Գապբնակշին, Նարեկ-Դավիթ եվ Նարեկ-Գրադ ՍՊԸ-ների ողջ գույքի վրա կալանք է դրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է “Գապբնակշին”, “Նարեկ-Դավիթ” և “Նարեկ-Գրադ” ՍՊ ընկերությունների տնօրեն Գագիկ Պապոյանի ու նրա գործընկեր Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամլո ծառայությունից հայտնում են, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա` խարդախությամբ բազմաթիվ անձանց առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու համար Գագիկ Պապոյանին ու Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց` նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում:
Քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցերը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ինչպես մեղադրյալների անձնական, այնպես էլ “Գապբնակշին”, “Նարեկ-Դավիթ” և “Նարեկ-Գրադ” ՍՊ ընկերությունների ողջ գույքի վրա:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հիշյալ գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են երկու քրեական գործեր` Մեսրոպ Սահակյանի կողմից խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու և Կարեն Կարապետյանի ու Մեղեդի Մարդիրոսյանի կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու վերաբերյալ, որոնք ուղարկվել են ըստ քննչական ենթակայության:
Մեղադրյալներ Գագիկ Պապոյանի ու Սիմոն Աղազարյանի վերաբերյալ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը 2012թ. դեկտեմբերի 7-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը, և գործը նույն օրն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 




Լրահոս