ՀԱՆՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԳԻՇԵՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 6 օր տեւած բողոքի զանգվածային ակցիաները մի շարք կարծրատիպեր են կոտրում. Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները ցույց տվեցին, որ առանց քաղաքական լիդերների հնարավոր է քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել, իրապես հասարակությանը հուզող խնդիրներ առաջ քաշել եւ պարտադրել իշխանություններին լուծումներ գտնել: Բայց այդ չկազմակերպվածությունն էլ իր հերթին է որոշակի խնդիրներ հարուցում:

Երեկ եւս Բաղրամյան պողոտան մարդաշատ էր: Երիտասարդներն ակտիվորեն ինքնակազմակերպվում էին, բարիկադներ էին կառուցել «Սանիտեկ» ընկերության աղբամաններով, բարձրախոս էին ճարել, որ իրենց խոսքը շարքերին հասու լիներ, եւ համառ պայքարի կոչեր էին անում միայն՝ խնդրելով չշեղվել հիմնական նպատակից եւ այլ կոչեր չհնչեցնել՝ բացի էլէներգիայի սակագնի կասեցման, չեղարկման մասին պահանջներից: Բանն այն է, որ ընդդիմության երիտասարդները երբեմն-երբեմն ակտիվանում էին ու սկսում բղավել «Սերժիկ, հեռացի՛ր» կամ այլ կարգախոսներ, ինչը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ճիշտ չհամարեցին:
Երեկ գիշեր եւս մի շարք պատգամավորներ, հասարակական ու մշակութային գործիչներ Բաղրամյան պողոտայում էին, որպեսզի իրենց շարած պատնեշով թույլ չտային ոստիկաններին ուժային գործողություններ կիրառել: Թեեւ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը բազմիցս հայտարարեց, որ ուժ չեն կիրառի, քանի որ հավաքը խաղաղ է:
Նկատենք, որ քաղաքական լիդերներ չունեցող մեծաթիվ երիտասարդությունը արդեն 2 օր է՝ մեծ PR հարթակ է դարձել քաղաքական մի շարք ուժերի ու գործիչների համար: Բոլորը գալիս են՝ քաջալերելու երիտասարդներին, նկարահանվում են, ուղիղ եթերով ելույթ ունենում, հերոսանում ու գնում տուն:
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ պատգամավորները Արթուր Բաղդասարյանին պատկանող հեռուստաընկերության օպերատորների ուղեկցությամբ են շրջում պողոտայում եւ ինքնահարցազրույցներ տալիս, ԲՀԿ-ական պատգամավորները առաջին պատահած տեսախցիկի առջեւ են կոկետություն անում, քանի որ Գագիկ Ծառուկյանի խայտառակ նահանջից հետո այդ կուսակցությունը ռեաբիլիտացիայի կարիք ունի, դաշնակցության պատգամավորներն իրենց «Երկիր մեդիա»-ով են գովազդն ապահովում, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորներն ու գործիչները հասարակության ֆոնին իմաստուն հարցազրույցներ են տալիս եւ կամաց-կամաց լքում «խրամատը»: Իսկ «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագրից» Նիկոլ Փաշինյանը, որոնք գիշերել էին պողոտայում, առավոտյան անգամ մաքրություն էին անում:
Իսկ քաղաքացիների մի մեծ զանգված, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն չունի «Ոչ թալանին» կամ այլ նախաձեռնության ու քաղկուսակցության հետ, խորը անորոշության մեջ է: Բազմաթիվ մարդիկ երկու օր է՝ պողոտա են գալիս ու այսուայն կողմ հարցնում՝ ի՞նչ է լինելու, այսպես մինչեւ երբ եւ այլն: Բայց հանուն արդարության պետք է ասել, որ ՀՀ քաղաքացիների իրավագիտակցությունը՝ համեմատած տարիներ առաջ հանրահավաքի եկողների հետ, էականորեն փոխվել է: Շատ քաղաքացիներ հանրահավաքի են գալիս, սուսուփուս կանգնում, երգում կամ պարում՝ համարելով, որ հենց իր ներկայությունն արդեն քաղաքացիական պարտականություն է, որը կստիպի հարց լուծել մեր երկրում: Բայց քանի որ հանրահավաքի մասնակիցների մեջ կան նաեւ պրոֆեսիոնալ սադրիչներ, նրանք մարդկանց մղում են ագրեսիվության: Օրինակ՝ նախօրեի գիշերը շատ քաղաքացիներ պարբերաբար հարձակվում էին ոստիկանների եւ հասարակության միջեւ պատի պես կանգնած պատգամավորների վրա՝ ասելով, թե՝ ինչու եք կանգնել, մի բան ասեք, նրանց բացատրում էին, որ իրենք ոչինչ չեն ասելու, քանի որ նախաձեռնության հեղինակն իրենք չեն, այլ ընդամենը եկել են սատարելու, մեկ ուրիշը բղավում էր, թե՝ բա ուր էիք մինչեւ հիմա, երրորդը ամոթանք էր տալիս, թե ինչու են պատգամավորները մեջքով կանգնել ոստիկաններին եւ այլն: Թերեւս միակ արդարացի դժգոհությունն ուղղված էր ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին եւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին ուղղված վանկարկումներին, որոնցով պահանջում էին ՀՀԿ-ականներին հեռանալ տարածքից:
Ու պետք է ցավով արձանագրել, որ Հայաստանում առկա քաղաքական ու տնտեսական իրավիճակն այնպիսի կացության մեջ է դրել ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, որ մարդիկ պարզապես կորցրել են Հայաստանում բարեկեցիկ ապրելու իրենց հույսն ու հավատը՝ դրա համար մեղադրելով ոչ միայն իշխանություններին: Այդ անհավատությունն այնքան է խորացել մարդկանց մեջ, որ սկսել են նաեւ իրար չվստահել: Ցուցարարները պարբերաբար իրենց շարքերում գործակալներ ու սադրիչներ են փնտրում, կռվում նրանց հետ (հաճախ տեղին, բայց հաճախ էլ՝ անմեղ մարդկանց վիրավորելով): Մի խոսքով՝ թացն ու չորը խառնվել է:
Հուսանք, որ այս շարժումը կօգնի՝ վերականգնելու հավատը, որը բռնաբարվել է տարիներ շարունակ՝ 2003-ից սկսած, երբ ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Ստեփան Դեմիրճյանը հանրահավաքի մասնակիցներին թողնում էր փողոցում եւ գնում թեյ խմելու: 2008-ին էլ Լեւոն-Տեր Պետրոսյանը «տնային կալանքի» անվան տակ կրակի բերանում թողեց հավաքված հազարավոր քաղաքացիների: Դե, վերջին՝ 2013-ի նախագահական ընտրություններից հետո էլ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ աղոթելու եւ մոմ վառելու Ծիծեռնակաբերդում:
Աչքի տակ ունենալով այս առաջնորդների գործած սխալները՝ թերեւս կծնվեն իրական լիդերներ, որոնք հասարակությանը կուղղորդեն դեպի հաղթանակ: Թե չէ առանց լիդեր ամեն ինչ տարերային կդառնա ինչ-որ պահի՝ հարուցելով նոր հիասթափություն:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ԹՈՔՄԱՋՅԱՆԸ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ, ՈՐ ԱՅԼԵՎՍ ՌԵԿՏՈՐ Չէ

Ինչպես հայտնի է՝ հունիսի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի պետական ճարտարագիտական համլսարանի ռեկտորի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին` դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը եւ գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: 19 կողմ ձայնով ռեկտոր էր ընտրվել իշխանության դաշնակցական թեկնածու Ոստանիկ Մարուխյանը: Իսկ ռեկտորի մյուս թեկնածու Հովհաննես Թոքմաջյանը ստացել էր 12 ձայն, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա օգոստոսին համացանցում հրապարակվել էր սկանդալային խոսակցություն գլխավոր գործող անձինք պոլիտեխնիկի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ու նրա աշխատակիցներից մեկի՝ Ռուզաննա Հայրապետյանի միջեւ: Ըստ այդ վիրտուալ խոսակցության՝ Թոքմաջյանն ու իր սիրուհին, որը նույն բուհի դասախոս է, անպարկեշտ համակարգչային գրագրություն են ունեցել ու նաեւ վիրավորական արտահայտություններ են արել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հասցեին: Մինչդեռ Թոքմաջյանն արդարանում էր՝ հայտարարելով, որ կիբեռհանցագործները կոտրել են իր էջը, իսկ խոսակցությունը կեղծ եւ նախապես ծրագրավորված է եղել:
«Ժողովուրդ»-ը զրուցեց սկանդալների կիզակետում մշտապես հայտնված, պոլիտեխնիկի նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչով է նա այժմ զբաղվելու:
-Պարո՛ն Թոքմաջյան, Դուք ռեկտորի պաշտոնում չվերընտրվեցիք: Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Այսուհետ Երեւան համայնքի ավագանու նիստերին պետք է մասնակցեմ:
-Ինչպե՞ս եք համակերպվում այն մտքի հետ, որ այլեւս ռեկտոր չեք:
-Ես ի՞նչ կարող եմ ասել (ծիծաղում է-Ս.Հ.): Համակերպվել եմ արդեն: Ես ամեն ինչ արել եմ ինստիտուտի համար եւ լավ եմ արել:
-Պարո՛ն Թոքմաջյան, այն տեղեկությունները, ըստ որի՝ Դուք ամեն ինչ արեցիք, որպեսզի կանխվի Ձեր պաշտոնաթողությունը: Խոսվեց նաեւ այն մասին, որ Դուք այս հարցում խառնել եք նաեւ Ղարաբաղի իշխանություններին…
-Ինձ նման հարցեր մի՛ տվեք: Այդ մասին բազմիցս խոսվել է: Անցել են դրանք արդեն: Այդ խոսակցություններն էլ սուտ են:
-Կիսատ թողած ի՞նչ գործեր ունե՞ք:
-Իհարկե, ինչպես կարող է կիսատ գործեր թողած չլինեմ: Ավելին՝ միլիոն հատ կիսատ գործ կա, եւ ես ցանկանում եմ, որ նորընտիր ռեկտորը կարողանա դրանք արժանապատվորեն ավարտին հասցնել: Նրան էլ կմաղթեմ արգասաբեր աշխատանք՝ հանուն պոլիտեխնիկի: Նշեմ, որ պոլիտեխնիկը վերջին մեկ տարում այնքան հաջողությունների է հասել, որքան չէր հասել տասը տարիների ընթացքում:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 
Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ
Տավուշի մարզում սահմանամերձ համայնքներ կան, որտեղ տանող ճանապարհն անբարեկարգ է եւ նորոգման խիստ կարիք ունի: Օրինակ՝ Իջեւանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության դեպքում այն Բերքաբերի խաղաղ բնակչությանը էվակուացնելու միակ ուղին է: Սակայն սահմանամերձ գյուղի ճանապարհի նորոգման համար գումար չեն հատկացնում: Պետական պաշտոնյաները դա պատճառաբանում են ֆինանսական միջոցների պակասով: Մինչդեռ Տավուշի սահմանագոտում ճանապարհաշինության համար հարյուրավոր միլիոն դրամներ քամուն են տրվել: Եվ դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս: Հայաստանում իրավապահ, հսկող, վերահսկող մարմինները շատ են, սակայն այդ երեւույթը ոչ ոք չի ուզում տեսնել: Օրինակ` համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացված «Կենսական նշանակության ճանապարհների բարելավում» ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ աշխատանքների, 2012թ. ասֆալտապատվել է Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ-Նորաշենի խաչմերուկի 3400 մ երկարությամբ ավտոճանապարհը: Ասֆալտապատումից հետո, սակայն, դրա ծածկը շարքից դուրս է եկել: Այժմ այդ ճանապարհին ասֆալտ չկա, եւ այնտեղ մեծ փոսեր են: Նշենք, որ աշխատանքներն իրականացրել է «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ-ն: Նախկինում հետաքրքրվել ենք՝ «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանից, թե արդյոք այդ հիմնարկության տերը Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյա՞նն է: Ավետիսյանը, սակայն, ասել էր, որ հիմնարկության տնօրենը Արմեն Գագիկի Բադալյանն է: Բայց, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, «Ա.Ա.Բ պրոյեկտ» ՍՊԸ-ի իրական տերը Վոլոդյա Բադալյանն է:

 

ԵՐԲ ՍԱՀՄԱՆԱԳԻԾ ՉԿԱ
Ադրբեջանական լրատվամիջոցները աղմկում են, թե Վրաստանի Մառնեուլիի շրջանի Սադախլո համայնքի մաս կազմող, ադրբեջանաբնակ Թազաքենդ գյուղի տարածքում հայ սահմանապահները հենասյուներ են տեղադրել եւ այդ կերպ իբր յուրացրել 10 հա տարածք:«Սադախլոյի վերածնունդի միություն» շարժման ղեկավար Սաբիր Մեհտիեւը ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է, որ պատրաստվում է այդ կապակցությամբ դիմել Վրաստանի իշխանություններին: Մինչդեռ հայ-վրացական սահմանազատման բացակայության հետեւանքով Հայաստանի սահմանային գյուղերն են տուժում: 2006թ. Տավուշի մարզի Դեղձավան գյուղի հողերում փշալար է անցկացվել, որի հետեւանքով 50 հեկտար տարածք հայտնվել է սահմանագիծ-փշալրից այն կողմ: Դրանից 5 հեկտարը դեղձավանցու կողմից սեփականաշնորհված հող է, իսկ 45 հեկտարը` Դեղձավան համայնքին պատկանող խոտհարքներ եւ արոտավայրեր: Դեղձավանցիները չեն կարող այդ հողերից օգտվել, քանի որ վրացի սահմանապահները նրանց կձերբակալեն կամ կտուգանեն: Հայաստանի անկախացումից 23 տարի է անցել, սակայն հայ-վրացական սահմանի դեմարկացիան չի ավարտվել, սահմանագոտում չգիտեն, թե որտեղ է սկսվում եւ ավարտվում Հայաստանի Հանրապետության տարածքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս