«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՐԳ»-Ը ԿՐԿԻՆ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՎՊ-Ի ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2011 թվականին Հայաստանում թարմ մրգի եւ ընկուզենու արտահանման, հայկական մրգի համբավն ու բարի անունը տարածաշրջանային եւ միջազգային շուկաներում ներկայացնելու նպատակով Կառավարությունը ստեղծեց «Հայկական միրգ» ԲԲԸ-ն: Այն, սակայն, կարճ ժամանակ անց հայտնվեց աղմկալի պատմությունների մեջ` վերահսկիչ պալատի կողմից ընկերությունում տեղ գտած չարաշահումների բացահայտման արդյունքում: Թվում էր, թե դրանից հետո ընկերությունում նոր խնդիրները պետք է բացառվեին, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ՝ «Հայկական միրգը» կրկին հայտնվել է ՀՀ վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում. ստուգումների արդյունքում ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ նոր` բավականին լուրջ խախտումներ են բացահայտվել:

Հիշեցնենք, որ 2013 թվականին ՎՊ ստուգմամբ պարզվել էր, որ իտալական կազմակերպությունից ձեռք է բերվել 10 հազար հատ ընկուզենու պատվաստացու` 16.5 մլն դրամ արժեքով, որոնք պետք է պատվաստվեին «Արագածոտնի ԳԱՄԿ» ՓԲԸ-ից 4.8 մլն դրամ արժեքով ձեռքբերված 10 հազար հատ ընկուզենու սերմերից ստացվելիք պատվաստակալներով: Սակայն Իտալիայից ձեռք բերված պատվաստացուներն ամբողջովին փչացել էին իտալացի փորձագետի մեղքով: Ու չնայած դրան` այդ պատվաստման նախապատրաստական աշխատանքների համար իտալացի փորձագետին վճարվել էր շուրջ 6.4 մլն դրամ:
«Հայկական միրգ» ԲԲ-ի կողմից իրականացվող «Աջակցություն պտղի եւ ընկուզեղենի արտադրությանը. գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի նպատակն է ՀՀ Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզերում, աղքատ եւ փոքր սեփականատերերին հայկական մրգի եւ ընկուզեղենի արտադրության մեջ ներգրավելով, ավելացնել նրանց կարողություններն ու եկամուտները: Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին` 13.5 մլն դոլար բյուջեով: Ֆինանսավորումը ծրագրի մեկնարկից մինչեւ 2014 թվականի ավարտը կազմել է 2.2 մլն ԱՄՆ դոլար, որի զգալի մասն ուղղվել է «Հայկական միրգ» ԲԲԸ-ի գործառնական ծախսերին:
Ծրագրով ակնկալվում էր 400-500 մանրածավալ, աղքատ գյուղացիական տնտեսությունների հետ հիմնել շուրջ 700 հա ծիրանի, դեղձի եւ ընկուզենու այգիներ: Սակայն ՎՊ-ն նախորդ տարի ստուգումներ է իրականացրել այս ընկերությունում եւ արձանագրել, որ ամբողջովին չեն կատարվել գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի վերահսկողության առաքելության հուշագրում նշված առաջարկություններն ու հանձնարարականները:
Բացի այս՝ չեն իրականացվել տնկարանի հյուսվածքային լաբորատորիայի վերանորոգման, ինչպես նաեւ ջրավազանի, մայր ջրատարի, կաթիլային ոռոգման համակարգերի, այգիների հակակարկտային համակարգերի եւ այլ էական նշանակություն ունեցող օբյեկտների կառուցման աշխատանքները: Իսկ, ահա, կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերումը՝ 85.7 հեկտար այգիների փոխարեն, կատարվել է 4.5 հեկտարի համար: Նաեւ պլանով նախատեսվածից էականորեն պակաս են կատարվել պատվաստակալների եւ պատվաստացուների ձեռքբերման եւ պատվաստման աշխատանքները: Ավելին՝ տնկարանում եւ այգիներում ոռոգման ջրի առկայության պայմաններում արձանագրվել են տնկված տնկիների չորացման դեպքեր:
Ըստ ՎՊ-ի՝ աշխատանքներ ու գնումներ կատարելիս պլան-բյուջեով նշված ծավալներից եւ գնման պլանով հաստատված ժամկետներից թույլ են տրվել շեղումներ: Առանձին դեպքում աշխատանքները կատարելու համար պայմանագիր է կնքվել համապատասխան գործունեության իրավունքի լիցենզիա չունեցող ընկերության հետ: Նաեւ իրականացվել են գնումներ՝ չունենալով գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի համաձայնությունը:
Ի դեպ, ընկերությունը ձեռք բերված տնկիներից 29 հազար 505 հատը 2015 թվականի գարնանը տնկելու համար պահեստավորել է: Սակայն ուշագրավն այն է, որ նշված քանակի տնկիների տնկման համար անհրաժեշտ է շուրջ 28 հա հողատարածք, այնինչ «Հայկական միրգ» ընկերությունն ունի ընդամենը 11.4 հա ազատ, վարձակալած հողամաս: Բացի այս՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տնկիների եւ պատվաստակալների աճեցման, ներմուծման եւ ձեռքբերման ժամանակ խախտվել են «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի, Կառավարության 1998 թվականի մարտի 11-ի որոշման եւ գյուղատնտեսության նախարարի 2006 թվականի փետրվարի 8-ի հրամանի պահանջները:
Այս բացահայտումների հետ կապված «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայկական միրգ» ընկերության տնօրեն Հովիկ Հովհաննիսյանի հետ, ով արդարացավ՝ նշելով, որ ընկերության կատարած գործն ավելի մեծ է, քան ՎՊ-ի հայտնաբերած թերությունները: «Դրանք մանր-մունր թերություններ են: Մենք այլ կերպ ենք մեր հաշվարկները կատարում, իրենք՝ այլ կերպ»,- ներկայացրեց ընկերության տնօրենը:
Այս ամենից հետո մեզ մնում է նշել, որ ՎՊ-ի կողմից արձանագրված թերություններն առ ոչինչ են, եթե այդ խախտումները կատարած ընկերությունները որեւէ պատասխանատվության չեն ենթարկվում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԵՂԱՎՈՐԸ ՀԷՑ-Ն Է

«Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել է, որ Հայաստանի էլցանցերի կործանման պատճառը երկրում գործող կարգավորող համակարգն է: ՀԷՑ-ի շուրջ ստեղծված աղմուկի առիթով armlur.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանի հետ:

-Նույնիսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ցույցերը չեն դադարում: Սա Ձեր կողմից արդյո՞ք կես քայլ չէր, եթե հաշվի առնենք, որ քաղաքացիները դեռ դժգոհ են: Ո՞րը պետք է լինի իշխանությունների հաջորդ քայլը:
-ՀՀ նախագահի հայտարարությունից հետո կազմակերպիչների խումբը, որոնք նախաձեռնողներն էին, ընդամենը մեկ օր անց արձագանքեցին, եւ ինչպես մամուլից լսում ենք, իրենք մասնագետների խմբեր են հավաքում, որպեսզի իրենք էլ փորձեն մասնակից լինեն այն գործընթացներին, որի համար ասաց ՀՀ նախագահը: Եվ այս առումով անհասկանալի է հաջորդ նախաձեռնողների խումբը, որ Բաղրամյան պողոտան մինչեւ օրս փակ է պահում, եւ անհասկանալի է, թե ինչ են ուզում իրենք: Իմաստը ո՞րն է պողոտան փակ պահելու, չէ որ դրանով նաեւ տասնյակ հազարավոր մարդկանց դժգոհությունն են արտահայտում` ասենք, խոչընդոտելով տեղաշարժին, դժվարություններ ստեղծելով մարդկանց համար: Նպատակը, որը կար, բոլորը շատ լավ ընդունեցին, եւ նախագահը համապատասխան հայտարարություն արեց:
-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ակտիվիստները չեն հավատում իշխանության հայտարարություններին եւ աուդիտի ճիշտ անցկացմանը: Արդյո՞ք իշխանությունների հանդեպ անվստահությունն է պատճառը:
-Հավատալ-չհավատալը դա յուրաքանչյուր անձի գործն է, բայց նաեւ ինձ համար անհասկանալի է, թե որ մասին չեն հավատում, երբ որ հստակ ՀՀ նախագահը շարադրեց բոլոր այն խնդիրները, որոնք այս հարցի կապակցությամբ նախաձեռնել է, եւ ըստ հերթականության լինելու է: Հիմա դրանից հետո, ես կարծում եմ, որ անբարոյականություն է կասկածի տակ դա դնելը, եւ այսօր ասել՝ չենք հավատում, դրա համար Բաղրամյան պողոտան փա՞կ ենք պահում: Հիմա կոչ է արվել` եկե՛ք, մասնակցե՛ք:
-«Ինտեր ՌԱՕ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկը հայտարարել էր, որ Հայաստանի էլցանցերի կործանման պատճառը երկրում գործող կարգավորող համակարգն է: Դուք՝ որպես Հանրապետական կուսակցության անդամ, ընդունո՞ւմ եք այս մեղադրանքը եւ ինչպե՞ս եք տեսնում ելքը ստեղծված իրավիճակից:
-Կարծում եմ, որ սխալ է իրենց մեղադրանքը, եւ ավելի շատ պետք է փորձել մեղադրել այն ժամանակ, երբ որ կլինեն հստակ փաստեր: Ինչ մնում է կորուստների վիճակին, ապա համապատասխան ինստիտուտներ կան, կառույցներ կան, որոնք նորմատիվային կորուստները հաշվարկել են, եւ այդ նորմատիվային կորուստների հետ կապված, այո, մեկ տոկոսի տարաձայնություն կա ռուսական կողմի եւ հայկական այն կառույցների միջեւ, որոնք դա հաշվարկել են: Եթե կա գողություն, դրա մեղավորը, բնական է, էլցանցերն են, այն կառույցն է, որը համակարգը տիրապետում է, կոնկրետ ղեկավարում է այս համակարգը: Այնպես որ, հայտարարություն անելուց առաջ պետք է այդ պարզաբանումները համապատասխան մարդիկ անեն:

ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

 

 

ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐԸ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՆԿՈՒՂՈՒՄ

«Գոշավանք» պատմաճարտարապետական արգելոցի նախկին տնօրեն, այժմ Գոշավանք եկեղեցու աշխարհիկ գործերի կառավարիչ Արծրուն Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նշեց, որ 2013թ-ին «Գոշավանք» թանգարանի շուրջ 300 ցուցանմուշները հանվեցին թանգարանի փայտաշեն տնակից եւ տեղափոխվեցին Դիլիջան քաղաք: Ա. Հովսեփյանի խոսքով` դրանք Դիլիջանում գտնվում են Գոշի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանին պատկանող հյուրանոցի նկուղում, ընդ որում, արդեն լրացել է մշակույթի նախարարության կողմից այդ տարածքի վարձակալության ժամկետը: Գոշ գյուղի բնակիչների հետ զրույցից պարզեցինք, որ շատ զբոսաշրջիկներ, այցելելով Գոշավանք, ափսոսանք են հայտնում, որ թանգարանը չի գործում:

Նշենք, որ թանգարանի փայտաշեն տնակից ցուցանմուշները հանվեցին, որպեսզի տեղադրվեն նոր, քարե շենքում, սակայն անցած 2 տարում Գոշում թանգարանի շենքի խոստացված շինարարությունն այդպես էլ չի սկսվել: Թանգարանը 6 աշխատակից ուներ, այժմ մնացել են 2-ը:
Լավ չեն գործերը նաեւ «Գոշավանք» վանական համալիրի վերանորոգման հարցում: Վերջին նախագահական ընտրություններից առաջ՝ քարոզչական շրջայցի ընթացքում, Սերժ Սարգսյանը 2013թ. հունվարի 26-ին այցելել էր Գոշավանք եւ այնտեղ մոմ վառել: Հենց այդ ժամանակ էլ Արծրուն Հովսեփյանը Ս. Սարգսյանին ներկայացրել էր 12-13-րդ դարերի նշանավոր կառույցի նորոգման խնդիրը:
Արդյունքում 2013թ. հոկտեմբերի 24-ին սկսվեց Գոշավանք համալիրի մաս կազմող Սուրբ Աստվածածին եկեղեցու նորոգումը: Սակայն պետական բյուջեից նորոգման ֆինանսավորումը մաս-մաս է կատարվում, ինչը չի նպաստում վերանորոգման գործի հաջողությանը: Արծրուն Հովսեփյանն ասաց, որ Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթը նորոգման նպատակով քանդած է եւ պատված է ցելոֆանով, հոգեւոր կառույցների նորոգման մեջ մասնագիտացած կազմակերպության շինարարներն այժմ գմբեթը վերականգնում են: Նրա խոսքերով՝ ներկայիս ֆինանսավորումը կբավարարի գմբեթի նորոգմանը, սակայն գմբեթի թեք պատերի եւ քանդվող գավիթի նորոգման համար գումարը չի հերիքի: Մինչդեռ վերանորոգման նպատակով գմբեթի թեք պատերը շինարարները քանդել են: Ա. Հովսեփյանն անթույլատրելի է համարում վթարային վիճակում գտնվող Գոշավանքը «կրիայի քայլերով», մաս-մաս նորոգելը:
Վերջում նշենք, որ Մխիթար Գոշի դամբարանի նորոգումը եւս երկու ամիս առաջ կանգ է առել, դամբարանի բաց տանիքից անձրեւաջրերը ներս են լցվում եւ «ջուրը նետում» կատարված աշխատանքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս