ՎՐԱՑ ՆԱԽԱՐԱՐԸ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԵՐԻ» ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վրաստանի պատիժների կատարման ու պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, անդրադառնալով Վրաստանում «օրենքով գողերի» գործունեության ակտիվացմանը, ասաց, որ իրավիճակը վերահսկվում է:

Երեկ ՀՀ արդարադատության նախարարությունը համագործակցության հուշագրեր ստորագրեց Վրաստանի արդարադատության, պատիժների կատարման եւ պրոբացիայի նախարարությունների հետ: Վրաստանի պատիժների կատարման ու պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հայտնեց, որ Վրաստանը եվրոպական զարգացած երկրների փորձը տեղափոխել է Վրաստան եւ փորձում է պրոբացիոն ծառայությունը զարգացնել: Հարցին, թե արդյո՞ք համընկնում են արդյունավետ համակարգ ունենալու երկու երկրների շահերը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Հայաստանում քրեակատարողական համակարգում բարեփոխումների հարցում կան մենթալիտետի հետ կապված խնդիրներ: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է առաջ ընթանա՝ փորձելով փոխել մենթալիտետը»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վրաստանի պատիժների կատարման ու պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլի հետ` Վրաստանում օրենքով գողերի, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողների» ինստիտուտի մասին:
-Պարո՛ն Մղեբրիշվիլի, 2003 թվականին, երբ Վարդերի հեղափոխության արդյունքում Միխեիլ Սաակաշվիլին եկավ իշխանության, սկսեց լուրջ պայքար տանել օրենքով գողերի դեմ: Նրա հեռանալուց հետո, սակայն, Վրաստանում օրենքով գողերը դարձյալ գլուխ են բարձրացրել:
-Կներեք, բայց Դուք ունե՞ք վիճակագրություն:
-Վիճակագրություն չկա, բայց այդ իրողությունը Վրաստանում ոչ ոքի համար գաղտնիք չէ:
-Պետք է Ձեզ ասեմ, որ Վրաստանում ազատության մեջ գտնվող օրենքով գողեր չկան, եթե կան, ապա նրանք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, որտեղ իրենց տեղն է:
-Վստա՞հ եք, որ վերջին տարիների համեմատ ներկայումս օրենքով գողերի գործունեության մասով Վրաստանում փոփոխություն չկա: Արդյո՞ք Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կարողանում է զսպել նրանց գործունեությունը:
-Ոչ մի արմատական փոփոխություն չի եղել, քանի որ մինչ օրս օրենքով գողերը Վրաստանում հաշվառված են, եւ ոչ մի կրիմինալ Վրաստանում չկա: Ցանկանում եմ Ձեզ հավաստիացնել՝ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանությունները այդ հարցի շուրջ պայքարում են:
-Հայաստանում դատապարտվածների հարազատները մշտապես բարձրաձայնում են քրեակատարողական հիմնարկներում քրեական հեղինակությունների գործունեության մասին: Նրանք նշում են, որ իրենց հարազատները գումար են խնդրում ընտանիքի անդամներից, եւ եթե այդ գումարը չլինի, նրանց կյանքը վտանգի կենթարկվի: Ինչպիսի՞ն է իրավիճակը Վրաստանում:
-Գիտեք՝ ես Ձեզ կարող եմ թվարկել, թե Վրաստանում օրինակի համար քանի քրեական հեղինակություն կա, եւ նրանք որտեղ են կրում իրենց պատիժը: Նրանք 7-8 հոգի են, եւ բոլորն էլ գտնվում են կալանավայրերում:
-Հասկանալի է, որ Վրաստանում ազատության մեջ գտնվող «օրենքով գողեր» չկան, բայց արդյո՞ք անազատության մեջ լինելով՝ նրանք իրենց իշխանությունը չեն տարածել ինչպես ՔԿՀ-ների ներսում, այնպես էլ դրսում:
-Քրեակատարողական հիմնարկներում իշխանություն ձեւավորողները մենք ենք: Կրկնում եմ՝ ամեն ինչ վերահսկողության տակ է: Այս հարցին չեմ էլ կարող լուրջ պատասխանել, քանի որ մենք իրականում այդպիսի մարդկանց հետ չենք առնչվում:
-2015թ մայիսի 1-ին Երեւանի Աբովյան փողոցում ՀՀ ոստիկանները ձերբակալել էին 35-ամյա Լուկա Ալանիձեին, որը Ուկրաինայի քաղաքացի է եւ հայտնի է որպես քրեական հեղինակություն, ինչպես նաեւ՝ 31-ամյա Լաշա Աբզիանիձեին, որը Վրաստանի քաղաքացի է եւ Վրաստանի հանցագործ աշխարհում համարվում է հեղինակություն: ՀՀ ոստիկանությունը վերջին շրջանում բավականին մեծ պայքար է սկսել քրեական հեղինակությունների դեմ, եւ պարբերաբար տեղեկություններ են տարածվում տարբեր հեղինակությունների բերման ենթարկելու կամ Հայաստանից հեռանալու մասին: Եվ, ահա, բերման ենթարկելու հաջորդ օրը հայտնի դարձավ, որ այս երկու օրենքով գողերին հետ են ուղարկել Վրաստան: Ի՞նչ գիտեք Դուք նրանց մասին: Մի՞գուցե որեւէ քրեական գործի շրջանակներում նրանք Վրաստանի իրավապահների կողմից հետախուզման մեջ էին, թե՞ այլ խնդիր կա:
-Գիտեք՝ անուն առ անուն ես չեմ կարող ասել, թե ովքեր են այդ մարդիկ, բայց եթե ավելի անկեղծ լինեմ՝ իրենք ինձ չեն էլ հետաքրքրում, թե ուր են, ինչով են զբաղվում: Նշեմ նաեւ, որ այս մասին անգամ որեւէ տեղեկություն չունեի:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԵՊՀ-Ն ՏՈՒԳԱՆՎԵՑ
Մինչ հունիսի 19-ին Երեւանի պետական համալսարանը ռեկտոր էր ընտրում, ՀՀ ֆինանսների նախարարությունը քննարկում էր համալսարանի տուգանքի հարցը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ հունվարի 15-ին Երեւանի պետական համալսարանի անունով Հայաստան է ներմուծվել մեթանոլ, որը սահմանված ժամկետում մաքսային մարմնի կողմից վերցվել է ժամանակավոր պահպանման: Իսկ, ահա, Երեւանի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը մինչ ժամանակավոր պահպանման ժամկետի ավարտը ապրանքի վերաբերյալ հայտարարագիրը մաքսային մարմին չի ներկայացրել: Արդյունքում, ՀՀ ֆինանսների նախարարությունը մաքսային մարմնի կանոնները խախտելու համար որոշել է Ալիկ Ղարիբյանին ենթարկել վարչական պատասխանատվության 50.000 դրամի չափով:

 

ՄԱՔՍԻՄԻ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԳՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից դիզվառելիքի գողության գործից «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ մայիսի 26-ին կոմբինատի աշխատակիցներից երկուսը կալանավորվել էին կոմբինատի փաստաթղթերը կեղծելու միջոցով 3 մլն դրամի դիզվառելիք գողանալու մեղադրանքով:
Իսկ, ահա, մի փոքր ուշ հայտնի դարձավ, որ այս գործով աշխատանքից ազատվել է Կապանի ոստիկանապետի տեղակալ Հայկ Հովհաննիսյանը, քանի որ վկաների նկատմամբ ճնշում է գործադրել՝ ստիպելով նրանց, որ այս գործով կոմբինատի ավտոկայանատեղի պատասխանատուի անունը չտան:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի Կապանի քննչական վարչությունից գործը տեղափոխվել է Երեւանի քաղաքի քննչական վարչություն եւ քննության հետագա ընթացքը հանձնարարվել է հատուկ կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությանը: Հավելենք, որ կալանավորված անձանց օրեր առաջ տեղափոխել են Երեւան՝ հարցաքննելու նպատակով:
Մեզ հաջողվեց պարզել, որ կոմբինատի կալանավորված աշխատակիցներից Կարեն Ենդիգարյանը չի ընդունում իր մեղքը, իսկ մյուս կալանավորված աշխատակիցը ընդունել է: Տեսնենք, թե ինչ անուններ ու նոր երեւույթներ ի հայտ կգան այս նախաքննության ընթացքում: Ի վերջո, տեղի է ունեցել աննախադեպ մասշտաբի գողություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից, սակայն միայն 3 մլն-ի չափով է գործը իրավապահների մոտ հասել:
Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գլխավոր տնօրենը Մաքսիմ Հակոբյանն էր, որ այժմ Ախթալայի պղնձամոլիբդենային կոմբինատի փաստացի տնօրենն է դարձել:

 

ԱՈՒԴԻՏ Է ՊԱՀԱՆՋԵԼ
«Ռոսիա 24» հեռուստաընկերության եթերում Երեւանում ընթացող բողոքի ցույցերի մասին իր կարծիքն է հայտնել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Բնակչությունն այսօր դուրս է եկել պայքարի` իր դժգոհությունը հայտնելու համար, բայց ժողովրդի հետ բավարար աշխատանք չի տարվել: Ավելի շատ երկխոսություն եւ բանակցություն էր պետք, որը կբացառեր այսպիսի իրավիճակը», – ասել է նա` հավելելով, թե պետք է աուդիտ անցկացնել, գտնել լրացուցիչ ֆինանսավորման միջոցներ, զրուցել ՀԷՑ-ի տնօրենի հետ:

 

ԻՐԵՆՑ ԴԻԵՐԸ ԳՏԱՆ
Ադրբեջանի Գազախի շրջանում հայտնաբերել են ադրբեջանական բանակի երկու զինծառայողների դիերը, որոնց մի քանի օր է՝ ադրբեջանական կողմը փնտրում էր եւ համոզմունք հայտնում, թե նրանք անցել են Հայաստանի սահմանը: Ադրբեջանի ՊՆ փոխանցմամբ` զինծառայողների դիերը հայտնաբերվել են ականապատված տարածքում:

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԵՐՈՍԱՆԱԼ
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում ընթացող բողոքի ցույցերին, ասել է. «Պետք է ներկայացվի մասնագիտական տեսակետը, այդ երիտասարդների հետ պետք է մանրամասները քննարկվեն: Թող լինեն գեղեցիկ, լավ դիսկուսիաներ, ժողովուրդը դիսկուսիաները լսելով՝ ինքը կկողմնորոշվի` երիտասարդնե՞րն են ճիշտ, թե՞ պետությունը: Ես ամեն օր նայում եմ, հետեւում եմ մինչեւ ուշ գիշեր, մինչեւ առավոտ եւ ինձ համար շատ անցանկալի են այն պահերը, երբ երիտասարդների պայքարի գործողությունների վրա մարդիկ են հայտնվել, վերականգնում են իրենց իմիջը, ուզում են հերոսանալ նորից»,- ասել է Բեգլարյանը` հավելելով, թե ինքը նման կերպ ներկայանալու կարիք չունի:

 

ՇՐՋԱՆՑԵԼՈՎ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս օրերին անհնարին է դարձել եւ ամբողջովին դադարեցվել է երթեւեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես նաեւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երեւան քաղաքի կենտրոն երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթեւեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիեւյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով: Բացի այդ, ինչպես նշված, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում Երեւան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ-Ռոստովյան երթուղով:

 

ԹՈՒՅԼ ՉԵՆ ՏՎԵԼ
Երեկ՝ կեսօրին, Բաղրամյան պողոտայի սկզբնամաս են գնացել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը` ցանկանալով բարձրանալ Բաղրամյան 26, ապա Ազգային ժողով՝ բողոքի ցույց անցկացնելու իրենց զավակների մահվան պատճառները բացահայտելու պահանջով։ Սակայն հոսանքի թանկացման դեմ նստացույցի կապակցությամբ ոստիկանները փողոցը փակել են, եւ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից սեւազգեստ մայրերին թույլ չեն տվել առաջ շարժվել։




Լրահոս