Ո՞ւմ է Արա Բուդաղյանը դրդել մահափորձ իրականացնել Սուրիկ Խաչատրյանի դեմ. Ազատություն ռ/կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի գործով որպես կասկածյալ ձերբակալված Արա Բուդաղյանը այսօր հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ որևէ առնչություն չունի մահափորձի հետ և ոչ մեկին չի դրդել դրա իրագործմանը։ Այդ մասին հայտնում է Ազատություն ռ/կ-ն:

Ազգային անվտանգության ծառայությունը Բուդաղյանին ձերբակալել է երեկ, սակայն նրա փաստաբան Հայկ Ալումյանին միայն այսօր է հաջողվել հանդիպել իր պաշտպանյալին:

«Ինչ-որ մարդկանց իբր թե դրդել է այդ գործողություններին։ Բայց այդ փաստաթղթի մեջ ոչ երևում է՝ ո՞ւմ է դրդել այդ գործողություններին, ոչ երևում է՝ ի՞նչ կերպ է դրդել, ե՞րբ է դրդել, ինչի՞ համար է դրդել և այլն։ Լրիվ անորոշ կասկածանք է»,- ասաց Ալումյանը։

Ալումյանը անհիմն է համարում իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը՝ հավելելով՝ քննիչը հրաժարվել է մանրամասն ներկայացնել, թե Բուդաղյանը կոնկրետ երբ և ինչպես է դրդել մահափորձ իրականացնել Սյունիքի մարզպետի դեմ: Փաստաբանը նաև դժգոհեց, որ երեկվանից չէր կարողանում հանդիպել պաշտպանյալին՝ քննիչ, անընդհատ խախտելով օրենքը, հետաձգում էր հանդիպումը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն տեղեկատվություն էր տարածել, որ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի  Կապան քաղաքի բնակիչներ՝  Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը և Գորիս քաղաքի բնակիչներ՝  Վիտալի Վլադիմիրի Մինասյանը  և Արա Էմիլի Բուդաղյանը:

Ավելի վաղ տարածել էին հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի ֆոտոռոբոտը:




Լրահոս