Ինչպես հայտնի է, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 7-ին կայանալիք նիստում նախատեսվում է քննարկել այս անգամ էլ ջրի սակագնի բարձրացման հարցը: Բանն այն է, որ «Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մի գրություն էր ուղարկել, որով առաջարկում էր սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագները բարձրացնել:
Այդ գրությունն ուղղարկվել էր ՀԾԿՀ դեռևս հունիս ամսին: Բաղրամյան պողոտայի դեպքերի ֆոնին` այս թանկացումը կլիներ ահաբեկչության նման մի բան ժողովրդի նկատմամբ ու հենց այդ պատճառով էլ ընկերությունը հրաժարվել է իր մտադրությունից:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Veolia Ջուր ընկերությունը գրություն է ուղարկել հանձնաժողովին, որով հրաժարվում է թանկացումից` հաճախորդների բեռը թեթևացնելու պատճառաբանությամբ: Ընկերությունը հանձնաժողովին պաշտոնապես առաջարկել է սակագինը թողնել անփոփոխ:
Այնպիսի տպավորություն է, որ մինչ գրությունը ներկայացնելը Veolia Ջուր ընկերությունը չէր գիտակցում, որ ջրի գինը բարձրացնելով բաժանորդների բեռը ծանրացնում է:
Այնուամենայնիվ, Armlur.am-ը փորձեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի խոսնակ Մարիամ Ստեփանյանից պարզել, թե ի՞նչ է անելու հանձնաժողովը այդ գրության հետ: Սակայն խոսնակը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն այս պահին հոգնած է և չի կարող հստակ մեկնաբանություն տալ՝ խնդրելով զանգահարել վաղը: