՞նչ ենք տալիս անհասկանալի է, այսինքն՝ մենք ենք տալիս, թե մեզ են տալիս, չի կարելի ամեն ինչ տրիվյալացնել ու դյուրագրգիռ մասայի վրա աշխատել: Այսինքն՝ մենք Դիլիջանը տալի՞ս ենք Ռուբեն Վարդանյանին, որ ի՞նչ անի: Մենք ոչ մի բան ոչ մեկին չենք տալիս: Հիմա հասկանալի է՝ կա քաղաքականություն, կան նոր զարգացումներ, կա կայանալու խնդիր, բայց իրականությունը այլ է: Այդ աժիոտաժը ինչի համար է, չեմ հասկանում, հայտարարում են, թե Ռուբեն Վարդանյանը կալվածք է սարքելու, չպետք է մարդուն նեղացնել, եթե իրականում նման բան չկա: Վստահեցնում եմ, որ այդ կալվածքն իրեն պետք չի:

 

 

 

 
«ԱՅՍ ԿՌԻՎԸ ԻՐԵՆՑ ԿՌԻՎԸ ՉԻ, ԻՐԱՐ ԴԵՄ ԿՌՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԻ»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպել է Գյումրիում էլէներգիայի սակագնի թանկացման դեմ ցույցի դուրս եկած երիտասարդների հետ: Պատգամավորը, սակայն, թերահավատ է, թե նման ակցիաներով հնարավոր է կայացված որոշումը փոխել:

-Պարո՛ն Գրիգորյան, արդեն մի քանի օր է՝ գյումրեցիները փողոց են դուրս եկել եւ պայքարում են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Դուք որտե՞ղ էիք այս օրերին ու արդյո՞ք կիսում եք նրանց մտահոգությունները:
-Մենք գիտենք, որ թանկացման որոշումը կայացվել է, ու այս ընթացքում դժգոհում է ժողովուրդը, բայց արդյունքը դժվարանում եմ ասել, քանի որ մենք այդ նույն դժգոհությունը հայտնեցինք ԱԺ-ում, բայց որեւէ բան չփոխվեց: Դա կարող է ազդել հետագա թանկացումների վրա, եթե այդպիսիք լինեն ապագայում, ապա այդ ժամանակ հասկանալի կլինի, որ հանդուրժելու տեղ չկա: Այս առումով կարող է ինչ-որ արդյունք տա: Ես կիրակի օրը եղել եմ Գյումրիում, Թատերական հրապարակում, որտեղ հավաքվել են երիտասարդները, լսել եմ իրենց ու նաեւ առաջարկել եմ, եթե ունեն ինչ-որ տեսակետ, առաջարկություն՝ խնդրի հետ կապված, թող գրավոր դիմեն, ու եթե կան հարցեր, կարող են գալ, նստենք, քննարկենք: Ես խնդիր չունեմ ժողովրդի հետ առնչվելու, շփվելու, այսօր գյումրեցիները գիտեն, որ իմ գրասենյակի դռները բաց են: Ես այս քանի օրը մշտապես էլ տեղյակ եմ եղել, թե այնտեղ ինչ է կատարվում, ինչ խնդիրներ կան:
-Շաբաթ օրը Գյումրիում լարված մթնոլորտ է եղել, քանի որ Շիրակի մարզի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանը, փակելով Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցը, երթի դուրս եկած գյումրեցի երիտասարդներին կանգնեցրել է ու թույլ չի տվել անցնել փողոցը: Նա նաեւ անհարգալից բառերով վիրավորել էր Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Կարեն Պետրոսյանին ու հայհոյել բողոքի ակցիայի մասնակիցներին: Պարզել եք, թե ինչո՞ւ է փոխոստիկանապետը իրեն այդպես պահել:
-Փողոցով քայլել, չքայլելու հետ է կապված եղել խնդիրը, ես խնդրել եմ հավաքի ու ոստիկանության ներկայացուցիչներին, որպեսզի ավելորդ լարվածություն չլինի: Կոնկրետ չգիտեմ՝ Ձեր նշած օրը ինչ է եղել, բայց կիրակի օրը ես այնտեղ եմ եղել, ամեն ինչ նորմալ էր, հարթ էր, իմ կարծիքով ամեն պարագայում էլ կարելի է ելք գտնել: Մենք պետք է հասկանանք, որ այս պարագայում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ավելնորդ լարվածության իմաստ չկա, այս կռիվը իրենց կռիվը չի, իրար դեմ կռվելու խնդիրը չի, պետք է ավելի լուրջ ու ավելի գործնական լինենք:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՀԵՐԹՈՎ ԿԱՆԵՆ
Երեկ Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում քվեարկության դրվեց «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զբաղվածության մասին», «ՀՀ աշխատանքային օրենսգրքում», «Օտարերկրացիների մասին», «ՀՀ քննչական կոմիտեի մասին», «Թափոնների մասին», «Պետական պարտքի մասին», «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին», «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված եւ կուտակվող, ինչպես նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած եւ գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքներում փոփոխություններն ու լրացումներ կատարելու մասին նախագծերը: «Ժողովուրդ»-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից փորձեց պարզել, թե «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրինագիծն ի՞նչ է փոխելու երկրապահների կյանքում, քանի որ պատերազմի մասնակիցներից շատերը դժգոհ են իրենց այսօրվա կարգավիճակից: «Մենք էնպես ենք արել, որ բոլորն էլ հասցնեն իրենց վերաբերող թղթերը բերեն ներկայացնեն, դժգոհում էին, որ մեկը գործիա լինում, չի հասցնում, մեկը դրսիցա նոր եկել, թուղթա բերում, հիմա չի լինի՝ կեսին գրանցել ենք, կեսին չգրանցենք ու ազատամարտիկի թուղթ չտանք, դրանք հերթով կանենք»,-վստահեցրեց Սարոյանը:

 

ԿՐԿԻՆ ՀԷՑ-Ի ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սպառողներին մատակարարվող էլէներգիայի նոր սակագնի հիմքում դրված հաշվարկները, որքան ուսումնասիրում ենք, միեւնույն է՝ «հետաքրքիր» տվյալների պակասություն չի զգացվում: Ըստ այդմ, պարզվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 2015-16 թվականների սակագնային մարժայի հաշվարկում ներառված ծախսերի մեջ նախատեսված են նաեւ գործուղման եւ անձնակազմի տեղափոխման ծախսերը: ՀԷՑ-ը որպես գործուղման ծախս իր հայտում առաջարկել է 61 մլն 650 հազ. դրամ եւ 103 մլն 110 հազ. դրամ: Սակայն ՀԾԿՀ-ի կողմից հաստատված սակագնում այդ ծախսը 70 մլն 540 հազար դրամով կրճատվել է: Իսկ, ահա, անձնակազմի տեղափոխման ծախսերը՝ 63 մլն 470 հազ. դրամ, ՀԾԿՀ-ն ընդհանրապես համարել է անիմաստ:

 

ՆԻՍՏ ԿԱՆԵՆ
Ինչպես հայտնի է՝ ՕԵԿ-ը նախաձեռնել է «Հայկական Վերածնունդ» քաղաքացիական-հասարակական շարժում: Պարզվում է՝ այս նախաձեռնությունը պատրաստվում է մինչեւ շաբաթվա վերջ խորհրդի նիստ հրավիրել: Նախաձեռնության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե այս ընթացքում քանի կուսակցություն ու ՀԿ-ներ են միացել իրենց «շարժմանը», պատասխանեց. «Նիստի ժամանակ մենք կներկայացնենք նոր անդամագրվածությունը քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների»:




Լրահոս