ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ ՍԻԲԻՐԱԽՏԻ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օրեր առաջ ՀՀ Գեղարքունիքի մարզից մի խումբ անասնապահներ ու մսավաճառներ այցելել էին “Ժողովուրդ”-ի խմբագրություն ու դժգոհում էին՝ ասելով, որ սիբիրախտի հետեւանքով հայտարարված կարանտինի պատճառով իրենք մեծ վնասներ են կրում: Նրանք վրդովված տեղեկացրին, որ երկար ժամանակ է, ինչ կենդանու անկում չի գրանցվել, սակայն Վարդենիսի մսի վաճառքի կետերը շարունակում են փակ մնալ:
Հիշեցնենք, որ սիբիրախտի դեպքեր գրանցվել էին նաեւ Տավուշի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում, որտեղ հսկողությունը շարունակվում է: 
Մեզ դիմած քաղաքացիները պատմեցին, որ Վարդենիսում եւ հարակից համայնքներում լուրեր են պտտվում, թե սիբիրախտի առկայությունը սուտ է: “Եթե սիբիրախտից սատկեին անասունները, ապա մյուսներն էլ մեկ ժամվա ընթացքում կվարակվեին ու կսատկեին: Չէ՛, նման բան չկա: Չենք հասկանում, թե ինչ է սա: Նույնիսկ հիվանդ մարդ չկա: Ինչ նպատակներ է հետապնդում, ինչ են ուզում անել՝ պարզ չէ: Միգուցե սառեցված միս են ներկրել եւ ուզում են արագ սպառե՞լ: Մեզ մոտ բոլոր բժիշկներին հարցրե՛ք ու կտեսնեք, որ ոչ մի սիբիրախտ էլ չկա: Անասուններ ունենք, չենք կարողանում վաճառել, դիմացն էլ Նոր տարի է, լրիվ սովամահ ենք եղել”,-դժգոհեց անասնապահ Գառնիկը (անունը փոխված է): 
Անասնապահների  պատմելով՝ Վարդենիսի տարածաշրջանում կա 100 հազար անասուն, ու ամեն օր կենդանու անկում  է լինում: Մեկը խեղդվում է, մեկը՝ հիվանդանում, մյուսը` կարտոֆիլ կամ երկաթ կուլ տալիս: Այսինքն` տարբեր պատճառներով են անասունները սատկում: “Վերջերս մի անասուն սատկեց, անասնաբույժի հետ միասին պարզեցինք, որ սխտոր էր կուլ տվել, որից խեղդվել էր ու սատկել: Բայց անալիզը հասավ Երեւան ու ցույց տվեց, որ սիբիրախտ է: Ախր կենդանին սխտորից էր խեղդվել: Դեպք էր եղել, որ գելը խփել էր հորթին, սատկել էր, բայց ասին՝ սիբիրախտ է”,-հեգնանքով թվարկեց Գառնիկը:
Բացի անասնապահներից, այս օրերին մեծ վնասներ կրեցին նաեւ մսավաճառները: Նրանցից մեկը հուզված ձայնով տեղեկացրեց, որ իր մսի վաճառքի կետը փակվել է առանց գրավոր կարգադրության: “Ահագին միս ունեի: Փակվելու օրն ավելի քան 300 հազարի վնաս կրեցի: Հիմա վաճառքի կետը փակ է, բայց ուզած-չուզած դրա հարկը պետք է տանք: Չենք աշխատում, ուսանող ունենք, իսկ ուսման վարձը չենք կարողանում տալ: Վարկեր ունենք փակելու, չգիտենք, թե ինչ անենք: Թող կարանտինը դնեին այն գյուղի մոտ, որտեղ իրականում հայտնաբերվել է, բայց բերել են ու ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը փակել: Երկու ամսից ավելի է, ինչ միս չեն ուտում բնակիչները”,-աստիճանաբար ձայնը բարձրացնելով՝ դժգոհեց մսավաճառը: 
Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Վարդենիսում եւ հարակից գյուղերում ամեն օր 50-ից 100 կենդանի է մորթվում ու վաճառվում փողոցային առեւտրի ձեւով: Բա էլ կարանտինն ի՞նչն է վերահսկում: Երբեմն չվաճառված միսը գիշերային ժամերին գաղտնի կերպով բաժանվում է ժողովրդի մեջ: “Քաղաքի վաճառքի կետերի առեւտուրն արգելում են, իսկ փողոցային առեւտուրը` ոչ: Չէ՞ որ միշտ բժիշկների հսկողության տակ է միս վաճառվել: Մաքուր տեղում միս վաճառելն արգելվում է, բայց կեղտոտ փողոցում` ոչ: Անցյալ ամիս շուրջ 20 հազար մարդու տանը միս է օգտագործվել: Հարսանքատիրոջ, մեռելատիրոջ տանը, բայց ոչ ոքի հետ ոչինչ չի եղել”,-զայրացած նկատեց մսավաճառը:
Անասնապահներից “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ համապատասխան միջոցառումներ, իհարկե, կատարվել են, սակայն վակցինացիա իրականացվել է միայն մանր եղջերավորների դեպքում, իսկ խոշոր եղջերավորներին նույնիսկ գարնանը չեն պատվաստել:
Դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության եւ սննդամթերքի անվտանգության վերահսկման տեսչության պետ Գրիշա Բաղյանին` տեղեկանալու՝ արդյոք  փոխհատուցում տրվելու է սիբիրախտի հետեւանքով վնասներ կրած քաղաքացիներին: “Այսօր դեռ ՀՀ կառավարությունում նման հարցեր չեն քննարկվում, գուցե վերջանալուց հետո քննարկվի, չգիտեմ: Բայց փոխհատուցման մասին վաղ է խոսել: Այդքան էլ շատ չեն կորուստները”,-նշեց Բաղյանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ նա երեկ այցելել էր Գեղարքունիքի մարզ. Վարդենիսի քաղաքապետարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով` սիբիրախտի թեմայով քննարկումներ անցկացնելու համար:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը “Ժողովուրդ”-ին տեղեկացրեց, որ կենդանու անկում է գրանցվել Մեծ Մասրիկ համայնքում, սակայն պատճառն առայժմ հայտնի չէ, քանի որ լաբորատոր հետազոտության պատասխանը դեռ չկա: Սիբիրախտ հաստատվելու դեպքում եւս 15 օրով կարանտինը կշարունակվի: Իսկ մարդկանց կրած վնասների փոխհատուցման մասով մարզպետն ասաց. “Նման բան չկա: Ի՞նչ փոխհատուցման մասին է խոսքը: Ո՞ւմ է ձեռնտու այս վիճակը”: 
Թե երբ պաշտոնապես կհայտարարվի սիբիրախտի ավարտի մասին, հայտնի չէ: Սակայն մի բան ակնհայտ է. սիբիրախտի հետեւանքով հազարավոր մարդիկ են վնասներ կրել, իսկ ՀՀ կառավարությունը ոչ միայն քայլ չի ձեռնարկում՝ իրավիճակին լուծում տալու համար, այլեւ խուսափում է անգամ խոսել տուժած քաղաքացիների փոխհատուցման մասին: Մի խոսքով՝ պետական անպատասխանատվության իրական դրսեւորում՝ դրանից բխող զզվելի ու վտանգավոր հետեւանքներով:  
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս