Հայաստանի իշխանական վերնախավում այս օրերին քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե ով է լինելու սահմանադրական փոփոխությունների կազմակերպչական շտաբի պետը: Այս հարցի կարևորությունը կայանում է նրանում, որ դրանով է հիմնականում պայմանավորված լինելու ներիշխանական հետագա բոլոր վերադասավորումները: Այլ կերպ ասած՝ իշխանությունների այն թևը, որը հանձն կառնի սահմանադրական փոփոխությունները և այն կիրագործի, հետագայում հենց այդ թիմն էլ կդառնա հիմնական դերակատարը, իսկ ձախողվելու դեպքում էլ ստիպված կլինի ետ քաշվել եւ բավարարվել այն փշրանքներով, որոնք իրեն կտրվեն:
Երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումները պատվով կազմակերպվեցին ու ավարտվեցին, իշխանական շրջանակներում անմիջապես սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում կարող է ՀՀ արտգործնախարար նշանակվել կամ անգամ վարչապետ: Բանն այն է, որ հենց Վիգեն Սարգսյանն էր այդ միջոցառումների գլխավոր համակարգողը, եւ բոլորին հայտնի էր, որ Սերժ Սարգսյանը նրա աշխատանքից շատ գոհ է մնացել: Վիգեն Սարգսյանին արտաքին գործերի նախարար կամ վարչապետ նշանակելու լուրերը ներկա իրավիճակում ֆանտաստիկայի ժանրից են, սակայն դրանց չի կարելի ամբողջությամբ արհամարհել, քանի որ այդ ամենի ներքո թաքնված են այն խորքային զարգացումները, որոնք ներկայումս ընթանում են ներիշխանական շրջանակներում:
Իրականությունն այսպիսին է. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները փաստացի կազմակերպել եւ ողջ գործընթացի պատասխանատվությունն իր վրա է վերցրել իշխանությունների, այսպես կոչված, երիտթեւը (տվյալ դեպքում խոսքն իշխանությունների կարենավագյանական ջահելների մասին չէ), կամ ինչպես ընդունված է ասել՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի թիմը: Ի դեպ, այս թիմը 2013-ի նախագահական ընտրությունները տապալելուց հետո կարեւոր գործընթացներից «հեռացված» էր: Միքայել Մինասյանի թիմն այժմ իր «100-ամյա հաջողություններով» ոգեւորված փորձում է երկրորդ քայլը կատարել եւ ստանձնել սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացը:
Իշխանական թեւերից այս պահին ազդեցիկ են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի թեւը, որը իր մեջ ներառում է, այսպես կոչված, տարեց ՀՀԿ-ականներին եւ իրենց հավերժ ջահելի դերում պահող կարենավագյանական տեսակին:
Այս երկու թեւերը այժմ պայքարում են՝ սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացի պատասխանատվությունը ստանձնելու համար: Սակայն առավել հավանական է, որ այդ մրցավազքում հաջողության կհասնի Միքայել Մինասյանի թիմը: Ինչո՞ւ, բացատրենք՝ որպեսզի Հովիկ Աբրահամյանի թիմն այդ գործառույթը ստանձնի, նա պետք է հրաժարվի վարչապետի պաշտոնից: Բայց այդ տարբերակն առավել քան վտանգավոր է, քանի որ Հովիկ Աբրահամյանը կարող է միանգամից ամեն ինչ կորցնել: Ուստի իշխանությունների երիտթեւում գրեթե համոզված են, որ սահմանադրական փոփոխությունների կազմակերպման գործընթացը Սերժ Սարգսյանն հենց իրենց է վստահելու: Ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների շտաբի պետը կլինի հենց Վիգեն Սարգսյանը:
Իշխանության երիտթեւում համոզված են, որ եթե իրենց հաջողվի այդ գործընթացը հաջողությամբ իրականացնել եւ զերծ մնալ լուրջ սկանդալներից, ապա 2016 թվականի գարնանը, երբ արդեն ամբողջ թափով կմեկնարկի «ժառանգորդ օպերացիան», հենց իրենք կլինեն իրավիճակի տերը: Ի դեպ, եթե Հովիկ Աբրահամյանի թեւը սահմանադրական փոփոխությունների ընթացքում փորձի ներքին կարգով խանգարել իր մրցակիցներին, ապա իշխանությունների երիտթեւին այդ հանգամանքն լիարժեք իրավունք կտա, որպեսզի նրանք տարեցներին «գահընկեց» անեն:
Հովիկ Աբրահամյանի թեւի միակ հույսը մնում են սահմանադրական փոփոխությունների դեմ արտահայտվող քաղաքական ուժերը, եւ եթե նրանց հաջողվի իշխանությունների երիտթեւի կյանքը պղտորել, ապա հետագա զարգացումներում ինքն իրավիճակը շտկելու հնարավորություն կունենա: Մի խոսքով, մինչ Հայաստանի ողջ հանրությունը փորձում է պարզել՝ էլէներգիան, ի վերջո, կթանկանա, թե ոչ, իշխանությունների թեւերն իրենց դիրքերն են վերադասավորում կարեւորագույն «ճակատամարտից» առաջ:
Հավելենք, որ ըստ լուրերի՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ է նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը եւս նախագահական մրցավազքին մասնակցելու հավակնություններ ունի:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ