ԲՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի գետերը շարունակվում են թունավորել հանքարդյունահանող գործարանները: Այս մասին ահազանգում են բնապահպանները: Միայն վերջին 5 օրերի ընթացքում երկու դեպք արձանագրվեց: Դեկտեմբերի 1-ին «Դինո գոլդ մայնինգ քամփընի» ընկերության թափոնների խողովակի արտահոսքի պատճառով աղտոտվեց Գեղանուշ գետը: Իսկ 2 օր առաջ Զանգեզուրի պղնձամոլիբդենային ընկերության թափոնները լցվեցին Նորաշենիկ գետը:
Հանքարդյունաբերող ընկերությունների գործելաոճում բնապահպանները քրեական տարր են տեսնում:
«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասում է. «Մենք պահանջելու ենք գլխավոր դատախազությանը եւ ոստիկանությանը, որպեսզի նրանք քրեական գործ հարուցեն` տեղի ունեցածի կապակցությամբ, իրականացվի պատշաճ քննություն, գնահատվի պատճառված վնասը, եւ խոսքը վերաբերում է ոչ այն վարչական տույժերին, որ ծիծաղելի գումարներ են վճարում, այլ թե որքան վնաս է պատճառվել համայնքին եւ ՀՀ-ին»:
Բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը վստահեցնում է, որ իրենք ուշիուշով հետեւում են հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությանը եւ պարբերաբար տուգանքների ենթարկում նրանց: «Դինո գոլդ մայնինգ» ընկերության մոտ այս տարի արդեն 3-րդ վթարն է արձանագրվել:
«Մենք կանխարգելման նպատակով հրավիրեցինք, նրանք ընդունեցին, սակայն ներկայացրին, որ վերջին երկու դեպքը մարդկային գործոնի արդյունք է, իբր սաբոտաժ, որ դիմել են դատախազությանը, բայց մեզ դա այնքան չէր մտահոգում, այլ մտահոգում էր այն, որ իրենք միջոցներ ձեռնարկեն` կանխարգելելու, որ այլեւս այդպիսի վթարներ չլինեն»,-ասաց Մարզպետունի Քամալյանը:
Բնապահպանական պետական տեսչությունը «Դինո գոլդ մայինինգ»-ին հանձնարարականներ է տվել մեկամսյա ժամկետում միջոցառումների ծրագիր ներկայացնել եւ վթարի հետեւանքները վերացնելու համար ներդրումներ կատարել: Հակառակ դեպքում պատիժն անխուսափելի կլինի:




Լրահոս