ԶԻՆՎՈՐԸ ԿԱԽՎԵԼ Է ՇՈՒՇԻԻ ԲԵՐԴՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած  Հեղինե Պետրոսյանը պատմեց, որ իր որդին՝ Հայկ Մովսիսյանը, ծառայում էր ԼՂՀ-ի «Ինտերնատ» կոչվող զորամասում: Վերջինս հիվանդության պատճառով ազատվել էր ծառայությունից ու մեկնել Մոսկվա` բուժում ստանալու: Սակայն որոշ ժամանակ անց Հայաստան վերադարձած Հայկին «Զվարթնոց» օդանավակայանից միանգամից տեղափոխել են ԼՂՀ զորամաս` հայտարարելով, թե Հայկը գտնվում է հետախուզման մեջ: Այնուհետեւ նրան դատել են ու տեղափոխել Շուշիի բերդ, որտեղ Հայկը նոյեմբերի 28-ին կախվել է: Զինվորի մայրը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք չեն հավատում, թե իրենց որդին ինքնասպան է եղել:
Հրազդանի Վանատուր թաղամասի բնակիչ Հայկ Մովսիսյանի մայրը` Հեղինե Պետրոսյանը, մեզ պատմեց, որ իր որդուն զինկոմիսարիատում չեն ասել, թե նա սրտի հետ կապված խնդիրներ ունի. «Իրան տարել են Հանրապետական հիվանդանոց, որտեղ նորից նույն պրոբլեմներն է ունեցել, թղթերի մեջ գրված է, որ ոչ պիտանի է ծառայության, բայց էդքանից հետո իրան տարել են բանակ՝ ԼՂՀ-ի «Ինտերնատ» զորամաս: Իմ որդին իսկապես ուներ հիվանդություն»: Հայկը բանակ է զորակոչվել 2011թ. հունիսին: Տիկին Հեղինեի ներկայացմամբ, քանի որ Հայկը հիվանդ է եղել, չի ցանկացել ծառայել բանակում ու տրված զգեստը չի հագել. «Մի անգամ փախել ա անտառներ, այնտեղ բռնել հետ են տարել ու բացատրել են, որ էլ նման բան չանի: Էդ ընթացքում իմ որդու հիվանդությունը գլուխ է բարձրացրել, ինքն արդեն իրեն լավ չի զգացել: Անգամ այդ ժամանակ Հայկս իր երակները կտրել է: Որդուս տեղափոխել են հոսպիտալ, ու այնտեղ պարզվել է, որ էրեխուս մոտ շեղումներ կան, ու ահագին հետազոտություններից հետո որոշվել է, որ Հայկը պետք է ազատվի բանակից, ու նրան տվել են վայեննի բիլետը»:
Երկու ամիս անց Հայկին զանգահարում եւ տեղեկացնում են, որ նա կարող է գնալ ու իր զինվորական գրքույկը ստանալ. «Որոշ ժամանակ հետո Հայկի վիճակն էլի վատացավ, ես այդ ժամանակ գտնվում էի Մոսկվայում, մենք որոշեցինք Հայկին եւս տեղափոխել Մոսկվա` բուժում ստանալու համար: Հոգեբույժ էինք գտել, որպեսզի Հայկի առողջականով զբաղվեր, որ նորմալ բուժում ստանար»: 5-6 ամիս անց Հայկն ու իր մայրը Մոսկվայից վերադառնում են Հայաստան. «Օդակայանից երեխային թույլ չտվեցին դուրս գա, ասացին, թե դու ռոզիսկի տակ ես, միանգամից տարան, ու մենք չէինք կարողանում մեր էրեխուն գտնել: Դրանից հետո գործ հարուցեցին, էրեխուն դատեցին 3 տարով ու տեղափոխեցին Շուշիի բերդ»:
Հայկի մայրը նշեց, որ իրենք գնացել են ՀՀ նախկին զինկոմ Սերգեյ Չալյանի մոտ եւ նրան տեղեկացրել, թե իրականում ինչ է եղել. «Չալյանի մոտից մի երիտասարդի ասացինք, որ սենց բան կա, ասացինք, որ կարող եք Հայկի բիլետը վերցնել ու ստուգել: Ինքը վերցրեց, ստուգեց ու զանգեց ինչ-որ մեկին ու ասաց, թե էս համարի բիլետը ստուգի: Ստուգեցին ու էնտեղից պատասխանեցին, թե սա մեր խնդիրը չէ, թե ով է ԼՂՀ-ից համակարգչի մեջ մտցրել, որ Հայկը ռոզիսկի մեջ է, ես չգիտեմ, գնացե՛ք պարզե՛ք: Բայց ես ձեզ մի բան ասեմ, էդ վայեննի բիլետի մեջ ՊՆ Սեյրան Օհանյանի ստորագրությունն է, որ Հայկը ազատվում է ծառայությունից, նիուժելի՞ էդ ոչ մի նշանակություն չունի»:
Արդեն Շուշիի բերդում Հայկը մորն անընդհատ բողոքում է ու ասում, որ իրեն «փրկեն» ու այդտեղից հանեն, թե չէ ինքը չի դիմանա դրան. «Ես իմ որդուն տեսել եմ իր մահվանից 5 օր առաջ ընդամենը մեկ րոպեով, անգամ չթողեցին, որ ողջագուրվենք, ու իմ էրեխեն ինձ մի բան ասեց, թե՝ մա՛մ, խնդրում եմ, ինձ էստեղից հանի՛: Ու մի բան էլ ասեմ, դատի ժամանակ Հայկը երեք անգամ գոռաց, լացելով ասեց, որ ես մեղավոր չեմ, ես հիվանդ եմ: Իսկապես, իմ որդին հիվանդ էր ու փակ տարածությունում չէր կարողանում մնալ»:
Հեղինե Պետրոսյանի այցելությունից 4 օր հետո զանգահարում են Հայկի հորն ու ասում, որ գնան, իրենց որդու դին տանեն, քանի որ զինվորը բերդում իրեն կախել է: Մեր զրուցակիցը նշեց, որ իր որդուն դիահերձում են արել ԼՂՀ-ում, որի ժամանակ Հայկի հարազատներից ոչ ոք ներկա չի եղել: Հարազատները պահանջել են երկրորդ անգամ զինվորին դիահերձել Երեւանում. «Ու էստեղ արդեն ասեցին, որ սա պրոստինի բան չի, երեխան կապտած չէր, ավելի շատ հետեւից ձգած բան ա, իր ձեռքերն էր կապտած, ու որ բժիշկներին հարցրինք, ասեցինք, թե ինչի համար ա տենց, ասեցին, որ ուղղակի արյուն չի խաղացել ըտեղ: Իրեն սպանել են, մենք համոզված ենք»: Տիկին Հեղինեն նշեց, որ իրենք բազմաթիվ անգամ ՊՆ են գնացել ու բողոքել, սակայն իրենց ասել են, թե «գնացե՛ք, Չալյանի՛ն այդ ամենն ասեք»: Մեր զրուցակիցն ասաց, որ իրենք ամեն ինչ անելու են` պարզելու համար, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան համար:
Երեկ փորձեցինք ՀՀ ՊՆ ՌՈ պետ Սամվել Ղուկասյանից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել, սակայն վերջինս ասաց, որ իրեն զանգահարենք առավոտյան, որպեսզի կարողանա մեր հարցերին պատասխանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս