Արդեն հայտնել ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիտին մասնակցում է նաև ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը: Նիստի ժամանակ ներկայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի ներդրումային ծրագիրը:
Բիբինը նշեց, որ ներկայացված ներդրումային ծրագիրը դժվար կլինի իրագործել կես տարվա ընթացքում: Նա, սակայն, հույս հայտնեց, որ այնուամենայնիվ կկարողանան իրագործել ներկայացված ծրագիրը:
ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ հակադարձեց Բիբինին, ասելով, որ իրենք մեղավոր չեն, որ քիչ ժամանակ է մնացել:
Նիստի ընթացքում Եվգենի Բիբինը խնդրեց օրակարգի երկրորդ և երրորդ հարցերը քննարկել միասին և որոշ ժամանակ հետո: Նշենք, որ հարցերը վերաբերում են ՀԷՑ-ի կորուստների հաշվարկմանը. «Առաջարկում ենք գործողության մեջ դնել որոշումը հոկտեմբերի 1-ից և մեզ տալ ժամանակ ներկայացնելու մեր դիտողություններն ու առարկությունները»,- առաջարկեց ՀԷՑ-ի տնօրենը: Առաջարկն ընդունվեց և որոշում կայացվեց երկրորդ և երրորդ հարցերը միասին զեկուցել: