Շարմազանովը հանդիպեց ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 10-ին հանդիպեց Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Եվրամիության եւ նրա կարեւորագույն անդամներից մեկի՝ Գերմանիայի հետ Հայաստանի համագործակցությունը տարբեր ոլորտներում, որի նշանակալից դրսեւորումներից Է ԱԺ-ում կայանալիք կառավարման թափանցիկության վերաբերյալ հայ-գերմանական համաժողովը: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում կարեւորեց նաեւ Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ծավալած գործունեությունը, նրա աջակցությունը տեղական ինքնակառավարման, հանրային ֆինանսների կառավարման, արդարադատության ոլորտներում բարեփոխումների իրականացմանը: Նա նշեց, որ Հայաստանը կառավարման թափանցիկության մակարդակը բարձրացնելու պատրաստակամություն է հայտնել եւ զգալի քայլեր արել այս ուղղությամբ, թեեւ անելիքներ դեռ շատ կան: Էդուարդ Շարմազանովի հավաստմամբ՝ Հայաստանի հասարակությունն ու իշխանությունները, շատ լավ գիտակցելով ժողովրդավարության զարգացման ուղենշային դերը, պատրաստակամ են շարունակական դարձնելու այս ուղղությամբ իրականացվող ծրագրերը: “Հայաստանը շատ է կարեւորում կառավարման թափանցիկությունը երկրի ժողովրդավարական զարգացման ու արդյունավետ կառավարման գործում, քանզի առանց թափանցիկության չկա արդյունավետություն, իսկ առանց արդյունավետության չկա առաջընթաց”,-ասաց Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ արդյունավետ համագործակցության արդյունքում ԵՄ-ն, “Ավելին՝ ավելլի դիմաց” մոտեցման համաձայն, բացի Հայաստանի համար նախատեսված հիմնական գումարից, լրացուցիչ կներդնի 15 մլն եվրո: 
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթը շնորհակալություն հայտնեց համաժողովը ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում անցկացնելու հնարավորություն տալու համար՝ այդ փաստը բնութագրելով որպես թափանցիկության յուրօրինակ դրսեւորում: Նա կարեւորեց համաժողովը շահագրգիռ կողմերի մոտեցումների, փորձի ու գիտելիքների փոխանակման եւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ու մարտահրավերների արձանագրման տեսանկյունից՝ արդյունավետ ու թափանցիկ կառավարումը գնահատելով որպես միջազգային զարգացման կարեւորագույն նախապայման: 
Երկուստեք համոզմունք հայտնեցին, որ կառավարման ոլորտում ծավալված համագործակցությունը շարունակական կլինի, իսկ արդյունքները՝ ավելի ու ավելի տեսանելի: 




Լրահոս