Վերջին օրերին իշխանության բավական աշխույժ քաղաքական հռետորաբանությունը` կսատարի Ծառուկյանը Սարգսյանին, թե ոչ, կամ տնտեսական ծրագրերը` Իրան-Հայաստան նավթամթերքներ տեղափոխող խողովակաշարի կառուցում, «Մարս» գործարանում ազատ տնտեսական գոտու ստեղծում եւ այլն, թերեւս սարքված են քողարկելու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հետեւանքները: Գրեթե ամեն օր թանկանում է 1 պարկ ալյուրի գինը: Իսկ Հայաստանի պես երկրում, որտեղ շատ ընտանիքներ սովից չեն մահանում, քանի որ գոնե հաց են ուտում (պանիրն էլ վերջերս դելիկատես դարձավ), դա դուր չէր գալիս հայրենի իշխանությանը: Ինչպես միշտ կառավարությունը ձեռքերը պարզում է վեր, թե մենք ինչ անենք` աշխարհում ցորենը թանկացել է: «Հայլուրը» ռեպորտաժներ է ցուցադրում Չիկագոյի, Լոնդոնի, էլ չգիտես որտեղի բորսաներից` համոզելու հայաստանյան հանրությանը, որ խեղճ իշխանությունները «այս թեմայի մեջ չկան»: Համաշխարհային շուկաներում վերջին մեկ ամսում նկատվեց ցորենի գնի որոշակի աճ, սակայն Հայաստանում այդ ապրանքի թանկացման իր լուման ներդրեց նաեւ Պետական եկամուտների կոմիտեն` իր տխրահռչակ հսկիչ գներով: Մինչեւ փետրվարի 1-ը ցորենի հսկիչ գինը 250 դոլար էր, իսկ այժմ` 350 դոլար: Փաստացի, ՊԵԿ-ը իր այս քայլով յուրաքանչյուր տոննա ալյուրի գինը բարձրացրել է 30 դոլարով: Թերեւս, երբ Էկոնոմիկայի նախարարը ասում էր, որ գնաճը զսպելու համար կառավարությունը կօգտագործի «ամբողջ գործիքակազմը», նկատի ուներ հսկիչ գնի բարձրացումը: Կարելի է միայն կռահել եւ սարսափած սպասել, թե «ամբողջ գործիքակազմի» կիրառման դեպքում ինչ նոր անակնկալներ են մեզ սպասում: Հատկանշական է, որ ալյուրի գնի բարձրացումը համընկավ այդ ապրանքի ներմուծման մեջ բացարձակ գերիշխող դիրք գրավող` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկություններում հարկային ծառայության կողմից ստուգումներ անցկացնելու հետ: Կառավարությունը իր գործունեությամբ ժողովրդին ստիպելու է հանրահավաքներ կազմակերպել` ի պաշտպանություն Սամվել Ալեքսանյանի, քանզի վերջինիս ձեռնարկություններում հարկային ստուգումները անպայման անդրադառնում են մարդկանց կենսամակարդակի վրա: Պետք է պահանջել ՊԵԿ-ից եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից` մոռանալ պատգամավոր օլիգարխի գոյության մասին: Թեպետ այս իշխանության գործելաոճն է` «ունքի տեղը աչքը հանելը»: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ առկա վիճակից դժգոհ են նաեւ իշխանությունները, եւ տեսնելով ժողովրդի պասիվությունը` իրենք են քայլեր ձեռնարկում սոցիալական բունտը արագացնելու համար: Հիշեցնենք, որ Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններում իրենց ներդրումն ունեցան նաեւ հացի թանկացումները: Ու երբ տեղի իշխանությունները փորձեցին իջեցնել հացի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները (փաստորեն, նման հնարավորություն կար), արդեն ուշ էր: Այնպես որ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն էլ ուշանա:ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ԳՈՒՑԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԷԼ ՈՒՇԱՆԱ, ԻՆՉՊԵՍ ՄՈՒԲԱՐԱՔԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ