168 ժամ. Գագիկ Ծառուկյանը մտածում է քաղականությունից դուրս գալու մասի՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“168 ժամն” իր այսօրվա առաջնորդողում գրել է. “”Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական խմբակցության բրյուսելյան աղմկահարույց այցից հետո թվում էր, թե Հայաստան վերադառնալուն պես Գագիկ Ծառուկյանը պետք է հայտարարեր նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Բրյուսելից վերադառնալուց հետո, սակայն, Գագիկ Ծառուկյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչից հետո ԲՀԿ-ն հայտնվել է անորոշ վիճակում: Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին տեղեկությունը չի հերքվել, սակայն այդ մասին նաև պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մինչ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ էր ունենում Բրյուսելում, նրա թիմակիցներից ոմանց հետ “աշխատանքային հանդիպումներ” են ունեցել իրավապահ և հարկային մարմինների ներկայացուցիչները: Մասնավորապես, ԲՀԿ-ական կամ ԲՀԿ-ամերձ կիսաքրեական տարրերին իրավապահ մարմիններից հասկացրել են, որ ԲՀԿ-ական գաղափարախոսությանը հավատարիմ մնալու դեպքում նրանց գործողություններն այլևս աննկատ չեն մնա: Նույնը փոխանցվել է ԲՀԿ-ական գործարարներին: Բրյուսելից վերադառնալուց հետո նշված շրջանակները Գագիկ Ծառուկյանին փոխանցել են նրա բացակայության ընթացքում տեղի ունեցածի մասին, և այդ պատճառով Ծառուկյանն ինքն է հանդիպում խնդրել Սերժ Սարգսյանից: ԲՀԿ ղեկավարը վերջինիս ասել է, որ պատրաստ է կատարել նախագահի ցանկացած որոշում, սակայն Սերժ Սարգսյանը նրան փոխանցել է, որ ինքը պետք է որոշում կայացնի: Այսինքն` Գ. Ծառուկյանը կորցրել է նախագահական ընտրություններում իր այս կամ այն քայլը որպես Ս. Սարգսյանին աջակցություն ներկայացնելու, ուստիև` դրա դիմաց ինչ-որ բան ակնկալելու հնարավորությունը: Կրկնում ենք, վերը նշվածը այդ հանդիպման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկատվություն է, որը փոխանցող ԲՀԿ-ականներն ու ՀՀԿ-ականները պնդում են, թե ստացել են առաջին աղբյուրներից: ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական շրջանակներում քննարկվող այս տեղեկությունների համաձայն, Ս. Սարգսյանի հետ հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանը մտածում է ոչ միայն նախագահական ընտրություններում առաջադրվելու գաղափարից հրաժարվելու, այլև ընդհանրապես քաղաքականությունից դուրս գալու մասին:
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը դեռևս անցած տարվա փետրվարին կայացած ԲՀԿ համագումարում հայտարարել էր. “Հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ և հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունըե: Փաստորեն, եթե ճիշտ են ԲՀԿ-ականների նկատմամբ սկսված ճնշումների մասին տեղեկությունները, Գագիկ Ծառուկյանը հայտնվել է մի իրավիճակում, երբ չի կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, այն է` պաշտպանել կուսակիցներին”:




Լրահոս