ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՆՑԵԼ ԵՆ ԸՆԴՀԱՏԱԿ. Ո՞Վ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ շաբաթում ՀՀ Կառավարությունը, կարելի է ասել, որ մեծ հաշվով անգործության է մատնված: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախարարները, նրանց տեղակալները, վարչության պետերը եւ մյուս պատասխանատուները ողջ օրը համակարգչի առջեւ նստած առցանց հետեւում են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին եւ դրա շուրջ ընթացող զարգացումներին:

Հայաստանյան մամուլի վերջին մեկ շաբաթվա լրահոսը ուսումնասիրելիս նախարարների եւ նրանց գերատեսչությունների գործունեության մասին լուրերը մի տեսակ անհետացել են: Իհարկե, մեկումեջ կարելի է հանդիպել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծիրանային սելֆիներին, բայց ողջ խնդիրն այն է, որ ո՛չ նա ինքը եւ ո՛չ էլ նրա ղեկավարած գերատեսչությունը կապ չունեն ծիրանի առատ բերքի հետ, հակառակ դեպքում անցած` անծիրան տարվա պատասխանատուն եւս նա է: Այս ընթացքում նախարարներից մեկ էլ աչքի է ընկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հանրահայտ ֆոտոսեսիայով: Կասկածից վեր է, որ եթե այդ ֆոտոսեսիան չհամընկներ Բաղրամյան պողոտայի նստացույցի հետ, ապա այն բավական երկար ժամանակ կլիներ հայկական լրահոսի թիվ մեկ թեման:
Մնացած նախարարները մի տեսակ կարծես ընդհատակ անցած լինեն: Օրինակ՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, թվում է, թե հատկապես այս օրերին պետք է, որ առավել քան ակտիվ լիներ եւ հանրությանը ցույց տար, որ ինքը ջանք չի խնայում իրեն վստահված ոլորտում իրավիճակը կարգավորելու համար: Ի վերջո, նստացույցի պատճառը հենց Զախարյանին վստահված էներգամատակարարման ոլորտում տիրող բարձիթողի վիճակն է: Բայց ինչպես տեսնում ենք՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Երվանդ Զախարյանը գործնականում խոր ընդհատակ է անցել:
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ծպտունը եւս դուրս չի գալիս: Չնայած որ նա լրագրողներին հասանելի նախարար է: Ոչ մի տեղեկություն չկա նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանից, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից, էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից եւ այսպես շարունակ: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ վերջին մեկ շաբաթում մի պահ լրահոսի կիզակետում հայտնվեց, երբ որոշել էր այցելել Բաղրամյան պողոտայի նստացույցի վայր եւ, մեղմ ասած, տհաճ վիճակում էր հայտնվել: Դրանից հետո Արմեն Աշոտյանն իր մասին հիշեցնում է ֆեյսբուքյան գրառումներով:
Բնական հարց կարող է առաջանալ՝ թե ինչու են Կառավարության անդամներն իրենց նման ոչ ադեկվատ ձեւով պահում: Մի՞թե նրանք չեն գիտակցում իրենց առաքելության լրջությունը: Փոխանակ մարդկանց համոզեն, որ իրենք օր ու գիշեր զբաղված են երկրում ստեղծված խնդիրները լուծելով, հակառակ մոտեցումն են դրսեւորում` անհետանում են, կորում:
Ըստ երեւույթին Կառավարության անդամներն էլ են ցանկանում հասկանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: Բանն այն է, որ նույն իշխանության ներկայացուցիչները չեն հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Եթե նստացույցը վերահսկվող գործընթաց էր, ապա այն վաղուց պետք է ավարտված լիներ: Եթե իշխանությունները չեն կարողանում նստացույցը վերահսկել եւ տանել մարման, ապա դա ենթադրում է, որ վաղ թե ուշ դա հանգեցնելու է Կառավարության հրաժարականի, իսկ այս դեպքում իմաստ չունի ինչ-որ բան անել: Մի խոսքով, ինչպես Հայաստանի բնակչության մի զգալի մասը, նախարարները եւս այս օրերին հիմնականում զբաղված են Բաղրամյան պողոտայում ընթացող նստացույցին հետեւելով` փորձելով հասկանալ, թե այդ գործընթացն իրենց ապագայի վրա ինչպես կազդի:
Հուսանք՝ ՀՀ վարչապետը կքննարկի ՀՀ Կառավարության անդամների աշխատավարձերից որոշակի պահումներ անելու հարցը, քանի որ պետական գրեթե բոլոր կառույցներն այս օրերին մատնված են անգործության:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԱՄԲՈՂՋ ԹԻՄՈՎ
ՀՀ Կառավարությունն այսօր կազմակերպել է տնտեսական հարցերով համաժողով: Ենթադրվում է, որ այդ միջոցառման ընթացքում միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների եւ մասնագիտական այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ պետք է քննարկվի Հայաստանի տնտեսական զարգացման առկա վիճակը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվելու քննարկմանն ու հանդես է գալու ողջույնի խոսքով:

 

ՎԱՐԴԱՆԻԿԻ ՎԵՐՋԻՆ ՔԱՐՏԸ
Ըստ Գյումրիի մեր աղբյուրների՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ֆինանսական վիճակը վերջին շրջանում այնքան էլ լավ չէ: Նա կամաց-կամաց սկսել է կողքից հեռացնել նեղ թիմի ներկայացուցիչներին՝ սպորտսմեններ, քրեական աշխարհի ներկայացուցիչներ եւ այլն: Այս քայլը շատերի գնահատմամբ նշանակում է, որ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ապագայում քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտքից: Հակառակ դեպքում ձայն բերող մարդկանց չէր նեղացնի: Մեկ այլ տեսակետի համաձայն էլ նա ոչ թե «հանձնվել» է, այլ պարզապես որոշել է իր գումարները ներդնել Ամենափրկիչ եկեղեցու հարդարման վրա, որպեսզի նախընտրական քարոզարշավի ժամանակ մեծ շուքով կազմակերպի բացման արարողությունը: Պարզապես դեռ որոշված չէ՝ դա կլինի պատգամավորակա՞ն, թե՞ քաղաքապետի ընտրությունների նախաշեմին:

 

ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ ԵՆ
Այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ ՀՀ իշխանությունները ՌԴ իշխանությունների հետ համաձայնություն են ձեռք բերել` Հրաչյա Հարությունյանին ՀՀ իրավապահներին հանձնելու հարցում: Հիշեցնենք, որ 2013-ին Հ. Հարությունյանի վարած ավտոմեքենան բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի արդյունքում զոհվել էր 18 մարդ: Հայ վարորդին Ռուսաստանի Տվերի դատարանը դատապարտել է 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը եւ ՌԴ դատախազ Յուրի Չայկան Հ. Հարությունյանի հարցում համաձայնության են եկել: Բայց դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ երբ կիրականացվի Հարությունյանի էքստրադիցիան:

 

ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏԵՑԻՆ ՃՈ ՊԵՏԻՆ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն պատրաստվում է տեղափոխվել ՀՀ քննչական կոմիտե: Երեկ Արտակ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր աշխատանքից: Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում եւ եղել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, այժմ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի թիմակիցը: Սակայն, մինչ կձեւավորվեր քննչական կոմիտեն, նա նշանակվեց ՃՈ պետ: Հավելենք, որ Armlur.am-ի հետ զրույցում Արտակ Հարությունյանն ասել է, որ համակարգից հեռանալը պայմանավորված է առողջական խնդիրներով:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԻՄՔԵՐ ՉԵՆ ՏԵՍԵԼ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տարածել է հաղորդագրություն` հայտնելով, որ մերժվում է քրեական գործի հարուցումը ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի նկատմամբ` հանցակազմի բացակայության հիմքով: «ՀՔԾ վարչության պետի տեղակալը գտնում է, որ «Ազգային Ժողովի պատգամավորի կողմից զանգվածային լրատվության միջոցով հրապարակային արված վերը նշված արտահայտությունները սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու իրական սպառնալիք չեն հանդիսացել, դրանք իրականացնելու իրական վտանգ չի եղել, որպիսի պայմաններում բացակայում է քրեական գործ հարուցելու հիմքը: Այսպիսով՝ ՀՔԾ-ի տրամաբանությունից ելնելով՝ կարող ենք հասկանալ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զանգվածային լրատվական միջոցներով հայտարարել, որ գլխատելու եւ բռնաբարելու է մարդու իրավունքները խախտող պաշտոնյաներին»,- ասված է հաղորդագրությունում:

 

ՆՈՐ ԱՐՏԱՀԵՐԹ
ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ-ին առաջարկվում է 2015 թ. հուլիսի 2-ին հրավիրել արտահերթ նստաշրջան՝ հետեւյալ օրակարգով. «ՀՀ Կառավարության եւ ՌԴ Կառավարության միջեւ Հայաստանի Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր»:

 

ՎՍՏԱՀՈՒՄ ԵՆ
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Ս. Սարգսյանը կարեւորել է ԱՄՀ գործադիր խորհրդի կողմից «Երկարաձգվող ֆինանսավորման ծրագրի» հերթական վերանայման արդյունքների հաստատումը: Նրա համոզմամբ, այդ ծրագրի սահուն ընթացքը ոչ միայն ֆինանսական միջոցների մասնաբաժնի ստացման խնդիր է լուծում, այլ նաեւ ազդարարում է ծրագրի ներքո ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման եւ դրա հաշվին բարեփոխումների գործընթացի շարունակականության մասին:

 

ԱՐՁԱԳԱՆՔԻ, ՈՐ ԻՆՉ ԱՆԻ
Երեւանի քաղաքապետ Տ. Մարգարյանը չի պատրաստվում արձագանքել Բաղրամյան պողոտայում կատարվող իրադարձություններին: Այս մասին Armlur.am-ին ասել է քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը. «Նման իրավիճակների համար կան համապատասխան մարմիններ, ովքեր պատշաճ կատարում են իրենց աշխատանքը: Եթե տեսնենք, որ լրացուցիչ կարիք կա արձագանքելու, ապա կդիմենք համապատասխան մարմինների»:

 

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆՔ
Հունիսի 29-ին ԱԳ նախարար Էդ. Նալբանդյանը Մինսկում մասնակցել է Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Նա հանդես է եկել ելույթով եւ եւս մեկ անգամ ընդգծել է, որ «Հայաստանը Եվրոպական միության հետ ունի համապարփակ գործընկերություն, մենք կարեւորում ենք քաղաքական երկխոսության ակտիվացումը եւ առեւտրի ու տնտեսական համագործակցության խորացումը»:

 

ՀԱՄՈԶԻՉ ՉԷՐ
Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի լռության պատճառը ճշտելու նպատակով Armlur.am-ը դիմել է Կաթողիկոսի մամլո դիվան Տեր Վահրամ Քահանա Մելիքյանին, ով նշել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցը, որում, նրա խոսքով, դրան եւս անդրադարձ կա: «Գիտեք, այս օրերի ընթացքին իմ կողմից բազմիցս նշվել է, որ հոգեւորականներս մեր առաքելությունն այստեղ իրականացնում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, եւ մեր ծառայությունն արդեն արտահայտում է այն դիրքորոշումը եւ ըմբռնումները, որ ունի Նորին Սրբությունը ծավալվող զարգացումների վերաբերյալ»,- ասել է նա:

 

ՍԹԱՓՎԵԼ ԵՆ
Մեր քաղաքացիները գիտակցում են, իրավագիտակից են, մարդկանց թիվը գնալով նվազում է: Armlur.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե, ի վերջո, ինչպես է կարգավորվելու Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը, ասել է Երեւանի փոխոստիկանապետ Վ. Օսիպյանը: «Հասկանում են, որ իրենց գործողություններն անօրինական են: Իմ կարծիքով, կսթափվեն եւ վերջ կդնեն այս անօրինականությանը», – նշել է նա: Հարցին, թե որն է պատճառը, որ երեկ ցանկանում էիք դիմել գործողությունների, սակայն ետ կանգնեցիք,, Օսիպյանը ընդգծել է. «Չենք ուզում ավելորդ լարվածություն, մեր ժողովուրդն է, մեր քաղաքացիներն են, փորձում ենք բացատրական աշխատանքներ տանել իրենց հետ»:




Լրահոս