«ՏՂԵՐՔ, ԷԴ ԴՈՒՔ ԵՔ ՄՆԱՑԵԼ «ԿԻՆՈՅԻ ՏԱԿ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Սամվել Սարգսյանն այն կարծիքին է, որ որակյալ սերիալ, ֆիլմ, ստանալու համար հարկավոր է ընդգրկել ճաշակ թելադրող դերասանների եւ գոնե նրանց լավ վարձատրել: Դերասանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է իր` «թանկ դերասան» լինելու, «դերի տակ մնալու» մասին շրջանառվող խոսակցություններին եւ այլ թեմաների:

-Պարո՛ն Սարգսյան, եթե տարիներ առաջ Հայաստանում սերիալներ նկարահանելու համար գումար չէին խնայում, ապա այսօր, կարծես թե, պատկերը փոխվել է. ինչո՞ւ:
-Մի ժամանակ հեռուստաընկերությունները նկարահանում էին բարձր վարկանիշով սերիալներ, դրանց շրջանակներում աշխատում էին պրոֆեսիոնալներ: «Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում լուրջ մարդիկ, լուրջ տեխնիկա էր ներգրավված, ուստի հնարավոր էր լինում որակ ստանալ: Հիմա առաջ գնալու փոխարեն հետ են գնում: Պատահաբար նայում եմ այսօրվա սերիալները ու չեմ հասկանում` դրանցում ներգրավված մարդիկ ովքեր են, որտեղից են էդ ջահել-ջուհուլներին կամ նույնիսկ ահել-մահելներին գտնում-բերում, ո՞վ է ասել, որ իրենք դերասան են… Պարզապես հեռուստաընկերությունները մի հոգու ձեռքում են, ով մոնոպոլիզացրել է դաշտը եւ որոշում է` ով ինչ ու ոնց անի: Ես այն համոզման եմ, որ գոնե ճաշակ թելադրող դերասանները պետք է նորմալ վարձատրվեն:
-Ձեր նշած միտումների պատճառո՞վ է, որ այս պահին չեք նկարահանվում սերիալներում:
-Ոչ միայն ես, լիքը տղերք կան, որ չեն աշխատում… Դե, ես այն դերասաններից չեմ, որին ինչ ասեն, ասի՝ եղավ, հեսա կանեմ:
-Ասում են` Դուք «թանկ» դերասան եք:
-Ռեժիսորներից մեկին մի առիթով առաջարկեցին ինձ հետ համագործակել, ասաց` չէ, ինքը թանկա, իր տեղը կարող ենք ութ հոգի վերցնել… Միայն թե մեկին գտնեն-բերեն: Այդ իրենց պատկերացմամբ եմ թանկ դերասան, գործից հասկացող մարդը երբեք նման բան չի ասի:
-Ոմանք ասում են, թե Դուք մնացել եք Բարխուդարովի «դերի տակ». ի՞նչ կասեք:
-Կասեմ, որ այդ մարդիկ ինձ խառնում են ուրիշ մարդու հետ: Ես ոչ այդ տարիքին եմ, ոչ էլ այդ խելքին եմ, որ «դերի տակ մնամ»: Թեպետ կան իմ տարիքի դերասաններ, որ մնում են իրենց «դերերի տակ». դա, երեւի, ավելի շատ խելքի հետ կապված բան է: Հաճախ նրանք վախենում են իրենց իրական դեմքը ցույց տալուց, քանի որ մտածում են, որ կարող է ժողովուրդը չսիրի, դիմակ են հագնում, իբր իրենք «կինոյի տղեն» են:
-Սերիալային Ձեր կերպարներին ծանոթ հեռուստադիտողները հաճախ ասոցացնում են Ձեր անձը նրանց հետ: Այս առնչությամբ հետաքրքիր դեպքեր եղե՞լ են:
-Մի առիթով գնացել էի Գյումրու ոստիկանական բաժանմունք, լուրջ ոստիկանների հանդիպեցի, որոնք ինձ տեսնելուն պես սկսեցին բողոքել, բա` պարոն Սարգսյան, հապա մեր վիճակը նայեք, մեր շենքը նայեք, մի բան արեք, օգնեք, թող մեր շենքը վերանորոգեն… Էսպես լուրջ-լուրջ խոսում են… Ես էլ մտածում եմ` հիմա ես սրանց ոնց բացատրեմ, որ տղերք, էդ դուք եք մնացել «կինոյի տակ»: Ստիպված ասացի` լավ, ես կմտածեմ… Մեկ շաբաթից այդ շենքում վերանորոգում սկսվեց, որը զուգադիպեց մեր այդ խոսակցությանը: Դրանից հետո այդ ոստիկաններն ասել էին` դե, մարդն ասաց ու արեց էլի… (ծիծաղում է): Մեկ այլ դեպք էլ մեր սերիալի դիմահարդարներն են ինձ պատմել: Եթե կհիշեք` «Կյանքի գինը» սերիալում երկվորյակ եղբայրների էի մարմնավորում: Ուրեմն աղջիկները նստել էին տաքսի, վարորդն իմ մասին էր խոսել, ասել էր` սա Բարխուդարովի եղբայրն է, չէ՞, աղջիկներն ասել էին` գիտեք, այդ եղբայրներին նույն մարդն է մարմնավորում: Տաքսու վարորդը կանգնեցրել էր մեքենան, ասել էր` դուք կյանքից բան չեք հասկանում, դրանք երկու եղբայր են, դուք ոչ մի բանից խաբար չեք: Արդյունքում աղջիկներն էլ էին կասկածել, թե կարո՞ղ է ես իրոք նմանակ ունեմ (ծիծաղում է):
-Պարո՛ն Սարգսյան, խոսակցություններ են պտտվում այն մասին, թե Դուք մեծ հեղինակություն եք վայելում երիտասարդ տղաների շրջանում, այդպե՞ս է:
-Տղաներին հարցրեք, եթե Ձեզ նման խոսակցություններ են հասել, էլ ինձ ինչո՞ւ եք հարցնում: Եսիմ… Կարող է մի կինոյում մեկն իմ թիկնապահն է եղել, էդպես շփվել ենք…
-Եվ վերջում անդրադառնանք մի թեմայի, որի մասին, կարծես, քիչ եք խոսել: Ձեզ հրավիրում էին թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ` դասավանդելու. ինչո՞ւ չգնացիք:
-Իմացա` ինչքան են պատրաստվում վճարել, ասացի` էդքանը միայն իմ գնալ-գալու ծախսն է, հետո իմացա` ովքեր են այնտեղ դասավանդում. մարդիկ, որոնք իմ օրոք մասսայական տեսարաններում էին հանդես գալիս… Նրանց պետք է դատի տալ, ոչ թե աշխատավարձ, էդ մարդիկ ի՞նչ գիտեն, որ ինչ էլ սովորեցնեն: Եվ եթե ինձ պետք է տանեին-հավասարեցնեին նրանց մակարդակին, ես նախընտրեցի չդասախոսել:

 

 

 

 
ՌՈՔ-ԽՄԲԵՐՆ ԸՆԴԱՌԱՋԵԼ ԵՆ ՆՍՏԱՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 17-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց օգոստոսի 1-ից 6.93 դրամով բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այս որոշմանն ընդդիմացող «ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու աջակիցները Ազատության հրապարակում հունիսի 19-ից նստացույց են անում` պահանջելով վերանայալ ՀԾԿՀ որոշումը:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս ամիս ու կես առաջ նախատեսված էր, որ հունիսի 21-ին` Երաժշտության համաշխարհային օրը, «The Beautified Project», «Empyray», «Windrose», «Palm of Granite» ռոք-խմբերը պետք է համերգով հանդես գային Ազատության հրապարակում: Սակայն, չցանկանալով խանգարել քաղաքացիների պայքարը, նրանք համերգի վայրը տեղափոխել էին Շ. Ազնավուրի հրապարակ:
«Մենք իրավունք ունեինք մոտենալու եւ ցրելու ակցիան, սակայն ռոք-խմբերով որոշեցինք չխանգարել մարդկանց, խոսեցինք ակտիվիստների հետ, հարցրեցինք` կցանկանան արդյոք, որ մենք այդ օրը Ազատության հրապարակում ելույթ ունենանք, իսկ նրանք պատասխանեցին, որ չէին ուզենա` մարդկանց ուշադրությունը շեղվեր բուն խնդրից: Հետեւաբար, համերգը տեղափոխեցինք Ազնավուրի հրապարակ, արդյունքում մեր ելույթի համար նախատեսված ժամանակահատվածը կրճատվեց, քանի որ տեխնիկական հնարավորություններն այդ հրապարակում ավելի սահմանափակ էին»,-«Ժողովուրդ»-ին պատմեց «The Beautified Project» խմբի հիմնադիր, մենակատար Անդրե Սիմոնյանը` հավելելով, որ որոշ ակտիվիստներ իրենցից նեղացել էին` նշելով, թե ռոք-խմբերը չեն ցանկացել աջակցել պայքարին, այնինչ՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը:
Անդրե Սիմոնյանը, անդրադառնալով քաղաքացիների բարձրացրած դժգոհության ալիքին, կարծիք հայտնեց, որ ինչպես տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ պայքարում հնարավոր եղավ ցանկալի արդյունքի հասնել, նույնն էլ հնարավոր է իրագործել այս պարագայում: «Էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որեւէ պատճառ չկա: Այն մարդիկ, որոնք առաջացրել են խնդիր, հենց նրանք էլ պետք է այն լուծեն, ոչ թե ժողովուրդը»,-եզրափակեց երգիչը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՄԵՐԳ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐՈՒՄ
Հայկական հոգեւոր երգերը` շարականներն ու տաղերը, հնչել են պատմական Անի մայրաքաղաքի ավերակներում: Հայ անվանի ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի պետական կամերային երգչախմբի կողմից իրականացվող «Լոյս ի լուսոյ» համերգաշարի մեկնարկը Թուրքիայում տրվել է հունիսի 21-ին: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` հղում անելով թուրքական «Հաբերլեր» լրատվականին: Անիում տեղի ունեցած համերգին հաջորդելու են եւս մի քանիսը` հունիսի 23-ին` Վանի Աղթամար կղզում, հունիսի 25-ին` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում, հունիսի 27-ին` Կայսերիի (հայկական Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հունիսի 29-ին` Թուրքիայի միակ հայկական Վաքըֆլը գյուղի եկեղեցում: Նախագծի ավարտը Թուրքիայում տեղի կունենա հունիսի 30-ին` Ստամբուլում անցկացվող ջազային փառատոնի շրջանակներում:

 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ԵՆՔ ԱՐԺԱՆԱՑԵԼ
Բաս Հայկ Տիգրանյանը երրորդ մրցանակի է արժանացել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Յազեպս Վիտոլսի (Jazeps Vitols) անվան 4-րդ միջազգային վոկալ մրցույթում: lsm.lv կայքը տեղեկացնում է, որ մրցույթի ընթացքում գրան պրի մրցանակ չի շնորհվել, իսկ առաջին մրցանակը ստացել է Մարցելինա Բեյշերը (Լեհաստան), երկրորդը` Մարգրեթ Ֆրեդհեյմը (Նորվեգիա): Հատուկ մրցանակ եւ դիպլոմ է ստացել մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը` տենոր Տիգրան Օհանյանը: Սոպրանո Քրիստինե Սաֆարյանն էլ արժանացել է հատուկ մրցանակի` որպես Յազեպս Վիտոլսի ստեղծագործությունների լավագույն օտարազգի կատարող: Որպես լավագույն կոնցերտմեյստեր մրցանակ է ստացել նաեւ Ելենա Վարդազարյանը:

 

ՈՐԴԻ ԿՈՒՆԵՆԱ
Դեռեւս հունիսի սկզբին հանրությունը տեղեկացավ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի երկրորդ հղիության մասին: Այսօր արդեն ռեալիթի-շոուների աստղը հայտնել է ապագա երեխայի սեռը: Նա իր ամուսնուն` ռեփեր Քանյե Ուեսթին, այս անգամ կպարգեւի որդի:
«Դու այնքան լավ հայր ես Նորթի համար եւ լավագույնը կլինես մեր ապագա որդու համար»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Քարդաշյանը:
Վերջինս տարբեր առիթներով հայտարարել է, որ ինքն ու ամուսինը երազում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ: Հիշեցնենք, որ նրանց առաջնեկը` Նորթը, ծնվել է 2013 թվականի հունիսին:




Լրահոս