Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարի օրերին Բաղրամյան պողոտայում, բացի շարքային քաղաքացիներից, ներկա էին թե՛ քաղաքական գործիչներ, թե՛ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ: Սակայն վերջին օրերին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, վերջիններիս այլևս չենք գտնում պայքարի հրապարակում:
Armlur.am-ը զրուցեց հաղորդավարուհի Լուլուի հետ` պարզելու համար, թե որն է պատճառը, որ նա այլևս ցուցարարների կողքին չէ: Նրա խոսքով, այս պահի դրությամբ այնտեղ փոխվել է ընդհանուր տրամադրությունը և ինչ-որ մի բան կոտրվել է:
«Ես հասկանում եմ, որ պայքարը շարունակվում է, և սկսված գործը պետք է ավարտին հասցնել: Բայց այս պահի դրությամբ ինձ ինտուիտիվ ինչ-որ բան հետ է պահում: Իմ կարծիքով այնտեղ ընդհանուր տրամադրությունն է փոխվել, պահանջների մեջ ինչ-որ ենթատեքստեր եմ տեսնում, ինչ որ մի բան կոտրվել է», – նկատեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչների Բաղրամյան պողոտայում գտնվելը շատերի համար ընդունվում է որպես փիառ քայլ, հաղորդավարուհին նշեց, որ սա այդ պայքարը չէ, որտեղ կարելի է փիառով զբաղվել.
«Գուցե մարդիկ կային, որ փիառով էին զբաղված, բայց ես մտածում եմ, որ բոլորի այնտեղ գտնվելու պատճառները շատ անկեղծ էին: Ես ինքս դրանից վախենալով առաջին իսկ օրից, փորձում էի աչքի չնկնել, չլուսանկարվել, լրագրողներից հեռու մնալ, այն պատճառով, որ այն պետք է համարվեր փիառ: Սա այդ պայքարը չէ: Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք: Ո՞վ ասաց, որ հայտնի մարդիկ ինչ-որ բանով առավել են այնտեղ գտնվող մարդկանցից», -եզրափակեց նա: