ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովին առաջարկվել է հրավիրել եւս մեկ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց է` «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի քննարկումն ու հաստատումը: Երեկվա դրությամբ դեռեւս խորհրդարանը չէր որոշել, թե ինչ ֆորմատով է լինելու արտահերթ նիստը՝ փակ, թե՞ բաց:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ է որոշվել նշված համաձայնագիրը արտահերթ կարգով քննարկել խորհրդարանում:
-Պարո՛ն Սահակյան, Կառավարությունը կրկին խորհրդարանին առաջարկել է արտահերթ նիստ գումարել, ու այս անգամ եւս օրակարգում վարկային համաձայնագիր է ընդգրկված: Որքանո՞վ եք ճիշտ համարում Կառավարության որդեգրած քաղաքականությունը, երբ նման լուրջ համաձայնագրերը քննարկվում են արտահերթ ու շատ «արագացված» ռեժիմով:
-ՀՀ Կառավարությունն իր բնականոն աշխատանքները կազմակերպելու համար օգտվել է Սահմանադրությամբ բխող իր լիազորություններից ու հրավիրել է արտահերթ նիստ, որպեսզի այդ կարեւոր համաձայնագիրը` վարկային միջոցներ ներգարավելու հետ կապված, նաեւ խորհրդարանում սահմանված կարգով հաստատվի: Այսինքն՝ Կառավարությունը իր աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար է այս արտահերթ նիստը հրավիրել, ու ես չեմ կարծում, որ այդտեղ որեւէ արտառոց բան կա: Ես չեմ կարծում, որ սա այն խնդիրն է, որը պետք է քննարկման առարկա դառնա: Կառավարությունը գիտի, թե ինչպես է աշխատում, իսկ խորհրդարանն էլ շատ լավ գիտակցում է, թե ինքն ինչպես պետք է աշխատի այս դեպքում: Ձեր նշված որակավորումները իրատեսական չեն, սրանք գործընթացներ են, որոնք պետք է կատարվեն ու կատարվում են: Ամեն տեղ ինչ-որ արտառոց բաներ փնտրելը, կարծում եմ, ճիշտ չէ, պետք չէ աժիոտաժ բարձրացնել:
-Բայց Կառավարությունը արտահերթ սկսում է աշխատել այն դեպքում, երբ իրեն գումար է «պետք լինում», իսկ խորհրդարանն էլ «հնազանդ» հաստատում ու դակում է այդ օրենքը: Ընդդիմադիրները մշտապես դժգոհել են Կառավարության նման գործելաոճից, ի վերջո, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ` դա Ձեզ համար էլ վիրավորական չէ՞:
-Ինչ վիրավորանքի մասին է խոսքը, երբ օրենսդիրն ու գործադիր մարմինները միմյանց հետ աշխատում են, փոխհամագործակցություն կա: Կան բազմաթիվ օրենքներ, երբ Կառավարությունը նույնպես ճանաչել է անհետաձգելի, այսինքն՝ իր համար շատ կարեւոր է, դրանք շատ տարբեր նախագծեր են եղել: Իսկ վարկային համաձայնագրեր ներառելու առումով ասեմ, որ ե՛ւ տնտեսության, ե՛ւ Կառավարության հետագա գործունեության համար դա կարեւոր է, իսկ Կառավարությունը, կրկնում եմ, օգտվում է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններից: Պետք չէ հայտարարել, թե գումարային խնդիրներ կան, դրա համար ցանկացած վարկային համաձայնագիր շտապ կարգով քննարկվում եւ ընդունվում է: Կարեւոր է բոլոր քայլերը ճիշտ կազմակերպել եւ առաջ գնալ:
-Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ-ն այսօր սպառազինության խնդիր ունի՞, դա՞ է այսօրվա ամենահրատապ հարցը:
-Ցանկացած պատերազմող երկիր սպառազինության խնդիր ունի, ու ես չեմ կարծում, որ մենք բոլորս այն տեսակետին ենք, որ Ադրբեջանը այլեւս իր ռազմատենչ հայտարարություններից, գործողություններից հետ է կանգնել, ու վտանգը վերացել է մեր սահմանում, ու մենք կարող ենք, ինչպես կենտրոնական Եվրոպայում է խաղաղ, գիտակ մարդու պես հարաբերվենք մեր հարեւանների հետ: Միշտ պատերազմական դրությունն առկա է, միշտ էլ մեր զինվորներն արթուն են, միշտ պատրաստ են Ադրբեջանական ցանկացած ոտնձգությանն արժանի հակահարված տալ: Դրա համար մենք էլ մեր հերթին պետք է միշտ պատրաստ լինենք բոլոր հարցերում: Ինչպես Գարեգին Նժդեհն էր ասում. «Այն ազգը, որը չի կերակրում, չի զինում իր բանակին, ստիպված է լինում պահել, զինել եւ կերակրել թշնամու բանակին»: Հետեւաբար մենք պետք է միշտ արթուն լինենք, եւ այն դժվարությունները, որոնք առկա են մեր բանակում, պետք է առաջնահերթ համարենք եւ լուծում տանք դրանց:
ՆԱԽԱՐԱՐ ՕՀԱՆՅԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար Վահագնի թաղամասում շքեղ առանձնատուն է կառուցվել: Այդ շինությունն այնպիսի հատուկ հսկողության տակ է, որ տպավորություն է, թե անհայտ աղբյուրներով կառուցվող դղյակն էլ է «պետական գաղտնիք»:
Հիմա ամեն ինչի մասին հերթով: «Ժողովուրդ»-ը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասի մի գողտրիկ անկյունում իր համար առանձնատուն է կառուցում: Բանն այն է, որ Վահագնի թաղամասի սեփականատեր Վահագն Հովնանյանի դուստրը ամուսնացած է թաղամասի անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հետ, իսկ նրանց քավորն էլ ՊՆ Սեյրան Օհանյանն է: Ուստի քավոր-սանիկական հարաբերություններից ելնելով էլ Ս. Օհանյանին նման շքեղ վայրում հողամաս են հատկացրել` իր սրտով առանձնատուն կառուցելու համար: Արդեն տեւական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են: Առանձնատունը երեքհարկանի է եւ մոտավոր հաշվարկներով 350-400 հազար ԱՄՆ դոլար «ծախս է պահանջում»:
Հետաքրքիր է, թե պարոն Օհանյանն ինչ միջոցներով է կարողացել նման շքեղ առանձնատուն կառուցել, այն դեպքում, երբ ըստ նրա կողմից ներկայացված 2014 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագրի` ունի 17 մլն 500 հազար դրամ դրամական միջոց: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ նրա անցած տարվա տարեկան եկամուտը կազմել է 9 մլն 339 հազար դրամ, տարեկան աշխատավարձը կազմել է 5 մլն 115 հազար դրամ, կենսաթոշակը` 4 մլն 224 հազար դրամ: Կողմնակի եկամուտ Օհանյանը պաշտոնապես ցույց չի տվել: Իսկ նախարարի կնոջ` ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանի՝ 2014 թ-ի եկամուտը ընդամենը 1 մլն 698 հազար դրամ է կազմել:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը համեստ կարողության տեր են, սակայն դա միայն առաջին հայացքից: Իրականում նրանց անվան հետ բազմաթիվ կալվածքներ են կապվում, բայց այնպիսի գաղտնիությամբ են դրանք պահվում, ինչպես կպահպանվեր ռազմական գաղտնիքը: Նկատենք, որ Սեյրան Օհանյանը թաքցրել է նաեւ, օրինակ, Սեւանի ափին գտնվող իր առանձնատունը, որը, թերեւս, իր անունով էլ չէ:
«Ժողովուրդ»-ը երեկ այցելեց Վահագնի թաղամաս՝ Սեյրան Օհանյանին պատկանող տարածքը լուսանկարելու համար: Պարզեցինք, որ հարակից հատվածների բնակիչները բոլորն էլ քաջատեղյակ են, որ Օհանյանը առանձնատուն է կառուցում: Նրանք մեզ հետ զրույցում նշում էին, որ տեւական ժամանակ է՝ շինարարները ջանքեր են թափում՝ նախարարի սրտով տուն կառուցելու համար:
«Ժողովուրդ»-ի թղթակցին թաղամասը հսկող անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ արգելեցին լուսանկարել նախարարի առանձնատունը՝ հայտարարելով, թե նախ՝ մենք իրավունք չունենք մուտք գործել թաղամաս, իսկ երկրորդն էլ՝ առանձնատունը լուսանկարելու դեպքում իրենք ուղղակի աշխատանքից կհեռացվեն: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց Սեյրան Օհանյանի առանձնատունը նկարել շատ հեռվից: Եւ անգամ այդ պարագայում էլ էին անվտանգության աշխատակիցները ամեն կերպ փորձում խոչընդոտել մեզ: Նրանք նույնիսկ իրենց մեքենայով հետապնդեցին, բայց չհասան:
Իհարկե, չի բացառվում, որ նախարարին փաստացի պատկանող առանձնատունն էլ է ուրիշի անունով գրանցված: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում պաշտոնյաները հաճախ անգամ իրենց զոքանչի անունով են ունեցվածք գրանցում:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ՈՎ ՕԳՆԵՑ ՏՈՒԺԱԾ ՊԱՊԻԿԻՆ
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2015թ փետրվարի 4-ին Մովսես գյուղում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից վիրավորված 85-ամյա Լեւոն Անդրեասյանին ֆինանսապես օգնել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը: Գրել էինք, որ նշված օրը պապիկը այգում էր եղել եւ վնասվածքը ստացել էր ծնկի շրջանում: Վերջինիս շտապ տեղափոխել էին կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս էր գրվել: Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ կրակոցից հետո պապիկի վիճակը կտրուկ վատացել էր, եւ նրան կրկին տեղափոխել էին կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ: Սակայն հարազատները գումար չունեին՝ բժիշկներին վճարելու համար:
Ավելի ուշ պապիկի հարազատները բուժման ծախսերը հոգալու հարցով դիմել էին ՀՀ առողջապահության նախարարություն, որպեսզի պապիկի համար պետպատվեր տրամադրվեր, սակայն նախարարությունը հրաժարվել էր օգնել սահմանամերձ գյուղի բնակչին: Ընտանիքի անդամներն էլ այս օրերին ընկած գումար էին ման գալիս՝ «Արմենիա» ԲԿ-ում պապիկի բուժման համար նախատեսված ծախսերը վճարելու համար:
Արդյունքում, Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը մեր հրապարակումից հետո կապ էր հաստատել Լեւոն Անդրեասյանի ընտանիքի հետ եւ փոխանցել նրա բուժման համար անհրաժեշտ գումարը՝ 220 հազար դրամ հենց «Արմենիա» բժշկական կենտրոնին:
ԱՌԱՆՑ ՀԱՑԻ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա վեց ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1.8 տոկոսով: Նկատենք, որ հատկապես հացի արտադրության անկումն ուղիղ կապ ունի սպառողների նվազման հետ: Բնականաբար, որքան հացի արտադրությունը նվազում է, նույնքան քիչ է սկսում այն սպառվել: Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,8 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ այս տարի Հայաստանի բնակչության թիվը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, նվազել է 54 հազար 307-ով: