«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ռուսական Интер РАО ընկերության դուստր կազմակերություն) վնասը 2014 թ-ին սակագնային կարգավորման թերացումների պատճառով աճել է 8 տոկոսով և կազմել 10.7 մլրդ դրամ։ Այս մասին հայտարարել է Интер РАО-ի ղեկավար խորհրդի անդամ, ռազմավարության և ներդրումների բլոկի ղեկավար Իլնար Միրսիյապովը, հաղորդում է ТАСС-ը։
«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում ՀԷՑ-ին եկամուտ և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ հավելելով, որ ՀԷՑ-ի սակագնային շահույթը վերջին հինգ տարիներին նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50 %-ից հասնելով 23-ի։
«Դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից ստացվող լրացուցիչ եկամուտները ստացել են այլ ընկերություններ։ Եվ սակագնի աճի 73 %-ը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին»,- նշել է Միրսիյապովը։
Նրա խոսքով, ՀԷՑ-ն իր վրա է կրում գլխավոր ռիսկերը և առաջացող դիսբալանսները, ինչը բերել է 2012 թ-ից սկսված ամենամյա վնասների:
Արդյունքում` ՀԷՑ-ը ստիպված է լինում վարկ վերցնել, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։
«2015թ-ին բացասական միտումը շարունակվում է»,- ասել է Միրսիյապովը: