-ՀՀԿ- ԲՀԿ կոնֆլիկտն ինչպես՞ եք մեկնաբանում, ի՞նչ է կատարվում :- Սա Քոչարյան-Սարգսյան հակամարտութունն է, որովհետեւ այս ամեն ինչը ունի շատ խորը արմատներ: Որոնք են դրանք. առաջինը, որ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում` լրիվ պարտված արտաքին քաղաքականություն եւ սովի եզրին հասցված Հայաստանի Հանրապետություն: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հացը 30 դրամով թանկացավ` 200-ից հասնելով 230 դրամի: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղը մյուս օրը չի դառնա 250:-Այսինքն` Քոչարյանն օգտվելով սոցիալական տարբեր շերտերի դժգոհությունից իր ներկայության մասին զգացնե՞լ է տալիս:-Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ նման պայմաններում Սերժ Սարգսյանը իշխանություն պահել չի կարող: Որովհետեւ այս ամեն ինչին գումարվում է նաեւ այն, որ պահանջում են Ղարաբաղի հողերը` որպես փոխհատուցում այն այլանդակ ընտրությունների, որ թողեցին անցկացվի Սերժ Սարգսյանը; Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանը հասկանում է, որ իշխանությանը մնացել են հաշված օրեր կամ մի քանի ամիս: Այդ իսկ պատճառով սկսում է ակտիվանալ ԲՀԿ-ն` նրա գլխավորությամբ վաղը, մյուս օրը իշխանության գալու մտադրությամբ: Ավելի շուտ ինքնապահպանման բնազդն է աշխատում: Նա իրավունք չունի տանուլ տալ խաղը եւ դուրս մնալ խաղից: Մարտի 1-ի հանցագործության համար մարդիկ դեռ պետք է կանգնեն դատարանի առջեւ: Երեւանում տասը անմեղ մարդ են գնդակահարել, առաջին անգամ հային հանել են հայի դեմ: Այս արյունը հենց այնպես չի մաքրվելու: 182 երեխա վիրավորեցին զինվորներից, մնացածի ճակատագիրը մեզ անհայտ է: Այ, սա է, որ հանգիստ չի տալիս ղարաբաղյան կլանին: Արյուն թափելը շատ հեշտ էր, պատասխան տալը շատ դժվար է լինելու: -Ըստ մեր տպավորության, ԱԺ հայտարարությունների ժամին հանրապետական Կարեն Ավագյանի բերանով արվեց հետեւյալ նախազգուշացումը, որ 98 -ի նախագահական ընտրություններից հետո, մեջբերում եմ` «Իսկ ի՞նչ կլիներ, եթե հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀԿ-ն պետականության պահպանման խնդիր չորդեգրեր, այլ քաղաքական կողմնորոշում չունենար»: Սակայն սրանից հետո էլ գործընթացները ոչ միայն կանգ չառան, այլ ավելի խորացան:-Գերազանց կլիներ, եթե նման բան չորդեգրվեր, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո իշխանության կգար մի պանծալի կուսակցություն, որի հիմնադիրն էր Կարեն Դեմիրճյանը, ՀԺԿ-ին կհաջողվեր իր շուրջը համախմբել լրջագույն մի թիմ, եւ երկիրը կհաներ ճգնաժամից: Ա՛յ դա կլիներ: Մենք գիտենք, որ ՀՀԿ-ն արհեստածին կուսակցություն է. մեկ գիշերվա մեջ ինչպես կառուցվել է, այդպես էլ մեկ օրվա մեջ կքանդվի: Եւ այդ ՀՀԿ-ն ոչ մի կապ չունի Վազգեն Սարգսյանի, ոչ էլ Աշոտ Նավասարդյանի ՀՀԿ-ի հետ: Իսկ հարցի երկրորդ մասի հետ կապված ասեմ, գիտեք Ռոբերտ Քոչարյանը «հոկտեմբերի 27-ին» Ազգային անվտանգության նախարար չի եղել: Եւ հոկտեմբերի 27-ի համար հիմնական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:-Ձեր կարծիքով` ի՞նչ հանգուցալուծում կունենա այս կոնֆլիկտը:-Ընկավ աշխարհի ամենահզոր բռնապետերից մեկը` Մուբարաքը, որը հայտնի ֆաշիստ էր: Շուտով ի հայտ կգա, թե ինչպես է հազարավոր մարդկանց խոշտանգել, գերեզման ուղարկել: Այսինքն` նույնիսկ նման բռնապետը չդիմացավ ժողովրդական ալիքին: Ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ` չկա այն բռնապետը, ոչ լեգիտիմը, որը կդիմանա ժողովրդական ալիքին, ժողովրդի ցասմանը: Իսկ ժողովրդի ցասումը արդեն իսկ երեւում է:-Նկատի ունեք սոցիալական տարբեր շերտերի անջատ-անջատ, փոքրաթիվ, չհամակարգված ընդվզումնե՞րը:-Ոչ միայն, ես ասում եմ` ցասումը արդյունքն է լինելու պարտված արտաքին քաղաքականության եւ սովի եզրին կանգնած հանրապետության: Որովհետեւ այդպես էլ Սերժ Սարգսյանին չհաջողվեց ձերբազատվել օլիգարխներից, նա չկարողացավ դա անել: Իսկ մոնոպոլիստական կապիտալիզմը, ինչպես գիտեք` բերելու է նման ճգնաժամերի: Կուզեք սա հեղափոխություն անվանեք, ինչպես կուզեք` անվանեք;-Իսկ եթե հեղափոխության փոխարեն, ասենք, Քոչարյանը հայտնվի իշխանության մեջ ինչ-որ կոմպրոմիսների կամ ներքին հեղաշրջման արդյունքում:-Աստված չանի, բայց քանի որ Դուք ասում եք` «եթե», ես էլ ասում եմ, որ եթե նման բան լինի, այս կլանը շատ կարճ ժամանակահատված, ընդամենը մի քանի ամսով կերկարացնի իր կյանքը, եւ ամեն ինչ ավելի դաժան ավարտ կունենա:-Կա կարծիք, որ Ռոբերտ Քոչարյանը վայելում է Մոսկվայի ինչ-ինչ ուժերի աջակցությունը:-Նորից Մուբարաքի օրինակը բերեմ. նրան պաշտպանում էին այսօրվա եվրամիության երկրները, հարեւան Իսրայելը, որը գիտեք` ինչ ազդեցություն ունի ԱՄՆ Կոնգրեսի վրա: Եւ վերջապես, նրան պաշտպանում էր ԱՄՆ-ը ու ոչ միայն պաշտպանում էր, այլեւ ամեն տարի 1 միլիարդ 300 միլիոն դոլար միանվագ վճարում էր: Այդ պաշտպանությունը Մուբարաքին օգնե՞ց: Հակառակը` այդ պաշտպանները առաջինը ասացին` թող ըտեղից ռադդ քաշի: -Ձեր բոլոր ասածներից հետո ինչ եք կարծում` այս իրողությունները նկատի ունենալով, ՀԱԿ-ը կակտիվացնի՞ հանրահավաքային պայքարը:-Իհարկե, որովհետեւ այսօր միակ ուժը, որն ի վիճակի է առաջնորդել ժողովրդին, ՀԱԿ-ն է: Իսկ թե ինչ մարտավարական փոփոխություններ կլինեն կամ չեն լինի, առաջիկայում կտեսնենք:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
ՄՈւԲԱՐԱՔԻՆ ԷԼ ԷԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՍԱՑԻՆ` ՌԱԴԴ ՔԱՇԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ