ԹԱՏՐՈՆՆ ԻՄ ՀԱՍՑԵՆ Է, ԻՄ ՏՈՒՆԸ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի ՋՈՒԼԻԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ կարելի է զրուցել շատ երկար. բացի այն, որ նա հետաքրքիր կին է, նաեւ շատ հստակ է պատկերացնում իրականությունն ու ցավում իր շուրջը կատարվող ամեն մանրուքի համար:
-Գիտենք, որ «Արի՛ ամուսնանանք» հաղորդումը տեւական ժամանակ է` փակվել է, այդ դեպքում ի՞նչ ենք մենք տեսնում եթերում:
-Վերջին հաղորդումը անգամ եղել է անցած տարվա դեկտեմբերին: Հիմա կրկնությունը գնում է: Մենք բողոքում ենք ամեն ձեւով, բայց ոչ մի բան դուրս չի գալիս:
-Քանի՞ ամիս տեւեց նախագիծը, եւ արդյոք զույգեր ձեւավորվեցին:
-8 ամսվա ընթացքում 3 զույգ ունեցանք: Մեկն ամուսնացավ, արդեն տղա երեխա ունեն: Թվում էր, թե «Արի՛ ամուսնանանք» հաղորդումը Հայաստանի պայմաններում ջրիկ հաղորդում էր, բայց ես կարծում եմ, որ այն շատ կարեւոր էր, եթե ճիշտ կազմակերպվեր: Ռուսաստանում արդեն 4-րդ տարին է՝ գնում է այդ հաղորդումը, որովհետեւ այնտեղ ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպված: Մարդիկ ազատ պատմում էին իրենց պատմությունները, հանգիստ ու թեթեւ զրուցում: Բայց երբ մի օր ես հաղորդումներից մեկի ժամանակ ասացի. «Տղա՛ ջան, դու 30 տարեկան ես, երբեւէ սեքս ունեցե՞լ ես», մեզ դիտողություն արեցին, թե ես բաց բաներ եմ ասում: Ահավոր կոմպլեքսավորված է մեր ժողովուրդը: Թեպետ այդ կոմպլեքսների կողքին էլ այնպիսի այլանդակություններ են կատարվում, որ էլի ոչ մի տեղ չի կատարվում:
Բոլոր երկրներում էլ կան աղջիկներ ու տղաներ, որ փողոցում տնկվում են, բայց մեզ մոտ արդեն Հանրապետության հրապարակ են հասել: Նույնիսկ դա է կուլտուրա պահանջում: Ես երկար տարիներ ապրել եմ Եվրոպայում ու տեսել այդպիսի աղջիկների մայրուղիների վրա, բայց նրանք երբեք չէին հարձակվում հաճախորդների վրա, իրենց համար կանգնում էին:
-Ի՞նչ կասեք այն մասին, որ «Արի՛ ամուսնանանք» հաղորդումը բեմականացված շոու է եղել, ու մասնակիցներն էլ 5000 դրամի դիմաց են եկել, նստել ստուդիայում:
-Ես քիչ ինֆորմացիա ունեմ դրա մասին, որովհետեւ ինձ դա չէր հետաքրքրում, մենք պարզապես վարում էինք ծրագիրը: Նրանք ներս էին մտնում, մենք իրենց տեսնում էինք հենց այդ պահին: Անկեղծ եմ ասում, ես տեղեկացված չեմ՝ ովքեր են եղել շինծու, ովքեր՝ իսկական: Բայց այն, որ 18-20 տարեկան երիտասարդները գալիս էին ամուսնանալու համար, ես նրանց չէի հավատում: Ես կարծում էի, որ նրանք իրենց գովազդի համար են գալիս:
-Հաղորդումը չկա, չկան նաեւ սերիալներն ու նախագծերը, որտեղ Դուք նկարահանվում էիք, հիմա ինչո՞վ եք զբաղվում:
-Աշխատում եմ Գ. Սունդուկյանի եւ Հ. Պարոնյանի անվան թատրոններում:
Հեռուստատեսությամբ ես զբաղված չէի մի ամբողջ տարի, բայց շուտով պետք է սկսվեն նոր նախագծեր: Հիմա հրավիրել են մի սերիալ, որը կապված չէ որեւէ հեռուստաընկերության հետ, կոչվում է «Ընտրյալները», մի ամիս է՝ արդեն նկարահանվում ենք: Ունեմ նաեւ հրավերք 3 կոմերցիոն ներկայացումներից:
-Դժվա՞ր չէ, որ ստիպված եք մի քանի տեղ աշխատել, որպեսզի կարողանաք սոցիալական խնդիրներ լուծել:
-Դա իմ թույլ տեղն է, որովհետեւ կար ժամանակ, երբ ես իսկապես սարսափելի ծանր զբաղվածության մեջ էի, նույնիսկ գիշերային նկարահանումներ ունեի, այլեւս ուժ չունեի: Բայց այդ ընթացքն ինձ համար ֆինանսապես կարգավորված շրջան էր: Հիմա չեմ ուզում ասել, թե բողոքում եմ, միեւնույն է, ո՞ւմ բողոքես, դա քո անձնական կյանքն է, բայց չէ՞ որ ապրել անհրաժեշտ է: Պետք է ամուսնուս հետ կարողանանք մեր ընտանիքն ապահովել: Երբ  հեռուստաընկերություններում աշխատանք չկա, մի քիչ բարդանում է ապրելը: Մի քիչ տխուր եմ, որովհետեւ եկամտի պակաս կա, իսկ տանը մենք ունենք երկու թոռնիկներ, որոնց մասին մենք ենք հոգ տանում: Ու մի քիչ դժվար վիճակ է, երբ դու տուն գալիք գումար չունես, բայց ծախսելու հարցերը շատ են: Թեպետ ես տանը թույլ չեմ տա, որ որեւէ մեկը դա զգա: Ինչ էլ լինի, ոնց էլ լինի, ես կարողանում եմ այնպես կազմակերպել, որ իմ երեխաները զգան, թե մենք ապահով ենք, ոչ մի բանի կարիք չունենք, որ տան երջանկությունը չխաթարեմ:
Թատրոնն իմ հասցեն է, իմ տունը, իմ սեփականությունը, իմ երակը, բայց միայն թատրոնի աշխատավարձով ապրել չես կարող, սերիալներն են եկամտի աղբյուր: Հետո, սերիալներն էլ մեր` դերասաններիս համար են, ինչո՞ւ չնկարվել: Ես մեծ բողոք ունեմ, երբ դրսից չդերասանների են զբաղեցնում սերիալներում, ինձ հետաքրքիր չէ խաղալ դերասանության հետ կապ չունեցող «կոլեգայի» հետ:
-Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին: Տեսողական մակարդակում կարծես շարժ կա, փառատոներ են կազմակերպվում, մեզ էլ ասում են, թե մշակույթը զարթոնք է ապրում…
-Բոլոր ցիվիլ երկրներում էլ լինում են փառատոներ: Մեզ մոտ էլ կա ու պետք է լինի, որ մեր երիտասարդությունը զարգանա, գոնե գնան, մասնակցեն, դիտեն:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս