ՈՒՇԱՑՈՒՄՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այժմ ընթացքի մեջ են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի` Բարեկամավանի, Կոթիի, Ոսկեվանի, Ոսկեպարի, Բաղանիսի եւ Ջուջեւանի գազաֆիկացման աշխատանքները: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին այս գյուղերի գազաֆիկացման աշխատանքներն ավարտին էին մոտենում: Սակայն հզոր գերտերության փլուզումից հետո գազի խողովակաշարերը թալանվեցին, իսկ վերոհիշյալ գյուղերի բնակիչները մնացին «կապույտ վառելիքի» կարոտ: Սահմանամերձ Ոսկեպարը 1980-ական թվականներին բնական գազ էր ստանում Ադրբեջանից եւ դրա համար չէր էլ վճարում: Ինչեւէ, առաջիկայում բնական գազը մուտք կգործի վերոհիշյալ 6 գյուղեր: Կարելի է չկասկածել, որ նախագահական ընտրությունների նախաշեմին կկատարվի գազատարի հանդիսավոր բացում: Այդ ամենը կներկայացվի որպես սահմանամերձ գոտու բնակչության նկատմամբ իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի հոգածության արգասիք: Սակայն ոչ ոք չի հարցնի, թե ինչու այդ գյուղերի գազաֆիկացումն ավելի վաղ չէր կատարվում: Քանի՞ հեկտար անտառ է հատվել, որպեսզի նշված անտառամերձ գյուղերի բնակիչները ձմռանը ջեռուցեն իրենց տները: Արդեն 3 տարի է, ինչ Բաղանիսի ծայրամասում գործում է ավտոգազալցակայան: Բնական գազատարն անցնում է գյուղի ծայրով, սակայն բնակիչները չեն կարողանում օգտվել դրանից: Մարդիկ ստիպված են ամռանը մի բաժակ սուրճ եփելու կամ կերակուրը տաքացնելու համար վառարան վառել: Առաջիկայում բնական գազի սակագինը կբարձրանա, իսկ սահմանամերձ այս գյուղերի բնակչության մեծ մասը սոցիալապես անապահով է: Հայտնի է, որ վառելափայտը բնական գազից էժան է, իսկ առաջիկա թանկացումից հետո էլ այդ տարբերությունն ավելի կմեծանա: Ո՞վ է ուսումնասիրել, թե հիշյալ գյուղերի բնակչության քանի տոկոսն է ունակ վճարել թանկացող գազի համար: Չստացվի այնպես, որ նորակառույց գազատարն ի սկզբանե տնտեսապես աննպատակահարմար դառնա:




Լրահոս