Մայրաքաղաք Երեւանում կանաչ տարածքների խնդիրն ամենաարդիականն է՝ անկախ տարվա եղանակից: Բնապահպանները համոզված են, որ եթե մեր տեղական իշխանությունները կարողանային ճիշտ կառավարել քաղաքը, ապա այսօր կանաչ գոտու հաշվին սրճարաններ չէին լինի: Տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ» օրաթերթը երեւանաբնակ քաղաքացիներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ այս ամիսներին քաղաքի այգիներում՝ ծառերի տակ եւ թփերի մոտ, հնարավոր չի լինում կանգնել: Բանն այն է, որ դրանցից կա՛մ միջատներ, կա՛մ էլ շիրանման նյութ է թափվում իրենց վրա: Իսկ եթե այդ ծառերի տակ նստարաններ կան տեղադրված, ապա դրանք նույնպես ամբողջովին աղտոտվում են այդ շիրանման նյութից:
Հայկական բուսաբանական ընկերության նախագահ Մարինա Օգանեսովայի խոսքերով՝ մայրաքաղաք Երեւանում ամենատարածված ծառատեսակը սոսին է, տարածված են նաեւ թեղիները, բարդիները, ակացիաները, կաղնիներն ու, հացենիները: Կարելի է նաեւ հանդիպել ընկուզենիների, թթենիների, ինչպես նաեւ՝ տարբեր պտղատու ծառերի այլ տեսակների: Սակայն մասնագետի պնդմամբ՝ կանաչ տարածքների հատման պատճառով քաղաքում օդը մաքուր չէ: Նա ափսոսանքով նկատեց, որ այսօր Երեւանում կանաչ տարածքներն օր օրի պակասում են, իսկ դրանց փոխարինում են շենք-շինությունները:
«Ոչ ոքի համար էլ նորություն չէ, որ կանաչ գոտիները մեծ կարեւորություն ունեն մարդու համար: Այլ երկրների քաղաքներում գերակշռում են կանաչ տարածքները: Տարիներ առաջ Երեւանում այդքան խիտ շինարարություն չկար, նույն կանաչ գոտիներն ավելի էին ծածկում մեր փոշոտ հատվածները եւ մաքրում էին մեր օդը: Այսօր, սակայն, մենք զրկված ենք այն վայրերից, որոնք մեզ թթվածնով են ապահովում, փոշին են մաքրում: Մեզ համար հանգստանալու վայրեր էլ չեն մնում, որովհետեւ բոլոր հանգստավայրերը սրճարաններով եւ ռեստորաններով են զբաղված: Կանաչ տարածքների հաշվին նաեւ խանութներ են կառուցվում»,- նշեց Մարինա Օգանեսովան: Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ կանաչ տարածքների հատման պատճառով շատացել են ոչ միայն ալերգիկ, այլեւ շնչառական համակարգի տարատեսակ հիվանդությունները:
«Ժողովուրդ»-ը խմբագրություն ահազանգած քաղաքացիների մտահոգությունը` կապված այգիներում ծառերից թափվող շիրանման նյութի հետ, փոխանցեց Օգանեսովային: Մասնագետը շտապեց տեղեկացնել, որ այն կապված է լվիճների հետ, որոնք արագ բազմանում են:
Ըստ Օգանեսովայի՝ այս երեւույթը կանխելու համար Երեւանի քաղաքապետարանը նախ՝ պետք է վերացնի այդ միջատները, ապա՝ ծառերը լվանա, բուժի: «Ողջ մայրաքաղաքի ծառերն են այդ լվիճներով պատված: Նույն իրավիճակը եղել է նաեւ նախորդ տարի: Նման միջատները հիմնականում գարնան ամիսներին են բազմանում, երբ հորդառատ անձրեւներ են լինում»,- պարզաբանեց տիկին Օգանեսովան` երանությամբ հիշելով, որ տարիներ առաջ մայրաքաղաք Երեւանի փողոցների մայթերը խանութներով զբաղեցրած չէին, իսկ ծառերն էլ անհամեմատ շատ էին: «Թեղի կոչվող ծառատեսակի վրա, որը քաղաքապետարանի կողմից հաճախակի է կտրատվում, միջատներ կան: Դրանք արագ բազմանում են եւ արդեն հուլիսի վերջերին տերեւները կերած են լինում: Բայց քաղաքապետարանում թեղի ծառատեսակը շատ են սիրում, որովհետեւ այն էժան է ձեռք բերվում եւ շուտ է աճում: Նաեւ խնամք չի պահանջում: Ես ինքս բազմիցս ասել եմ, որ թեղի պետք չէ տնկել, այն փոխարինեք մեկ այլ ծառատեսակով: Ի պատասխան՝ լսում եմ, որ ասում են՝ թե փող չունեն, դրա համար էլ թեղիներ են տնկում: Ամեն ինչի համար փող ունեն, բայց դրա համար չունեն»,- վրդովված նկատեց մասնագետը:
Զրույցի ավարտին նա նաեւ նշեց, որ Արաբկիր վարչական շրջանի՝ Կոմիտասի պողոտայի մայթերի ծառերը անխնա ձեւով էտված են ու կտրատված, իսկ Կիեւյան հասցեում էլ թեղին շատ է ու վնասված. «Տեսեք, թե դա այս ամառ ինչ հետեւանք կունենա մարդկանց համար: Նրանք այս շոգին ստիպված քայլելու են առանց հով զգալու»:
Հավելենք, որ «Ժողովուրդ»-ը ծառերից թափվող շիրանման նյութի հետ կապված դիմեց նաեւ Երեւանի քաղաքապետարան եւ հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ այն կանխելու համար: Ի պատասխան մեր հարցմանը՝ քաղաքապետարանից վստահեցրին, որ ծառերը բուժվում են: Իսկ թե երբ կամ ինչպես, հայտնի չէ: Այնուամենայնիվ, բուժման արդյունքները կարծես թե նկատելի չեն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ