«Գանդի» հիմնադրամը հետաքրքրված է կրթության ոլորտում համագործակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հնդկաստանի «Գանդի» հիմնադրամի խորհրդի ներկայացուցիչ Աշոկ Սաջանհարին ու Գանդիի անվան միջազգային ինստիտուտի տնօրեն Ջիլ Կարլ Հարիսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, այս համատեքստում մասնավորապես կարևորվել է խաղաղ մեթոդներով պայքարի, բախումների և կոնֆլիկտների կանխարգելման կրթության տարածումը: Հյուրերը նշել են, որ մտադիր են առաջիկայում Հայաստանում ևս հիմնադրել աշխարհի շուրջ 40 երկրներում գրասենյակների ցանց ունեցող «Գանդի» հիմնադրամի մասնաճյուղը և հետաքրքրված են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Շեշտելով, որ առաջարկն ընդունելի է՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթական համակարգը բաց է միջազգային համագործակցության համար, իսկ Գանդիի ինստիտուտի և հիմնադրամի հետ կապերի հաստատումը կարող է լավագույնս խթանել կոնֆլիկտաբանություն մասնագիտության որակական առաջընթացը:

Ա. Աշոտյանը նաև նշել է, որ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունը լավագույն միջոցներից է՝ ծանոթանալու հնդկական պատմական և մշակութային ժառանգությանը: Նախարարը նշել է, որ հայ-հնդկական կրթական համագործակցության փորձն առկա է, մասնավորապես ընդգծելով, որ Հայաստանի բուհերում սովորող օտարերկրյա ուսանողների մեջ մեծ տոկոս են կազմում հնդիկները: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկկողմ համագործակցության իրավական հիմքերի ստեղծման հնարավորությունները:




Լրահոս