Պարզվում է` ամբաստանյալի աթոռին կարելի է հայտնվել նաև խղճահարություն դրսևորելու հետևանքով: Իհարկե, քրեական գործը խղճահարության հատկանիշներով չի հարուցվել, սակայն մեղադրական եզրակացության մեջ հենց այդ հանգամանքն է շեշտվում:
Այսպես, Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) դասախոս Հովհաննես Պետրոսյանը մեղադրվում է պաշտոնական կեղծիք կատարելու և քոլեջի ուսանողների բացակայությամբ քննական գնահատականներ նշանակելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Հ. Պետրոսյանը, աշխատելով Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում` որպես դասախոս, անձնական այլ դրդումներից ելնելով, խղճահարությունից դրդված, 2014թ. հունիսի 27-ին «Շենքերի և կառույցների տեխնոլոգիա» առարկայից ՀՊՃՀ քոլեջի 2 նախկին ուսանողների բացակայությամբ, նշանակել է նրանց քննական գնահատականները` այդկերպ ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող քննական ամփոփագրում:
Հ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նշված հոդվածը նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Պոլիտեխնիկի դասախոսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը կքննվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: