Այս հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մարդիկ պատրաստ են մտնելու գործընթացների մեջ, լինել տեղեկացված, դառնալ որոշումների կայացմանը մասնակից: Նման տեսակետ է հայտնել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարնախարար Դավիթ Հարությունյանն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: «Սա այն ողջամիտ լուծումն է, որը պետք է առաջարկվի: Անվստահությունն ամենաքայքայող բանն է, որ կարող է լինել մեր երկրում: Այն ունի բազմաթիվ պատճառներ, և երկրում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որոնք ծնում են այդ անվստահությունը: Մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք՝ իշխանությունները փոխվեն, հասարակությունը դառնա ավելի տեղեկացված երկրի անցուդարձի մասին», «Արմենպրես»ի հաղորդմամբ` ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ պետք է պլանավորել մինչև 2036 թվականը, թե ինչպիսի զարգացումներ պետք է ապրի երկրի էներգետիկ համակարգը: «Ի վերջո մենք ունենք մաշված կայաններ, էլեկտրաէներգիայի օգտագործման աճող միտում, և այդ պարագայում ամենը պետք է պլանավորել: Իսկ ամենը հանգում է սակագնին և պետք է ընտրել այնպիսի մոդել, որը կնվազեցնի սակագինը: Շատ կարևոր է, որ մեր ռազմավարական հենասյունը լավ կառավարվի, և կառավարությունը շահագրգիռ է, որպեսզի այնտեղ ամենը արվի պատշաճ: Սակայն կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա»,նկատում է կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարը:
Իսկ ՀԷՑի աուդիտը կնպաստի իմանալ, թե որքանով էր արդարացված սակագնի բարձրացումը, ինչ վտանգներ կարող է պարունակել սակագինը չավելացնելը: «Սակայն չեմ բացառում, որ նույն խորհրդատվական ընկերությանը կդիմենք ևս մեկ հարցադրմամբ, որպեսզի նրանք վերլուծեն, թե որքանով է մինչև 2036թ. ռազմավարությունը համապատասխանում ժամանակակից միտումներին»,- նշեց Հարությունյանը՝ կարևորելով աուդիտ կատարող ընկերության ընտրությունը, որը պետք է հանրային վստահություն ներշնչի, հանդիսանա աշխարհի լավագույն տասը ընկերություններից: Անպայման պետք է խորհրդակցել հասարակական ակտիվիստների և քաղաքական ընդդիմության հետ, որպեսզի միասին ընտրվեն ներկայացված ցանկից մի քանի ընկերություն, որոնցից ընտրվի աուդիտ կատարող ընկերությունը՝ հայտարարված մրցույթի արդյունքում: Աուդիտի իրականացման համար կպահանջվի 3-6 ամիս: Պատասխանելով այն հարցին, թե մինչ աուդիտի ավարտը կառավարության կողմից էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորման դեպքում, այն միևնույն է վճարվելու է հարկատուներից գանձված գումարներից, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այն դեպքում, երբ պարզվի, որ սակագնի
բարձրացումը արդարացված չէ, ապա կառավարությունը հետ կգանձի այդ գումարները բաշխիչ ցանցերից:
Խոսելով ՀԷՑի վերավաճառքի կամ ազգայնացման մասին` Հարությունյանը նշեց, որ տեսականորեն երկու տարբերակները բացառել պետք չէ, սակայն մի կարևոր սկզբունք կա՝ պետությունը երբեք չպետք է կառավարի այդ ընկերությունը: Ազգայնացման դեպքում միևնույն է որպես կառավարիչ պետք է ընտրել ճանաչված միջազգային ընկերություն: Ցավոք, մենք ունենք տխուր փորձ, երբ երկիրն էր կառավարում այդ ընկերությունը, կուտակվում էր 50-100 միլիոն դոլարի պարտք, որը դարձյալ փոխհատուցվում էր բյուջեից, ինչն անթույլատրելի է: Նախագահը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում կան ինստիտուտներ, որոնք կարող են բերել նոր լուծումներ էներգետիկ համակարգի բարելավման համար: Առաջին հերթին նոր լուծումները պետք է բերեն համակարգի առողջացմանը: Մեր էներգետիկ շուկան շատ փոքր է և մի տարվա սակավաջրությունը մեծ ազդեցություն է ունենում ընկերության գործունեության վրա, բնական է՝ այդ պարագայում օգտվել առևտրային վարկերից՝ լուծում չէ:
Ի վերջո, եթե որոշակի պատճառներով դոլարդրամ հարաբերակցությունը փոխվեց, և գազը, որը վաճառվում է Հայաստանի Հանրապետությանը դոլարով, թանկացավ, ապա անխուսափելի է, որ հոսանքը, որը արտադրվում է գազի հիման վրա, թանկանալու է: «Կան երևույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, և ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որ առկա են, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաև բնակչությունը», – ընդգծեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: