«Ինտեր ՌԱՕ»-­ն կարող է վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը». Коммерсант

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում էլեկտրաէներգիայի գնի աճի պատճառով տեղի ունեցող բողոքի ակցիաները կարող են ստիպել «Ինտեր ՌԱՕ»­-ին վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցերը». հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ է վարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»­-ը, հունիսի 29-­ին գրում է «Կոմերսանտ» թերթը: Ինչպես նշում է հրատարակությունը, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հարցում կարող են խնդիրներ ծագել. ՀԷՑ­-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանություններն ընկերության վնասները չփոխհատուցեն բյուջեից:

«Տաշիր» խմբի ներկայացուցիչներն իրենց հերթին «Կոմերսանտ»­ին հայտնել են, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-­ը: «Եթե հայտարարություն լինի վաճառքի մասին, այդժամ արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքանով է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,­ «Կոմերսանտ»-­ը մեջբերել է խմբի ներկայացուցչի խոսքը:

Դրա հետ մեկտեղ «Կոմերսանտ»-­ի աղբյուրը, որը ծանոթ է Հայաստանի էներգետիկայում տիրող իրադրությանը, հաստատել է ինչպես «Տաշիր»-­ի, այնպես էլ «ազգությամբ հայ ռուսաստանցի այլ գործարարի հետ» բանակցությունների փաստը




Լրահոս