ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԳՈՐԾ՝ ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է հայաստանցի 17 Եհովայի  վկաների հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ պարտավորեցրել է պետությանը նրանցից յուրաքանչյուրին վճարել 6000 եվրո: ԵԴ ուղղված նամակում Եհովայի վկաները նշել են, որ խախտվել է իրենց ազատության ու անվտանգության իրավունքը: ԵԴ-ն էլ գտել է, որ տեղի է ունեցել մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ ինչի՞ հետեւանք է այս իրավիճակը, եւ առհասարակ, ի՞նչն է խանգարում, որ Հայաստանը ունենա համապատասխան օրենք՝ վիճարկելու Եվրադատարանի կողմից կայացված վճիռները, որոնք կարծես թե մեր օրենսդրության հետ խնդիրներ են ստեղծում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Այստեղ ՀՀ արդարադատության նախարարությունը մեկնաբանություն պետք է տար, թե այդ ինչպես է լինում, որ մեր օրենսդրությունը զիջում է եվրոպական օրենսդրությանը, եւ իմանալով հանդերձ՝ մենք շարունակում ենք դատապարտվել ու պետք է վճարենք այս դժվարին իրավիճակում: Խնդիրը եղել է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին անգամ գնացին այլընտրանքային ծառայության եւ 4 ամիս հետո հրաժարվեցին: Իրենք՝ Եհովայի վկաները, շատ լավ ծանոթ են օրենքին եւ ոչ մի բողոք չունեին՝ օրենքի հետ կապված, բայց հիմա ինչ-որ դժգոհություններ կան, ու այս ամենից ակնհայտ է, որ այս ամենը կազմակերպված է եղել հենց նրանց կողմից: Տնօրենների հետ մենք խոսել ենք, ասել են, որ ամեն ինչ կարգին է, եւ նրանց հետ այլընտրանքային ծառայության ընթացքում վերաբերվել են մարդավարի: Այս խնդիրն օրենքի բացակայությունը չէ, այլ օրենքի անհամապատասխանությունն է: Պետք է օրենքները համապատասխանեցվեն, եւ այդ ընթացքում պետք է այնպես արվի, որ մեր ազգային շահերը չոտնահարվեն, եւ կամ պետք է խորամուխ լինենք, թե միջազգային պայմանագրերի հետ կապված՝ ինչ այլ հարցեր կան, որ մեզ կարող են մեկ ուրիշ խնդիրների առաջ կանգնեցնել:
ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆ
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային փոքրամասնությունների 
եւ կրոնի հարցերի վարչության պետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Օրենքի խնդիր կա, նամանավանդ խղճի ազատության օրենքի մասով բավական բացթողումներ ունենք: Պետք է նշեմ, որ կամքի եւ ազգային գիտակցության խնդիր էլ ունենք: Եկեղեցին իր սովորական գործընթացով է իրականացնում՝ ամեն օր աշխատելով եւ պայքարելով այսօրինակ կազմակերպությունների հակահայկական գործունեության դեմ:
տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս