Սերժ Սարգսյանի հայտարարությունը մեզ չի բավարարել. պայքարը շարունակվում է. «Ո´չ թալանին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին դեպքերին` մասնավորապես շարժման պառակտման մասին խոսակցություններին, ասացին, որ ոչ մի պառակտում էլ չկա ու երբեք չի լինելու:

«Մեր հայտարարություններում հակառակ բաներ չեն եղել, մենք կարծիքներ հարցրեցինք ժողովրդից, այդ կարծիքները երկու խմբի բաժանվեցին` մնալ Բաղրամյանում և գնալ Ազատության հրապարակ: Հիմա մեր խումբը զբաղված է այլ աշխատանքներով: Որոշումը այդպես էր, որ խումբը մի մասով մնա Բաղրամյան փողոցում, իսկ մյուս մասն իջնի Ազատության հրապարակ: Մենք այս պահին պետք է հանդիպումներ ունենանք մարզերում, տնտեսագետների, իրավագետների, հաշվապահների փորձագետների հետ` մեր հետագա քայլերը որոշելու համար»:

Նախաձեռնության անդամ Արտուշ Չիբուխչյանն էլ նշեց, որ իրենք բավարարված չեն հոսանքի թանկացման վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությամբ. «Հայտարարում եմ` մենք չենք բավարարվել, մեր ոչ մի պահանջ չի բավարարվել: Մեր պայքարը շարունակելու ենք՝ թե´ իրավական հարթության մեջ, թե´ փողոցում: Մենք փողոցից չենք հրաժարվել»:

«Ոչ թալանին»  նախաձեռնության անդամներից Սոֆյա Հովսեփյանն էլ ասաց, թե անընդհատ տարածքում լինելը բավական բարդ էր: «Մենք ոչ մի բանի չէինք հասնի Բաղրամյան պողոտան փակելով: Հանրությունը մեզ պետք է հասկանա, մեզ պետք են մասնագետների խորհուրդները մեր հետագա քայլերը որոշելու համար»: Ըստ նրա` Բաղրամյանից Ազատության հրապարակ գնալը ամենևին պառակտում չէ:

Լրագրողների հարցին` ճի՞շտ են տեղեկությունները, որ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին ու Վաղինակ Շուշանյանին վախեցրել են, հետապնդել ու սպառնացել և այդ է եղել պատճառը, որ նախաձեռնությունը Բաղրամյան պողոտայից գնաց Ազատության հրապարակ, Մաքսիմ Սարգսյանը պատասխանեց.

«Եթե ինձ հետևել են, ապա այդ մասին բարձրաձայնել եմ, վախեցնել չի եղել, չկա նման բան: Երեք տարի է` փողոցային պայքարի մեջ եմ, եղել է թե՛ ծեծ, թե՛ հետապնդում, եթե վախեցող մարդ լինեի, ի սկզբանե չէի մտնի պայքարի մեջ, ումի՞ց կամ ինչի՞ց պետք է վախենամ: Սա ապատեղեկատվություն է»:

Արփինե Թովմասյան




Լրահոս