ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ՞Ց ԵՆ ՀԻՎԱՆԴԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ամառվա սեզոնին հաճախակիանում են սննդային թունավորումներն ու աղիքային հիվանդությունները: Մասնագետների համոզմամբ՝ ամռանը պետք է հատկապես ուշադիր լինել սնունդի հարցում` այս սեզոնին բնորոշ թունավորումներից խուսափելու համար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ վերջին օրերին ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածնի հիվանդանոց եւ պոլիկլինիկա դիմող երեխաների թիվն ավելացել է: Ընդ որում, բոլորի մոտ նույն ախտանիշներն են՝ բարձր ջեմություն, հազ, կոկորդային ցավ, կարմրածություն, թուլություն:

Արդեն մի քանի օր է՝ «Ժողովուրդ»-ը ահազանգեր է ստանում ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներից, ովքեր մտահոգված են իրենց երեխաների` խմելու ջրից հիվանդանալու հնարավոր վտանգից: Նրանց պատմելով՝ այս օրերին Էջմիածնի հիվանդանոցն ու պոլիկլինիկան լիքն են երեխաներով, որոնք ունեն նույն ախտանիշները: «Ժողովուրդ»-ին ահազանգած 23-ամյա Ալինա Դավթյանը (անունը փոխված է) նշեց, որ հիվանդանոցի մանկաբույժները ոչ միայն իրեն, այլեւ նույն խնդրով հիվանդանոց դիմած մայրերին հորդորել են ծորակի ջուրը չխմացնել երեխաներին, այլ այն գնել խանութներից: Մեկ այլ ծնողի՝ Մարգարիտայի պատմելով՝ մանկաբույժը խորհուրդ է տվել խուսափել մայթերին վաճառվող թութից, կեռասից, նաեւ խտացրած կաթից:
Վաղարշապատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչ Բորիս Թանգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնպես խորհուրդ տվեց, որպեսզի մարդիկ թութը լավ լվանալուց հետո միայն ուտեն: «Թող զերծ մնան մայթերի վրա վաճառվող թութից, որովհետեւ փողոցի փոշին լցվում է թթի ծակոտկեն հատվածը եւ այն դժվարությամբ է դուրս գալիս: Իսկ մեր քաղաքացիները սիրում են թութն ուտել առանց լվանալու»,- նկատեց Թանգյանը: Հարցին, թե ինչու է վերջին շրջանում ավելացել հիվանդանոց դիմած երեխաների թիվը, մանկական բաժանմունքի վարիչը պատասխանեց. «Հակառակը, վերջին մեկ ամսվա ընթացքում հաճախելիությունը նվազել է: Իսկ ինչու չպետք է գան, չէ որ անգինայով հիվանդանալու սեզոնն է: Մարդու ջերմությունը գրիպից էլ է բարձրանում եւ հասնում է 40 աստիճանի: Այս պահին մեր բաժանմունքում ընդամենը 12 հիվանդ կա»:
Նշենք, որ նման գանգատներով հիվանդանոց դիմողներին միշտ չէ, որ նշանակում են ստացիոնար հիվանդանոցային բուժում, առավել հաճախ նշանակվում են բուժումներ` կաթիլային ներարկումներ, որոնք քաղաքացիները ստանում են` ամեն օր բուժհաստատություն այցելելով, կամ իրենց տանը` տեղամասային բժշկի այցելությունների միջոցով:
Վաղարշապատի պոլիկլինիկայի տնօրեն Լիլիթ Գասպարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ մոտ քսան օր առաջ է ակտիվացում նկատել: «Այն էլ կապված է եղել եղանակային փոփոխությունների հետ: Ես ինքս էլ գրիպով հիվանդացա: Եղանակային փոփոխության հետ էր կապված, բայց հիմա ակտիվացած հաճախում չունենք: Արտառոց ոչինչ չկա»,- հավաստիացրեց պոլիկլինիկայի տնօրենը:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ եւ հետաքրքրվեց՝ գուցե երեխաները ջուրն օգտագործելու պատճառով են հիվանդանում: Սակայն ընկերությունից պարզաբանեցին, որ իրենք բոլոր տեղերում լաբորատորիաներ ունեն, որտեղ ամեն օր ջուրը ենթարկում են լաբորատոր փարձաքննության: «Էջմիածնի կանխարգելիչ ախտահանման դուստր» ՓԲԸ-ի տնօրեն Ռիմա Դիլոյանը նույնպես շտապեց տեղեկացնել, որ Էջմիածնում ջուրը մշտապես ստուգվում է. «Բողոք չկա, ամեն ինչ կարգին է: Հենց ջրամբարներից վերցնում ենք ջուրը ու այն ենթարկում լաբորատոր փորձաքննության: Դա ամեն օր է կատարվում: Վերջին ժամանակներս մենք մեր նմուշներում ոչ մի շեղում չենք արձանագրել»:
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, իրավաբանական ապահովության բաժնի պետ Նունե Բակունցն էլ, լսելով արմավիրցիների մտահոգությունը, խոստացավ խնդիրը խիստ դնել եւ հետազոտել, սակայն երեխաների մոտ առողջության հետ կապված գանգատները չկապեց ջրի հետ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ի «Շոկոլադ», «Ստրաչետելա» եւ «Դոլչե Լատե» պաղպաղակների արտադրական գործընթացը: «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննության համաձայն՝ «ԴՈԼՉԵԶԱ» ՍՊԸ-ում արտադրված նշված պաղպաղակների արտադրատեսակները ԱՖԱՄ, ԱՑԽՄ եւ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման պահանջներին: Ընկերությանը հանձնարարվել է մինչեւ հուլիսի 7-ը վերացնել խախտումները՝ նշված պաղպաղակների արտադրատեսակների տվյալ խմբաքանակները իրացման կետերից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել, արտադրությունը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք եւ ներկայացնել լաբորատոր փորձաքննության:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի որոշմամբ՝ կասեցվել է նաեւ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ի պաստերացված կաթ 3,2 % (1լ) եւ մածուն 3,2% (0.5կգ) արտադրատեսակների արտադրությունը: «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: ՀՀ ԳՆ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության համաձայն՝ «ՄԱՐԻԼԱ» ՍՊԸ-ում արտադրված նշված կաթն ու մածունը ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանել «Կաթին, կաթնամթերքին եւ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման պահանջներին: Ընկերությանը հանձնարարվել է իրացման կետերից եւ պահեստից հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել նշված խմբաքանակները եւ մինչեւ հուլիսի 7-ը վերացնել խախտումները:

 

ԶԳԱԼԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԵՌ
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը հաշվարկել է, թե ինչ կարժենա օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիան 6.93 դրամով թանկացնելու ՀԾԿՀ որոշումը յուրաքանչյուր հայ ընտանիքի համար: Ըստ հաշվարկների` յուրաքանչյուր ընտանիքի ֆինանսական բեռը կավելանա շուրջ 80 հազար դրամով. «Եթե հաշվի առնենք, որ հանրապետությունում ներկայումս գտնվող բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը շուրջ 450 հազար է, ապա կստացվի, որ յուրաքանչյուր ընտանիք (բնակիչ-բաժանորդ) թանկացման արդյունքում պետք է ՀԷՑ-ին տարեկան 30 հազար դրամ ավել վճարի: Հայաստանցիներիս վրա թանկացումը նստելու է տարեկան 36,7 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ այս 7-դրամանոց թանկացման արդյունքում ՀՀ յուրաքանչյուր ընտանիք տարեկան շուրջ 80 հազար դրամի հավելյալ ֆինանսական բեռ կունենա, որը կարտահայտվի գնաճի, հարկերից վճարվող բյուջետային միջոցների հավելյալ ծախսի եւ այլ ձեւերով»,- ասված է կազմակերպության տարածած հայտարարությունում:




Լրահոս