Երեկ ՀՀ Կառավարության կազմակերպած «Տնտեսական օրակարգ» համաժողովին ներկա էր Հովիկ Աբրահամյանի՝ գրեթե ողջ կաբինետը` իր իսկ գլխավորությամբ: Համաժողովին մասնակցում էին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ու այդ հարցով միջազգային աուդիտ անցկացնելուն, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ես կարծում եմ՝ ՀՀ նախագահը մանրամասն ներկայացրեց մեր ակտիվիստներին մեր քայլերի մասին, եւ կարծում եմ՝ իրենք պետք է լինեն բավարարված եւ բավարարված են: Լուծումը շատ ճիշտ էր, եւ այն անվստահությունը ընկերության նկատմամբ եւ հանձնաժողովի նկատմամբ մենք ապագայում կփորձենք փարատել, խորհրդատվական ընկերությունների, աուդիտների միջոցով հանրությանը մանրամասն տեղեկացնել եւ հետամուտ կլինենք, որ դա իրականացվի: Ես կարծում եմ, որ դրանից հետո մենք կխոսենք մեր հանրության, մեր հասարակության հետ»:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է հայրենի Կառավարությունը փոխհատուցելու ՀԷՑ-ին մինչեւ աուդիտի ավարտը, վարչապետը պատասխանեց. «Ոչ բյուջեի միջոցների հաշվին: Իսկ թե ինչ արտաբյուջետային միջոցների հաշվին, հավելյալ կտեղեկացնենք: Կսպասենք ստուգումների արդյունքին եւ մենք մեր քայլը, մեր խոսքը անպայման կասենք»:
Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ դիրքորոշում ունի՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանի առաջարկը` միջազգային աուդիտ անցկացնելու մասին, լավագույն լուծումն էր այս իրավիճակում:
-Պարո՛ն Զախարյան, արդեն իններորդ օրն է` Երեւանի Բաղրամյան պողոտայում ՀՀ քաղաքացիները պահանջում են կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը: Դուք, որպես էներգետիկայի նախարար, ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում, ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում եւ ինչո՞ւ որեւէ քայլ չեք անում հարցի լուծման ուղղությամբ:
-Ինձ թվում է՝ աուդիտը բոլոր հարցերի պատասխանները կտա, ու հանրապետության նախագահի կողմից այդ հարցը, որը դրվեց, ես գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում ամենաճիշտ մոտեցումն էր:
-Բայց Բաղրամյան պողոտայում պայքարող ժողովրդին այդ որոշումը չի բավարարում, նրանք պահանջում են թանկացման որոշման չեղարկում: Դուք կողմնակի՞ց եք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը:
-Գիտեք ինչ, թող չթվա, որ ես անձամբ… մենք էլ ենք դեմ թանկացմանը, ես անձամբ դեմ եմ թանկացմանը, հասկանո՞ւմ եք: Բայց իմ ու Ձեր տարբերությունն այն է, որ Դուք կարող եք ասել, որ դեմ եք թանկացմանը եւ պահանջել չեղարկում, իսկ ես չեմ կարող դա ասել: Որովհետեւ կան հարցեր, որոնց պատասխանները մենք պարտավոր ենք տալ որպես Կառավարություն, որպես իշխանություն: Դա համակարգի կայուն պահպանումն է, էլեկտրոէներգիայի անվտանգ, հուսալի մատակարարումն է, ամբողջ համակարգի զարգացումն է: Եւ այդ խնդիրների պատասխանը մենք՝ Կառավարությունը, իշխանությունները պետք է տանք: Այսինքն՝ մենք դեմ լինելով հանդերձ էլեկտրոէներգիայի թանկացմանը՝ ուզում ենք տալ հենց այդ խնդիրների պատասխանները: Կա ժողովրդի մեջ, այսպես ասած, անվստահություն, միգուցե ինչ-որ մի տեղ հիմնավորված անվստահություն է դա: Ժողովրդի մոտ կան նաեւ վերապահումներ՝ սակագնի ձեւավորման հետ կապված, դրանց հիմնավորումների հետ կապված: Ու շատ ճիշտ լուծում էր, երբ տրամադրվեց ժամանակ, որպեսզի այդ ընթացքում կատարվի աուդիտ, եւ այդ բոլոր հարցերին պատասխան տրվի: Այս ամենից հետո արդեն հստակ որոշումը կլինի, այն կներկայացվի հասարակության ուշադրությանը, ես կարծում եմ, որ սա ճիշտ լուծում էր: Բոլոր պատասխանները կտրվեն աուդիտից հետո:
-Բայց ցուցարարները եւ նաեւ մասնագետները պնդում են, որ նման աուդիտներ ՀԷՑ-ում պարբերաբար անցկացվել են, սակայն դրանց ընթացքում ինչ-ինչ ձեւերով վիճահարույց հարցերը «փակվել են»: Հանրության մոտ չկա վստահություն, որ այս անգամ նույնը չի լինի, եւ անցկացվելիք աուդիտը կլինի իրապես թափանցիկ եւ անաչառ:
-Ես այդ հարցին չեմ պատասխանի, նախ դա դեռեւս ձեւավորված չէ, թե ինչպես է լինելու աուդիտը, ինչպես է կազմակերպվելու, բայց արդեն տարբեր հայտարարություններ են հնչում: Առաջիկա օրերին ամեն ինչ պարզ կլինի, ծավալներից է կախված, թե երբ է ավարտվելու աուդիտը, ու ինչպես է որոշվելու հարցը: Պետք է սպասել՝ բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ