Բաղրամյան պողոտայում տոն է. հաղթանա՞կ, թե՞ ժամանակավոր ուրախություն. ուղիղ միացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում իսկական տոն է: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի դուրս եկած հազարավոր հայեր հաղթանակն են տոնում: Պատճառը քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն է այն մասին, որ կառավարությունն իր վրա է վերցնում թանկացման ողջ բեռը, ուստի նախագահը կոչ է անում ազատել Բաղրամյան պողոտան:

Այսպիսով, կարող ենք վստահ արձանագրել, որ օրեր առաջ Armlur.amհրապարակումը, որի համաձայն երիտասարդ ակտիվիստների` «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած մոտ մեկ շաբաթ տևած ակցիան, կարծես թե, տվեց իր ցանկալի պտուղները, արդեն իսկ իրականություն է: Հանրության համառ պայքարն էր պատճառը, թե այլ հանագամանք, յուրաքանչյուրի համար տարբեր կարող է լինել, սակայն ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ իշխանությունները հստակ որոշում են կայացրել զիջումների գնալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում: Նրանք այլ ելք չունեին, քան որոշման կասեցումը կամ չեղյալ հայտարարումը, ինչը պահանջում են հունիսի 19-ից բողոքի ակցիա կազմակերպած երիտասարդները:

«Ոչ թալանին» նախաձեռնության առաջ քաշած հարցի լուծման համար Սերժ Սարգսյանի իշխանությունը երկու տարբերակ ուներ. կայացնել քաղաքական որոշում՝ ռուսական ընկերությանը պարզապես «չորելու» տարբերակով (սա, իհարկե, այնքան էլ հավանական զարգացման սցենար չէ) կամ գտնել ներդրող (ներդրողներ), ովքեր իրենց վրա կվերցնեն ՀԷՑ-ի կուտակած պարտքերը մարելու և էլ.էներգիայի սակագինը չբարձրացված տարբերակին թողնելու ծանր գործառույթը: Բայց վերջին տվյալներով ՀՀ Կառավարությանն ու ՀՀ նախագահի նստավայրի համապատասխան աշխատակիցներին դեռ չի հաջողվել ներդրողներ գտնել:

Այդուհանդերձ, հնարավոր է «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը լինի ներդրողը, քանի որ ինչպես տեղեկացրել էինք, այսօրվա ընթացքում «Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը բանակցութուններ է վարում «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հետ` Հայաստանի էլեկտրական ցանցերը գնելու շուրջ: Պարզվում է՝ և՛ ռուսական, և՛ հայկական կողմը խնդրում, հորդորում է ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին, որպեսզի նա գնի ՀԷՑ-ը եւ հնարավոր լինի հարցը փակել ու մեղմել Հայաստանում սրված քաղաքական ու քաղաքացիական իրավիճակը:

Սակայն Armlur.am-ի ունեցած տեղեկություններով, Սամվել Կարապետյանը պահանջել է միջազգային աուդիտորական եւս մի ընկերության պատվիրել՝ ուսումնասիրելու բարոյապես և տնտեսապես մաշված ՀԷՑ-ի գործունեությունն ու հնարավորությունը, որպեսզի հասկանա, թե ինչքան ներդրումներ անելուց հետո հնարավոր կլինի խելքի բերել տարիներ շարունակ թալանով զբաղված ընկերության գործունեությունը, որպեսզի քաղաքացին չտուժի:




Լրահոս