ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ
ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրվում է նախօրեին Երեւանում ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների առջեւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Իրինա Հովհաննիսյանի հանդեպ հարձակման մասին տեսանյութը, որը տեղադրվել էր ռ/կ-ի կայքէջում: «Ազատության» լրագրողը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու:

ԱՂՔԱՏ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄ
UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը երեկ հայտարարել է, թե Հայաստանում հաշմանդամ երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում: Նրա խոսքով՝ հաշմանդամ երեխաների ոչ պաշտոնական թիվը Հայաստանում կարող է հասնել 12 հազարի, իսկ պաշտոնապես գրանցված են 8000 հաշմանդամ երեխաներ:

ԹՈՒՐՔԻԱՆ ԹՔԱԾ ՈՒՆԻ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ի կեսօրին ժամանել է Ստամբուլ։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նրան օդանավակայանում դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը, Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն եւ այլ պաշտոնյաներ։ ՌԴ նախագահն օդանավակայանից ուղղվել է դեպի Ստամբուլի Դոլմաբահչեյի պալատ` Թուրքիա-Ռուսաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 3-րդ համաժողովին։ Նկատենք, որ որեւէ երկրի, այն էլ Ռուսաստանի նման գերտերության ղեկավարին ընդամենը նախարարի մակարդակով դիմավորելը Թուրքիայի կողմից բավական խոսուն վերաբերմունք է: Մոտ մեկուկես տարի առաջ էլ գրեթե նույն մակարդակով ընդունել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին:

ՉԵՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
Վրաստանի ոստիկանության հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի բաժնից galatv.am-ի թղթակիցը ճշտել է, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից Վրաստանում մի կնոջ մահացու ելքով վրաերթի ենթարկելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ այդմ, պարզվել է, որ 1933թ. ծնված Ռոզա Ներսիսյանին վրաերթի ենթարկելու համար մեղադրվում է ՀՀ քաղաքացի, Գյումրու բնակիչ Զորիկ Պետրոսյանը, որը Գյումրու գրանցում ունի, բայց ժամանակավոր բնակություն է հաստատել Վրաստանում: «Քաղաքացուն վրաերթի է ենթարկել «Հյունդաի Սանտա Ֆե» մեքենայի վարորդը, մեքենայի պետհամարանիշները հայկական են, բայց գաղտնիությունից ելնելով՝ չենք կարող հրապարակել»,-ասել է Վրաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Սալոմե Ծերեթելին:

«ՕՍԿԱՐ»-Ն Է ԿԱՐԵՎՈՐ
Դեկտեմբերի 2-ին Նատալյա Բելյաուսկենեի եւ Միքայել Պողոսյանի` արցախյան պատերազմի մասին պատմող «Եթե բոլորը…» ֆիլմը ցուցադրվել է Լոս Անջելեսում կայացած «Արփա» փառատոնի փակման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով փառատոնի պաշտոնական կայքը, Պողոսյանը փառատոնի շրջանակներում ճանաչվել է 2012թ. լավագույն արտիստ: Այ եթե նման արդյունքի գոնե կեսը հաջողվի ստանալ «Օսկար» մրցանակաբաշխությանը, հրաշալի կլինի:

ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՖՌՖՌՈՒՄ Է
«Ա1+»-ի տեղեկացմամբ` ընդամենը օրեր առաջ Կուբայից վերադարձած Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը հիմա էլ մտածում է «մի ուրիշ տեղ մեկնել՝ Աֆրիկա»: 13 տարի շարունակ, իր բառերով, ժողովրդի հոգսով ապրելուց հետո որոշել է մի քիչ էլ իր մասին մտածել: Արդյունքում չի խոստանում որպես թեկնածու մասնակցել 2013թ. նախագահի ընտրություններին:

ՎԱՃԱՌԵ՛Ք ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում առաջարկել է վաճառել Հարկային պետական տեսչության պետ Գագիկ Խաչատրյանի ծաղկաձորյան առանձնատունը եւ այդ գումարով իրականացնել հարկային վարչարարության բարելավումը, որի համար  կառավարությունը Համաշխարհային բանկից 12 մլն դոլարի նոր վարկ է վերցնելու. «Վաճառքի հանեք՝ 4 հատ այդպիսի ծրագիր կանեք»,-խորհուրդ է տվել պատգամավորը:

ԱԺՄ-Ն ԴԵՌ ԿԱ՞
Դեկտեմբերի 1-ին ԱԺՄ կուսակցության խորհրդի նիստում որոշվել է, որ 2013թ. ՀՀ նախագահական ընտրություններին ԱԺՄ-ն թեկնածու չի առաջադրելու: Որոշվել է նաեւ 2013թ. հունվարին հրավիրել խորհրդի ընդլայնված նիստ` հստակեցնելու ԱԺՄ դիրքորոշումը՝ կապված նախագահական ընտրությունների հետ:




Լրահոս