Երեկ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որով ընդդիմադիր պատգամավորներին կոչ էր արել վայր դնել իրենց մանդատները: Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հետ ՝պարզելու նրա վերաբերմունքը նշված կոչին:
Վերջինս նշեց, որ անլուրջ է վերաբերվում այս հայտարարությանը: «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում դա: Եթե ինձ ժողովուրդը ձայն է տվել, գնացել եմ խորհրդարան, Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել և մեզ խորհրդարան է ուղարկել: Այդ ի՞նչ հայտարարություն է», -վրդովվեց նա:
Մեր այն դիտարկմանը, թե պատրա՞ստ եք մանդատը վայր դնել, Բիշարյանը հայտարարեց՝ պատրաստ չէ, հավելելով, որ իր խմբակցությունը ժողովրդի ձայնով է մտել Ազգային ժողով և չի կարող արհամարհել այդ ժողովրդի ձայնը մի անձնավորության հայտարարությամբ:
«Այսինքն դրա հայտարարությունը ո՞րն է, ի՞նչ տրամաբանություն կա այդ հայտարարության մեջ: Ես մի քանի հազար, տասնյակ հազարավոր մարդկանց ձայնը այնքան եմ հարգում, և աշխատում եմ գոհացնել այն քաղաքացիներին, որոնք ինձ վստահել են աշխատել խորհրդարանում: Ես այդ մարդկանց դեմ եմ պատասխանատու»,- եզրափակեց նա:
Արփինե Թովմասյան