«Կոչումով բժիշկ» նախագծի հերթական թողարկումը ներկայացնում է Ավդալբեկյանների բժշկական ընտանիքը և նվիրվում անվանի վիրաբույժի ծննդյան 95-ամյակին:
Կոչումով բժիշկների երեք սերունդ, որոնք իրենց ներդրումն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում: Բժշկական այս մեծ գերդաստանի հիմնադիրը հայտնի գիտնական Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանն է, որին գործընկերները տվել էին հայ վիրաբուժության և բժշկության նահապետ պատվավոր տիտղոսը:
Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի աշխատանքները՝ նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Կյանքի 92 տարիներից 70-ը նա նվիրել է ազգային բժշկագիտության զարգացմանը` ոչ միայն հիմնելով և կայացնելով Առողջապահության ազգային ինստիտուտը, այլև որպես նորարար հանդես գալով բարդագույն վիրահատական միջամտությունների պատմության մեջ: Հայ բժշկության նահապետը կյանքից հեռացել է 2013-ի մարտի 10-ին, 92 տարեկան հասակում: Նրա գործն այժմ շարունակում են որդին և երկու թոռները: