Տեղյակ եմ և ցավում եմ, որ Թևոսի հետ այդպիսի դեպքեր են տեղի ունենում, ցավում եմ: Armlur.am-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի՝ կայարանցի Թևոսիկի հետ հարաբերություններին, այս մասին նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:
«Ես Թևոսին ճանաչում եմ շատ վաղուց, շատ-շատ վաղուց: 2005-ին ունեցել ենք հնարավորություն գործարք իրականացնել, որին փորձ կատարվեց խոչընդոտել: Ովքեր փորձեցին խոչընդոտել, նրանք պատժվեցին օրենքով, նրանց նկատմամբ կա դատարանի ուժի մեջ մտած վճիռ: Նրանք ովքեր խոչընդոտում էին Թևոսին այդ գործարքն իրականացնելուն գործում են օրենքից հակառակ նրանց նկատմամբ: Կա դատարանի ուժի մեջ մտած որոշում, բայց դրանից հետո, բնական է այլևս բիզնես-հարաբերություններ չունենք: Կրկնում եմ ՝ ցավում եմ, որ նրա հետ այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել», – հավելեց նա:
Ավելորդ չենք համարում նշել, որ Թևոսիկը հանցագործ աշխարհի այն ներկայացուցիչներից է, ով բազում իշխանավորների հետ կապերի մեջ է եղել, շատ բան գիտի: Այս իմաստով հիշարժան են 2004 թ. օգոստոսի դեպքերը, երբ կալանավորված Թևոսիկին ազատ արձակելու համար միջնորդել էին ԱԺ որոշ պատգամավորներ: Այն ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանն ու ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը գժտվել էին համատեղ բիզնեսի՝ գազի լիցքավորման կայանի համար, և Խոսրով Հարությունյանը Թևոսիկին էր վաճառել իր որդու անունով ձևակերպված 25 տոկոս բաժնեմասը, ինչի հետ համաձայն չէր Մեխակ Գաբրիելյանը:
Բանն ավարտվեց ծեծով: Թևոսիկի 10-12 «տղաները» ներխուժել էին գազալցակայան և ծեծի ենթարկել Մեխակ Գաբրիելյանի որդիներին: Իսկ Խոսրով Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը), մի քանի այլ պատգամավորներ միջնորդեցին ազատ արձակել Թևոսիկին: Հայտնի է, որ սույն քրեական հեղինակությունը կապեր է ունեցել նաև ԱԱԾ որոշ պաշտոնյաների, Մհեր Սեդրակյանի հետ:
Իսկ 2011-ին մամուլում վարկած պտտվեց, թե նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն աջակցում էր Թևոսիկի բիզնեսին, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Արտակ Շաբոյանը, որը մոտ 100 մլն դրամ տուգանել էր Թուրքիայից ներմուծումներ կատարող 4 ընկերությունների, վարչապետի հրահանգն է կատարում` ճանապարհ հարթելով Թևոսիկի համար, ով այս բիզնես դաշտում հաստատվելու փափագ ունի: Ինչ ծառայություններ էր մատուցում քրեական հարուստ կենսագրության տեր Թևոսիկը հայ իշխանավորներին, գիտեն միայն իրենք:
Չի բացառվում, որ Թևոսիկի «իմացությունները» նրան վտանգավոր են դարձնում շատերի համար:
Արփինե Թովմասյան