Շանթ Հարությունյանը պատասխանել է օրեր առաջ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մեկնաբանությանը, թե Շանթ Հարությունյանի հայտարարությունը զրպարտություն է և հարված պետության հեղինակությանը :
«Լինելով հացադուլի մեջ՝ բավական ուշացումով ծանոթացա ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մերկապարանոց հայտարարություններին՝ ուղղված ինձ:Սովետական բռնապետության չեկիստին հատուկ ոճով հնչեցրած խոսքերը թույլ չեն տալիս ինձ լրջորեն անդրադառնալ այդ հարցազրույցին: Դա արհամարհանքի արժանի հարցազրույց է: Այնտեղ կա և սպառնալիք ու շանտաժ՝ ուղղված լրատվամիջոցներին, և սովետական չեկիստին բնորոշ գործելաոճ. չկարողանալով լուրջ հակաճառել այլախոհին՝ նրան հայտարարել հոգեկան հիվանդ և նման այլ մեթոդներ: Գորիկ Հակոբյանին թվում է, թե երկաթե վարագույրը ԿԳԲ-ի շուրջ դեռ գործում է: Այս թյուր վստահությունը նրա մոտ հիվանդագին է:
Այնուամենայնիվ, նշեմ, որ ինքն իրեն հակասել է՝ հայտնվելով անհեթեթ վիճակում: Սկզբում մեղադրում է ինձ, թե իբր ցանկանում եմ իմ անձի շուրջ աղմուկ բարձրացնել: Քիչ անց խոստովանում է, որ 2013 թվականից սկսած դիմումներ եմ գրել: Եթե դա անում էի աղմուկի համար, ապա ինչու այդ դիմումները դեռ 2013 թվականից մամուլում չէի հրապարակում: Հաջորդը. գրում է, որ իբր ես հրաժարվել եմ տեղեկություններ հաղորդել իրենց: Սա կեղծիք է ու սուտ, անազնիվ մարդու վարքագիծ:Արդարադատության նախարարը, ՀՀ Ոստիկանապետը ու էլի շատերը լավատեղյակ են, որ իմ դիմումներն ուղղված թե Արզուման Հարությունյանին, թե հենց Գորիկ Հակոբյանին, մնացել են անպատասխան:
Այսինքն, Գորիկ Հակոբյանը ոչ միայն անազնիվ ու ստախոս է, այլև ամոթի զգացումից զուրկ, քանի որ ինքը լավ գիտի, որ վերը նշյալ պաշտոնյաները տեղյակ են, որ ինքն անազնիվ հայտարարություն է անում, եւ դա անում է առանց ամաչելու: Այսինքն, շատ պետական պաշտոնյաներ իմացան, որ ՀՀ ԱԱԾ-ը ղեկավարում է ստախոս, անազնիվ ու ամոթի զգացումից զուրկ մեկը: Սրանից ավելի ոչ ոք և ոչինչ չի կարող վարկաբեկել Հայաստանն ու Ազգային անվտանգության ծառայությունը:Վերջում նշեմ նաև, որ ես գիտակցում եմ սուտ մատնության մեղադրանքը ու պնդում եմ, որ Գորիկ Հակոբյանն ու Արզուման Հարությունյանը հայրենիքի դավաճան են, Ադրբեջանի գործակալներ:
Հարգելի ընթերցող, պնդում եմ, որ նրանք չունեն այնքան քաջություն, որ իմ նկատմամբ հարուցեն մեղադրանք, քանի որ դատարանում նրանց դավաճան լինելը կհանրայնացվի: Եթե նրանք չվախենային բացահայտվելուց, վաղուց էին ինձ այդ հոդվածով դատել: Չէ՞ որ նրանք ոչ հումանիստ ու գթասիրտ են, ոչ էլ իմ հորեղբոր որդիները: Նրանք նույնիսկ իմ ու ընկերներիս մեղադրանքը փոխեցին, որպեսզի իմ 14 տարեկան որդուն ենթարկեն հաշվեհարդարի: Այնպես որ, Գորիկ Հակոբյան, հայ հասարակությունը սա լավ հիշում է: Իսկ դուք այնքան վախկոտ եք, որ չեք համարձակվի իմ դեմ սուտ մատնության մեղադրանք ներկայացնել, ինչին ես անհամբեր կսպասեմ: Չեք համարձակվի, որովհետև դուք գիտեք, որ ես տեղյակ եմ Ձեր Ադրբեջանի գործակալ լինելու մասին:
Շանթ, 01.07.2015 թ.»