ԵԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ ՉԿԱՆ, ՄՆՈՒՄ Է ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաների ընթացքում մինչեւ երեկ չէր հնչել ոչ մի պաշտոնական տեսակետ, այն է՝ ՀՀ իշխանություններն արդյոք կընդառաջե՞ն Հայաստանի հանրությանը եւ կհրաժարվեն թանկացումներից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում հրաժարվել էլէներգիայի սակագները բարձրացնելու մտադրությունից: Ավելին՝ իրենք մտադիր են 2000 դրամով փոխհատուցել անապահով խավին եւ վերջ: Բայց ցուցարարներին այդ լուծումը չի բավարարում, եւ Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցը շարունակում է օր օրի ավելի մեծ թափ հավաքել: Նստացույցի մասնակիցների համար երեկ անգամ եղանակն էր փորձություն նախապատրաստել: Օրվա երկրորդ կեսից մայրաքաղաքում սկսեց հորդառատ անձրեւ տեղալ: Սակայն դրանից հետո ցուցարարների թիվը ոչ թե պակասեց, այլ հակառակը՝ գնալով ավելանում էր: Նրանք պահանջում են ՀԾԿՀ-ի կայացրած որոշման չեղարկումը եւ չեն նահանջելու:
Իսկապես փակուղային իրավիճակ է: Նույնիսկ ՀՀ վարչապետը երեկ հայտարարեց, որ էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարական ծրագրի շուրջ «պատրաստ եմ աշխատելու ցանկացած քաղաքական կամ հասարակական ուժի հետ՝ անկախ Կառավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումից»: Սա նշանակում է, որ իշխանություններն իրավիճակից դուրս գալու ելք չունեն: Իսկ նման դեպքում նրանց մեկ բան է մնում՝ հրաժարական տալ (ինչպես Հունաստանում)՝ տեղը զիջելով այն կարող ուժերին, որոնք լուծումներ կգտնեն: Յոլլա տանելու հոգեբանությունը ինչքա՞ն կարող է գերակշռել իշխող բուրգում:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովն այս օրերին ամփոփում է իր աշխատանքները: Ըստ այդ տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը հանձնաժողովին հանձնարարել է մինչեւ հունիսի 30-ը ավարտել սահմանադրական փոփոխությունների տեքստի մշակման աշխատանքները, որպեսզի հուլիսի սկզբին փոփոխությունների ամբողջական տեքստը հնարավոր լինի հրապարակել: Հուլիսի սկզբին վերջնական տեքստի պատրաստ լինելու դեպքում այն կուղարկվի նաեւ Վենետիկի հանձնաժողովին: Իշխանությունները ցանկանում են, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը պատրաստ լինի մինչեւ սեպտեմբեր, այսինքն՝ ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները եւ Սերժ Սարգսյանը պայմանավորվել են, որ նախագծի տեքստը հրապարակելուց հետո նախկին կոալիցիոն ընկերները պետք է հստակ ասեն՝ իրենք կողմ են, թե դեմ:

 

 

 

 

Պարզվում է՝ այս տարվա մայիսին ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից: Պատճառն այն է եղել, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել եւ ոչ պատշաճ ծառայություն է մատուցել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գործում է այս ընկերության դուստր ընկերությունը` «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի եւ ՀՀ օրենսդրության հիման վրա: Առաջին հայացքից թվում է, թե ռուսական մայր ընկերության խախտումները պետք է, որ կապ չունենան Հայաստանում գործող դուստր ձեռնարկության հետ: Սակայն խախտումները հենց այնպես չեն եղել, այլ նպատակ են ունեցել ավելացնել ընկերության եկամուտները` ի վնաս հաճախորդների: Եթե մայր ընկերությունը նման գործելաոճ է կիրառում, ո՞րն է երաշխիքը, որ նրանց` Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը նույն կերպ չի գործում՝ խաբելով վարորդներին:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի հաշվեհամարներն արգելանքի տակ են, որեւէ գործարք հնարավոր չէ կատարել, եւ վտանգված է թերթի ամենօրյա տպագրությունը: Պատճառն այն է, որ գործարար Խաչիկ Խաչատրյանը (նա հայտնի է ձվերի Խաչիկ ածականով), ՀՀ «ամենաանկախ դատարանում» 2012-ից սկսած դատական գործընթացի վերջնափուլում հասել է այն բանին, որ «Ժողովուրդ»-ից հօգուտ իրեն բռնագանձվի 1 մլն 783 հազար դրամ՝ իբրեւ բարոյական վնասի փոխհատուցում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն էլ իր հերթին է օրաթերթից 114.150 դրամ ստանալու պահանջ ներկայացրել: Իսկ թերթի բոլոր բողոքները մերժվել են: Ու թեեւ ՀՀ ՍԴ-ն որոշել էր, որ մամուլի դեմ ներկայացված հայցերը քննելիս պետք է հաշվի առնվի լրատվամիջոցի ֆինանսական հնարավորությունները, այնուամենայնիվ, տխրահռչակ դատավոր Ռուբեն Ներսիսյանը պահանջում է մոտ 2 մլն դրամ վճարել: Իհարկե, մենք կհայթայթենք այդ գումարը (խմբագրակազմն արդեն հրաժարվել է իր աշխատավարձի 50 տոկոսից, որը կարող է մասամբ լուծել հարցը), բայց նույն վճռականությամբ կշարունակենք բացահայտել խաչիկանման տեսակներին:

 

 

 

 

ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ

Մինչ այս օրերին տարբեր իշխանական պատգամավորների կողմից փորձ է արվում ցույց տալ, թե իբր Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունում եւս մտահոգված են ստեղծած իրավիճակով եւ իրենք էլ դեմ են թանկացումներին, իշխանության որոշ ներկայացուցիչներ հանդես են գալիս, բառիս բուն իմաստով, անմեղսունակ պահվածքով:
Ըստ ամենայնի` նրանք ոգեւորվել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությամբ, որը Կառավարության նիստում դիմելով ցուցարարներին` հայտարարել էր. «Նման ոճը որեւէ հաջողության չի բերի», եւ համարելով, որ հարցի շուրջ քաղաքական որոշումն արդեն կայացված է, հանդես են գալիս արդեն իրենց իրական դեմքով` այլեւս ձեւեր չթափելով, թե «իրենք եւս ողջունում են մեր փայլուն երիտասարդության պայքարը» եւ այլն, եւ այլն:
Այդ շարքում հատկապես ուշագրավ էր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի պահվածքը, ով Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելով` երեկ ասել էր. «Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար են դժգոհում ցուցարարները»: Փաստորեն, ՀՀ Կառավարության անդամը մի ամբողջ շաբաթ մայրաքաղաքի սրտում` Ազատության հրապարակում եւ նախագահական նստավայրի առջեւ շարունակվող բողոքի շուրջօրյա ակցիաներին հետեւելով` այդպես էլ չէր հասկացել, թե ինչից են ցուցարարները դժգոհում: Այսքանից հետո սպասել, թե նա կհասկանա, որ էլէներգիայի սակագնի` բնակչության համար մատչելիությունն ապահովելը ոչ թե լրագրողների (ումից նա բորբոքված լուծումներ եւ տարբերակներ էր պահանջում) այլ իշխանությունների պարտականությունն է, անիմաստ է:
Իհարկե, բնապահպանության միլիոնատեր նախարարի եւ նրա գործընկերների համար դժվար էլ հասկանալի լինի, թե ինչից են բողոքում ցուցարարները, քանի որ նրանց համար որեւէ նշանակություն չունի` սակագինը 7, 10 թե 50 դրամով կթանկանա: Միեւնույն է՝ իրենց բիզնեսների համար օգտագործվող լույսի, գազի կամ ջրի վարձավճարները ցանկության դեպքում նրանք կարող են եւ չվճարել: Իսկ, ահա, ամսական 55 հազար դրամ ստացող քաղաքացու համար այս թանկացումը հսկայական բեռ է, որը նրան ստիպելու է բռնել արտագաղթի կամ արտագնա աշխատանքի ճանապարհը: Մինչդեռ շատերը չեն ուզում արտագաղթել, մարդիկ պարզապես ուզում են իրենց հայրենիքում ապրելու հնարավորություն ունենալ, եւ սա նաեւ հանուն այդ իրավունքի տարվող պայքար է:
Իսկ ինչ վերաբերում է բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, ապա նա լավ կաներ` փորձեր հասկանալ, թե ինչից են դժգոհում ցուցարարները, որովհետեւ, ի դժբախտություն իրեն եւ իր գործընկերների, հեռու չէ այն օրը, երբ այսպիսի բողոքի ալիքներ են լինելու նաեւ այլ` բնապահպանության նախարարի իրավազորության տակ գտնվող ոլորտներում իրականացվող անխնա թալանի դեմ:




Լրահոս