Երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր էջում անդրադարձել է վերջերս ներկայացված, “Պռե Գոմեշ” երգին:
“Կյանքը մեզ ամեն քայլափոխի տալիս է ոգեշնչվելու հնարավորություն, պարզապես պետք է նկատել այդ պահերը: Երբ փոքր էի շատ չէի լսում ժողովրդական երաժշտություն, իսկ ժողովրդական երգերին ծանոթ էի մորս և նրա կոլեգաների կատարումներից: Երբ հորս խորհրդով սկսեցի ձայնագրել Շերամի երգերը ինքս ինձ համար բացահայտեցի, թե որքան իմն է այն: Քանի որ փոքր տարիքից ստեղծագործում էի ժամանակակից ոճում որոշեցի ինձ երկու հարազատ ժանրերը համատեղել: Վերջերս, երբ Կոմիտաս էի լսում, “Լոռվա Գութաներգ”-ի մեջ ինձ մի հատված այնքան ոգեշնչեց, որ մի ակնթարթում մտովի լսեցի իմ նոր վերջնական երգը և պատկերացրեցի տեսահոլովակը: Հիմա պետք էր այս ամենը հերթականությամբ իրականացնել, իսկ ինձ մոտ այդ հերթականությունը չի սահմանափակվում գործիքավորում, խոսքեր և ձայնագրում պրոցեսով: Սկսեցի ուսումնասիրել “Լոռվա Գութաներգ”-ի հետ կապված գրեթե բոլոր նյութերը, ընթերցեցի Կոմիտասի գրած վերլուծությունը այս երգի շուրջ, հանդիպեցի մարդկանց, ովքեր քաջածանոթ են վարպետի ստեղծագործություններին և դրանց ծագմանը:Մասնագետների, ովքեր առհասարակ դեմ են Կոմիտասի երաժշտության ժամանակակից ներկայացմանը և փորձեցի հասկանալ ինչու: Չնայած նրան, որ չէի պատրաստվում նորովի ներկայացնել Կոմիտասի աշխատանքը, այլ այն ուղակի իմ ոգեշնչման աղբյուրն էր հանդիսացել` ամեն դեպքում ինձ համար շատ կարևոր էին բոլոր ուսումնասիրություններս:
“Լոռվա Գութաներգ”- ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգևորում Գոմեշին, գութանը կապած լծին հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում:
Երգիս երաժշտությունը և ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի և նեռվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային,պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի` հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա:
Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարևոր էին, քանի որ ասելիք ունեի,այնքան շատ ասելիք, որ միտքս խոսքիս հերթ չեր տալիս, հասկացա որ ինձ հետ գաղափարս կարող էր կիսել և միտքս ճիշտ տեղ հասցնել միայն իմ տաղանդավոր ընկեր՝ Ավետ Բարսեղյանը:
Խոսքս տեղ հասցնելու համար ինձ պետք է օգներ երգիս հերոսը՝ գոմեշը: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…”,-գրել է երգչուհին: