ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կասկադի տարածքում

Երեւանի Կասկադի տարածքում երեկ առկա էին մեծ թվով մահակներ, մետաղյա ձողեր, քանդած սալիկներ: Բաղրամյան պողոտայում իրականացվող ակցիայի մասնակիցներն ահազանգեցին ոստիկանությանը, որ դրանք կարող են օգտագործվել իրենց դեմ:

 

 

 
ՀԱՐՑ. Ծնվել եմ 1937թ., մասնակցել եմ Չեռնոմոբիլի վթարի վերականգնողական աշխատանքներին (որը հավասար է Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների արտոնություններին): Նշեմ, որ ունեմ 2-րդ կարգի հաշմանդամություն, պահեստազորի գնդապետ եմ: Տեղյակ եմ, որ նրանց հասնում է ավանդների տրամադրումը: Խնդրում եմ ասեք՝ ես կարո՞ղ եմ ստանալ իմ ավանդը:

Հրաչյա Խաչատուրի Հակոբյան (2-րդ կարգի հաշմանդամ, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասի եւ ՀՀ Կառավարության 23.04.2014թ.-ի N460-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն` ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը տրված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված, մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:
Դուք Ձեր կարգավիճակով չեք համապատասխանում վերոգրյալ որոշմամբ սահմանված սոցիալական խմբերից որեւէ մեկին, որի պատճառով չունեք ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք:
ՀՀ Կառավարության 19.05.2014թ.-ի «ՀՀ Կառավարության ծրագրի մասին» N 511-Ա որոշմամբ նախատեսված է իրականացնել նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց սոցիալապես խոցելի ավանդատուներին օգնության տրամադրման շարունակական ծրագրեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում առաջնահերթությունը տրվել էր սահմանամերձ գյուղերի բնակիչներին (անկախ տարիքից եւ եկամտից), ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը մասնակցած քաղաքացիներին: Եւ 2014թ. ավանդների հատուցման համար հատկացվել էր 1.48 մլրդ դրամ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ապօրինի հողազավթումը վաղեմության ժամկետ ունի՞, թե՞ ոչ: Եվ խնդրում եմ ասեք՝ ապօրինի հողազավթման գործընթացն ո՞ւմ իրավասության մեջ է մտնում (թաղապետարան, դատարան, քաղաքապետարան):

Ալեքսանդր Փիլոսյան (54 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի պատասխան ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հասցեագրված գրության՝ հայտնվում է, որ բարձրացված հարցերին հնարավոր է հստակ պատասխանել միայն հողամասի կարգավիճակի կամ հասցեի վերաբերյալ ստույգ տվյալներ եւ կոնկրետ հարցեր ներկայացվելու դեպքում: Հայտնվում է, որ ընդհանուր առմամբ ՀՀ հողային օրենսգրքի պահանջների համաձայն՝ հողամասերի նկատմամբ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց իրավունքները, ինչպես նաեւ հողամասերի նկատմամբ օգտագործման իրավունքների սահմանափակումները ծագում են նաեւ ձեռքբերման վաղեմության ուժով՝ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում:
Պետության եւ համայնքների սեփականությանը պատկանող հողամասերի օտարումն իրականացվում է համայնքների ղեկավարների կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ խնդրին կոնկրետ լուծում տալու համար անհրաժեշտ է, որպեսզի խմբագրություն դիմած քաղաքացին իր ձեռքին ունեցած բոլոր ստույգ տվյալներով անձամբ ներկայանա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:




Լրահոս